480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Գասպարյան. Մենք բարիկանդների կոչ չենք անում, մենք տեղեկատվություն ենք տրամադրում
13:54
05 Նոյեմբերի 2014

Երկուշաբթի 106.0 FM հաճախականությամբ սկսել է եթեր հեռարձակվել նոր տեղեկատվական-վերլուծական ռադիոկայան, որը «Գոլոս Ռոսիի»-ի և «Նովոստի-Արմենիա» գործակալության համատեղ նախագիծն է: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նոր ռադիոնախագծի ծրագրերի և խնդիրների, թիրախային լսարանի և աշխատանքի սկզբունքների մասին հայտնել է  «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ Մերձավոր արտասահմանի երկրների տնօրինության` ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի ռադիոհաղորդավար, գրող և հրապարակախոս Արմեն Գասպարյանը

«Նովոստի-Արմենիա» - Պրն. Գասպարյան, Հայաստանի գրեթե բոլոր ռադիոկայանները ժամանցային են: Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է տեղեկատվական-վերլուծական ռադիոկայանը լսարան գրավել: Հնարավո՞ր է, արդյոք, սերմանել  այդ մշակույթը:

Ա. Գասպարյան – Հնարավոր է և պետք է: Քսան տարի առաջ Մոսկվայում FM շուկայում գործում էին միայն երաժշտական ռադիոկայաններ, որտեղ ողջ տեղեկատվությունը մշակութային ծանուցումներ կամ գովազդ էր: Սակայն տարիների ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում ձևավորվեցին մի խումբ տեղեկատվական կայաններ, որոնք վայելում են լսարանի վստահությունը: Ես պատճառներ չեմ տեսնում, որպեսզի այդպես չլինի նաև Հայաստանում, ավելին՝ գործընկերներս պատմել են, որ հայկական հասարակությունը բավականին իրազեկված է, հետաքրքրվում է երկրում և աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներով: Ռադիոյից ավելի լավ միջոց չկա օբյեկտիվորեն տեղեկատվություն տրամադրելու այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում հիմա, այս րոպեին: Սա զանգվածային լրատվության ամենաօպերատիվ միջոցն է: Կա հիանալի տեղեկատվական գործակալություն՝ «Նովոստի-Արմենիա»-ն, ռադիոյի հետ միասին կրկնակի արդյունք կլինի: Դա միանգամայն հստակ է։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն կլինի նոր ռադիոյի լսարանը:

Ա. Գասպարյան – Մենք պետք է հասկանանք, որ տեղեկատվական-վերլուծական ռադիոկայանի լսարանը, որպես կանոն, 25-ից բարձր տարիքի մարդիկ են, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, հետաքրքրվում են օրակարգում առկա քաղաքական, տնտեսական հարցերով: Սակայն Ռուսաստանում անցած 20 տարվա ընթացքում լսարանը շատ է երիտասարդացել: Ինձ թվում է, որ Հայաստանում էլ գրեթե այդպես կլինի: Միայն այդ գործընթացը զգալիորեն արագացված կլինի, քանի որ մենք դատարկ ձեռքով չենք ներկայանում, արդեն բավականին փորձ ունենք՝ Մոսկվայի փորձը, այս դեպքում, որպես ռադիոյի արտադրող, և այստեղ աշխատող մեր գործընկերների փորձը: Նրանք գիտեն շուկան, ավելին՝ գոյություն ունի «Նովոստի-Արմենիա» գործակալության 9-ամյա փորձը: Այսինքն, այն պահերը, որոնք գուցե կոնտենտին ընտելանալու առումով դժվարություններ կառաջացնեն լսարանի մոտ, մենք պարզապես նախօրոք ենք հաշվարկել։

Կարծում եմ, որ լսարանը զգալիորեն կերիտասարդանա, այսինքն՝  այն մարդիկ, ովքեր սովոր են տեղեկատվություն ստանալ ռադիոյից, նրանք, փառք Աստծո, միշտ կան, նրանց համար դա գերակայություն է կյանքում, սակայն կհայտնվեն նաև երիտասարդներ: Լրագրությունը շատ է երիտասարդացել, ես մինչև վերջ ծանոթ չեմ հայկական շուկային, սակայն Ռուսաստանի մասին կարող եմ ասել, որ ի հայտ է եկել իսկապես շատ տաղանդավոր մարդկանց նոր սերունդ, նրանք այս ամենին արդեն այլ դինամիկա են հաղորդում:

