482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մերձավոր Արևելքից քրիստոնյաների նպատակաուղղված դուրսմղումը 1915թ.–ի ցեղասպանության շարունակությունն է
18:09
18 Մարտի 2015

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հունվարի կեսին ԵԱՀԿ Մշտական խորհրդի` այս տարվա առաջին նիստում ընդունեց հռչակագիր, որում դատապարտեց Ֆրանսիայում կատարված ահաբեկությունները և հաստատեց խոսքի ազատության սկզբունքը` որպես մարդու հիմնարար իրավունք։ Ո՞րն է խոսքի ազատության և հավատացյալների կրոնական զգացումների միջև սահմանը, ի՞նչ առաջխաղացումներ են նկատվում միջկրոնական հարաբերություններում, ի՞նչ վիճակում է քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ 

Նովոստի–Արմենիա – Պարոն Խաչատրյան, այսօր աշխարհում ի՞նչ առաջխաղացում է նկատվում միջկրոնական հարաբերություններում։

Վ.Խաչատրյան – Տեկտոնական փոփոխությունները, որոնք, ինչպես մենք սովոր ենք կարծել, կատարվում են տասնամյակների ընթացքում, այսօր ավելի հաճախ են լինում, ընդ որում` դրանք որակապես և քանակապես տարբերվում են նախորդներից։ Հասարակությունն ուշացումով է արձագանքում այդ փոփոխություններին, որովհետև դրանք մարդու համար հաճախ դժվարընկալելի են։ Նախևառաջ, պետք է ուշադրություն դարձնել, որ իսլամական աշխարհում ընթացող գործընթացներն ակնթարթային անջատ երևույթներ չեն։ Իսլամը ծագել է որպես կրոնական միավորում, որպես կրոնական հանրություն, որը զավթում է նորանոր տարածքներ ոչ միայն խոսքով, այլ նաև սրով։ Սա սարսափելի էներգիայի արտանետում է, որը վերջին երեք հարյուրամյակի ընթացքում սեղմվել էր գաղութային լծի ճնշման տակ։ Մահմեդականությունը կրոն է, որը մշտապես ձգտել է համաշխարհային տիրակալության և ստեղծվել է այդ նպատակով։ Արևմուտքի այն փոփոխությունները, որոնք հանգեցրել են արդյունաբերական նոր պետությունների ստեղծման, պատճառ են դարձել, որ իսլամական երկրները հայտնվեն արևմտաքրիստոնեական քաղաքակրթության լծի ներքո։ Եվ այսօր նրանք բացահայտ դրա դեմ են հանդես գալիս։

Նովոստի–Արմենիա – Ո՞րն է Եվրոպայի հռչակած խոսքի ազատության և հավատացյալների կրոնական զգացումների միջև սահմանագիծը։

Վ.Խաչատրյան – Երբ մենք խոսում ենք խոսքի ազատության մասին, ապա ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է այլ ժողովուրդների և կրոնների ազատությունը։ Անտեսել դա, քողարկելով խոսքի ազատությամբ, անհեթեթություն է։ Երբ դու վիրավորում ես սոցիումներին, ապա պետք է պատրաստ լինես պատասխան ստանալուն։ Այլ բան է, որ Ֆրանսիայում նման վարքն անընդունելի է։ Բայց ես անձամբ ինձ վիրավորված եմ զգում այն ծաղրանկարներով, որոնք արվել էին, այդ թվում, քրիստոնեական արժեքների շուրջ։ Երբ այսօր մենք խոսում ենք արժեքների մասին, որոնք կարող են վերադարձնել տարբեր հասարակությունների համագոյակցությունը, չպետք է մոռանանք, որ դրանք մշակվել են հազարամյակների ընթացքում։ Չի կարելի պարզապես ստեղծել մի նոր արժեհամակարգ, որն անխափան է աշխատելու։ Անհնար է։

Նովոստի–Արմենիա – Ո՞րն է Փարիզի ահաբեկությունների և «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության միջև կապը քրիստոնեության և իսլամի հարաբերությունների համատեքստում։

Վ.Խաչատրյան – Սկզբունքորեն շատերը կարծում էին, որ այդ ահաբեկությունները կատալիզատորի դեր կխաղան և իսլամական ապստամբությունների ալիք կբարձրացնեն եվրոպական երկրներում։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ մահմեդականները վախի մեջ են ապրում Եվրոպայում։ Նրանք նույնիսկ չեն գնում մզկիթ` հասկանալով, որ կարող են լինել բռնության հանկարծակի բռնկումներ։ Ամեն ամիս ԻՊ տարածք են մեկնում գիտնականների, իրավագետների, իսլամագետների խմբեր` ալ Ազհար հոգևոր ակադեմիա–համալսարանից (աշխարհի հնագույններից մեկը, այն նաև մահմեդական առավել հեղինակավոր հոգևոր ակադեմիա–համալսարանն է)։Նրանք, որքան էլ զարմանալի է, արդարացնում են այն, ինչ կատարվում է այնտեղ ։ Դա խոսում է միայն այն մասին, որ այնտեղ կատարվող իրադարձությունները դասական իսլամի հունով են ընթանում, քանի որ ալ Ազհարը մահմեդականության համալսարանական կրթական կենտրոն է։

Թեև Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդուլ–Ֆաթահ Հալիլ Աս–Սիսին, ելույթ ունենալով ալ Ազհարում, հայտարարել է այդ դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտության մասին, չէ՞ որ դա վերջիվերջո կարող է շրջվել հենց Եգիպտոսի դեմ։ Ըստ նրա, եգիպտացի մահմեդականներն իրավունք չունեն ասելու, որ հղի կանանց գնդակահարումն ԻՊ–ում համապատասխանում է իսլամի նորմերին։ Չի կարելի չնկատել, որ իսլամիստների ազդեցությունը տարածվում է և՛ Ադրբեջանի վրա,  և՛ Վրաստանի վրա, որտեղ մահմեդականներ են ապրում, և՛ Հյուսիսային Կովկասի վրա։ Թուրքիայում նրանք բարեկամություն են անում գրեթե բոլոր թարիկատների (մահմեդական եղբայրությունների) հետ։ Այդ ամենին չի կարելի մատների արանքով նայել։ Վաղ թե ուշ կրակի լեզուները կարող են մեզ էլ հասնել։ ԻԼԻՊ–ը բազմիցս հայտարարել է, որ հիմնական նպատակներից մեկը նաև Հայաստանն է։

Նովոստի–Արմենիա – Կարելի՞ է խոսել Մերձավոր Արևելքից քրիստոնյաներին նպատակաուղղված դուրսմղելու մասին։

Վ.Խաչատրյան – Այո, և դա ոչ միայն քրիստոնյաների նպատակաուղղված դուրսբերում է Մերձավոր Արևելքից, այլ 1915 թվականի Ցեղասպանության շարունակությունն է։ Որովհետև մարդկության պատմության վերջին 300 տարիների ընթացքում դա միակ ցեղասպանությունն է, որտեղ բնաջնջման քաղաքականությունը չի դատապարտվել, իսկ մեղավորները ոչ մի պատիժ չեն կրել։ Այդ ամենը նոր ցեղասպանություններ է խթանում։

Ամեն անգամ եվրոպական երկրները խոսում են, որ քաղաքակրթությունն անցել է զարգացման այլ մակարդակի, և դա չի կարող կրկնվել։ Սակայն ցեղասպանության քաղաքականություն է տարվել և՛ հույների, և՛ եզդիների, և՛ քրիստոնյա արաբների դեմ, և անպատիժ է մնացել։ Իսկ ո՞վ է ասել, որ դրանից հետո դրան կրկին չեն վերադառնա։ Այժմ, սկզբունքորեն, ԻԼԻՊ–ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում և դրանցից դուրս ցեղասպանություն է կատարվում։ Վերջերս Լիբիայում սպանեցին եգիպտացի քրիստոնյաների միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են։ Արդյո՞ք ցեղասպանության շարունակություն չէ։ Ինչ վերաբերում է Եվրոպային (Ալբանիա, Բոսնիա), ապա այստեղ իսլամական արմատականների ակտիվացումը դժվար թե հնարավոր լինի։ Եվրոպական կառույցները քայլեր են ձեռնարկում իրենց տարածքում անվտանգություն ապահովելու ուղղությամբ։ Եվրոպայում մահմեդականությունը սահմանափակվելու է եվրոպական օրենքներով։ Եվրոպական ազգերը միաբանվել են եթե ոչ իրենց կառավարությունների, ապա գոնե իսլամի դեմ։

Նովոստի–Արմենիա – Իսկ որո՞նք են լինելու քրիստոնեությունը ճնշելու քաղաքականության հետևանքները, արդյո՞ք Եվրոպան պատրաստ կլինի դրան համարժեք պատասխան տալ։

Վ.Խաչատրյան – Այսօր եվրոպական երկրների բնակչության հավելաճն ավելի բարձր է, քան 3-4 տարի առաջ։ Դա, նախևառաջ, կապված է Եվրոպայի մահմեդականացման գործընթացի գիտակցման հետ։ Ավելի վաղ սոցիալ–դեմոկրատական կուսակցությունները հայտարարում էին, որ երկու սերունդ անց մահմեդականները կձուլվեն, բայց ստացվեց, որ նրանք նույնիսկ չեն ամուսնանում եվրոպականացված մահմեդական կանանց հետ, այլ բերում են նրանց իրենց հայրենիքից։ Գերմանիայում թուրքերն ամուսնանում են Թուրքիայի մահմեդական թրքուհիների հետ։ Արաբները նույնն են անում` հավատարիմ մնալով սեփական արժեհամակարգին։ Լոնդոնում բանը հասել է նրան, որ տաբատով կամ կարճ կիսաշրջազգեստով աղջիկները չեն կարող զբոսնել այն տարածքներով, որտեղ ապրում են մահմեդականները, նրանց ցրում են հասարակական պարեկախմբերը, որոնք բաղկացած են հենց մահմեդականներից։ Այսօր, ճիշտ է, իշխանությունները կոշտ քայլեր են ձեռնարկում։ Վերջերս ելույթ է ունեցել արքայազն Չարլզը, ով նաև խոսել է Անգլիայում արմատականության աճի և այդ երևույթի տարածման դեմ քայլեր կատարելու անհրաժեշտության մասին։

Նովոստի–Արմենիա – Ինչպե՞ս պետք է արձագանքեն այդ գործընթացներին Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանը։

Վ.Խաչատրյան – Հայ առաքելական եկեղեցին կարող է ստեղծել մահմեդական և քրիստոնյա առաջնորդների շփման ֆորում, դառնալ երկխոսության հարթակ օտարանալու կամ հակադրվելու փոխարեն։ Այդ իմաստով Հայաստանը և ՀԱԵ–ն կարող են շատ բանի հասնել։ Հայկական եկեղեցին միջնորդի որոշակի դեր է խաղում երկու` իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների միջև, և այդ կարևոր հանգամանքը մենք պետք է օգտագործենք։

Նովոստի–Արմենիա – Կա՞ որևէ վիճակագրություն, որը վերաբերում է համաշխարհային կրոնների հետևորդների թվին։

Վ.Խաչատրյան – Այսօր քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոն է 2 միլիարդ հետևորդներով։ Տարբեր գնահատականներով, մահմեդականություն դավանող հավատացյալների թիվը կազմում է շուրջ 1.5 մլրդ։ Կարծում եմ` այդ թիվը մի փոքր ավելացված է։ Իմ կարծիքով, նրանց թիվը կազմում է  առավելագույնս 1.35 մլրդ, թեև դա նույնպես մեծ թիվ է։ Շուրջ 600 մլն էլ կազմում են բուդդիստները, բայց այստեղ հաշվի չի առնվում Չինաստանը` տվյալներ չկան։ Այսպիսով, իսկական թիվը հայտնի չէ։

Քրիստոնյաների կողմնակիցների աճը շարունակվում է և՛ Աֆրիկայում, և՛ Հարավային Ամերիկայում։ Վերջին տասնամյակներին քրիստոնեության հետևորդների թվի կտրուկ աճ էր նկատվել հետխորհրդային տարածքում։ Այնքան էլ լավ չեն գործերը Հռոմում, բայց կաթոլիկները, միևնույն է, շատ են, հատկապես Հարավային Ամերիկայում։ Ներկայիս Պապն ընտրվել է լատինաամերիկյան երկրներից հենց այն պատճառով, որ այնտեղ կաթոլիկություն ընդունել ցանկացողների անհավանական աճ էր գրանցվել։ Աֆրիկայում քրիստոնեական եկեղեցիներին հաջողվել է դադարեցնել իսլամի առաջխաղացումը դեպի հարավ։ ԱՄՆ–ի սևամորթների սոցիումներից դեպի Աֆրիկա տեղափոխված քրիստոնեական ճյուղերին հաջողվել է կանգնեցնել այնտեղ իսլամը։ Ճիշտ է, այնտեղ Բոկո Հարամի (արմատական նիգերիական իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն) հետ կապված դրամատիկ զարգացումներ են նկատվում, բայց կարծում եմ, որ միաբան քրիստոնեությունը ամենահզոր ուժն է երկրի վրա, և դրա հետևում են կանգնած շատ զարգացած երկրներ։ Իսկ ինչ վերաբերում է գիտական և տեխնիկական ներուժին, ապա այդ իմաստով մահմեդականությունը հետ է մնում 100-200 տարով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։