Կարծում եմ, որ Հայաստանում նույն կերպ կլինի: Պարզապես պետք է որոշ  ժամանակ անցնի, երբ գործընկերները կսովորեն, որ ռադիոն գործարկվել է: Առաջին օրից, առաջին ամսից հետո շատ դժվար է եզրահանգումներ անել, սակայն այն, որ մարդիկ արդեն սկսել են եթեր զանգահարել, դրական դինամիկա է: Իսկապես, շատերը զանգահարեցին, շնորհավորեցին գործարկման կապակցությամբ: Դա նշանակում է, որ տեղեկատվական ռադիոն պահանջված է, մենք պետք է առաջինը լինենք և կլինենք առաջինը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հանրապետության առանցքային տեղեկատվական գործակալությունն է, առանցքային կլինի նաև ռադիոն:

«Նովոստի-Արմենիա» - Այսօր տեղեկատվական ռադիոկայանների թվում իր լսարանն ունի Ազատության ռադիոկայանի հայկական ծառայությունը, այն հիմնականում միտված է ընդդիմադիր ընտրազանգվածին: Ի՞նչն է շեշտադրելու «Նովոստի-Արմենիա»-ի և «Գոլոս Ռոսիի»-ի նոր ռադիոնախագիծը:

Ա. Գասպարյան - Մենք, նախևառաջ, բարիկադների կոչ չենք անում, մենք տրամադրում ենք տեղեկատվություն, վերլուծություն, ներկայացնում ենք, թե ինչ են մտածում հայտնի փորձագետները այս կամ այն խնդրի շուրջ, շփվում ենք լսարանի հետ, մեզ հայտնի է նրա տեսակետը: Ազատություն ռադիոկայանը միշտ ներկայացել է որպես ընդդիմադիր: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ամբողջովին Ազատություն ռադիոկայանի բազմամյա պատմության տրենդի մեջ է: Մենք ասում ենք, որ տեղեկատվական-վերլուծական կայան ենք, ունենք տեղեկատվություն, վերլուծություն: Սա ռադիո է մտածող մարդկանց համար, քանի որ անհնար է գլուխ հանել գործընթացից, եթե ծանոթ չես նրբություններին: Ինչպես ինձ ասել են շուկայի գործընկերները, հանրապետությունում նմանատիպ կոնտենտով ռադիո, ըստ էության, չկա։ Այժմ մենք այն գործարկում ենք:

«Նովոստի-Արմենիա» -Մրցակցություն սպասու՞մ եք հայկական ռադիոտարածքում:

Ա. Գասպարյան – Ազատություն ռադիոկայանն ունի իր տեղը, մենք` մերը: Մրցակցություն, ամեն դեպքում, կլինի, քանի որ շուկայում գործող ցանկացած տեղեկատվական կայան մեր մրցակիցն է, սակայն մենք, նախևառաջ, հետևում եք մեր արածին: Ցանկացած ռադիոպրոֆեսիոնալ շատ լավ հասկանում է, թե ինչից և ինչպես է ստեղծվում Ազատություն ռադիոկայանի կոնտենտը, անիմաստ է միշտ դիմել դրան: Մենք տրամագծորեն այլ պրոդուկտ ենք անում, մենք տրամադրում ենք օպերատիվ տեղեկատվություն, վերլուծում ենք այն բոլոր կողմերից:

«Նովոստի-Արմենիա» - Անշուշտ, Ռուսաստանի կողմից հայկական մեդիաշուկան մենաշնորհայնացնելու փորձերի մեղադրանքներ կհնչեն: Ի՞նչ կասեք այս մասին:

Ա. Գասպարյան – Իրականում ես ոչ մի նման բան չեմ տեսնում: Ես արդեն կարդացել եմ ռուսների գալու մասին, սակայն այստեղ առանցքային պահեր կան: Առաջինը` սա ռադիոկայան է, որտեղ աշխատում են հայտնի հայ լրագրողներ, չկա Մոսկվայից եկած դեսանտ, որն ասում է. - «Հիմա մենք ձեզ կսովորեցնենք սիրել Հայրենիքը և կպատմենք` ինչպես է պետք ամեն ինչ անել»: Այստեղ աշխատում են տեղի լրագրողներ, որոնք շատ հայտնի են հանրապետության բնակիչներին իրենց բազմամյա գործունեությամբ, նրանք ունեն իրենց լսարանը, որը վստահում է նրանց: Երկրորդ պահը վերաբերում է էքսպանսիային Հայաստանի տեղեկատվական շուկայում: Մենք պետք է հասկանանք, որ կայանը հեռարձակվում է հայերենով: Սա առանցքային պահ է. էքսպանսիան երբեք չի իրականացվում տվյալ երկրի ազգային լեզվով, որպես կանոն, էքսպանսիան որևէ հարցի շուրջ սեփական հայացքները պարտադրելու և հետագայում դա խորացնելու փորձ է: Այստեղ մենք տրամագծորեն այլ գործընթաց ենք տեսնում: Երրորդը՝ գաղտնիք չէ Ռուսաստանի և Հայաստանի սերտ, բազմադարյա բարեկամությունը: Քաղաքականության, տնտեսության, մշակույթի ոլորտում մենք ունենք կնքված և գործող միջկառավարական երկկողմանի բազմաթիվ պայմանագրեր:

Էքսպանսիա չկա, այլ տեղեկատվական դաշտում բացը լրացնելու ցանկություն կա: Այստեղ ոչ մի վատ բան չկա։ Առաջին եթերը եղավ, մարդիկ կարող էին լսել, բոլորը տեսան, որ մենք ոչ մեկի ոչ մի  տեղ գնալու կոչ չենք անում, մենք տրամադրում ենք այն տեղեկատվությունը, այն օրակարգը, որը կարևոր է Հայաստանի համար:

Այո, բնական է, որ լրատվական վերլուծական թողարկումներում արտացոլվելու է նաև Ռուսաստանի տեսակետը օրակարգի առանցքային հարցերի շուրջ, սակայն չէ՞ որ այն շատ հարցերում չի հակասում հայկական հայացքներին:

Շատ գործընկերներ բողոքում էին, որ 90-ականներին Ռուսաստանն ինչ-որ չափով մոռացել էր Հայաստանի մասին, և համարեք, որ մենք հիմա լրացնելու ենք այդ բացթողումը:

«Նովոստի-Արմենիա» - Կշարունակվի՞ ռուսերեն հեռարձակումը: Չէ՞ որ «Գոլոս Ռոսիի»-ի հեռարձակումն իր դերակատարությունն ուներ Հայաստանում ռուսերենի պահպանման և աջակցության գործում:

Ա. Գասպարյան- «Գոլոս Ռոսիի»-ին մեդիաշուկայից ոչ մի տեղ չի հեռանում: Նույն հաճախականությամբ՝ 106,0 FM, «Գոլոս Ռոսիի»-ի և «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական գործակալության համատեղ նախագծից բացի, կիրականացվի ռուսերեն հեռարձակում Մոսկվայից: Դա կլինի տեղեկատվություն, վերլուծություն, մշակույթ, ճանաչողական, բանավիճային ծրագրեր: Այդ պատճառով ռուսերենի հետ կապված ոչ մի խնդիր այս տեսակետից չպետք է ծագի: Գործընկերները պատմել են, որ ունկնդիրներ են զանգել և մտավախություն հայտնել՝ չի՞ կորչի, արդյոք, ռուսաց լեզուն: Ոչ, չի կորչի: Սա համատեղ պատմություն է, այժմ մենք ներկա ենք նրա ծննդին: Այն կզարգանա, անշուշտ, այն լավը, որ եղել է, ոչ մի տեղ չի անհետանա, ոչ ոք դա արմատախիլ չի անի։ Մենք ցանկանում ենք անել լավ, որակյալ պրոդուկտ, որը հետաքրքիր կլինի առավելագույն թվով մարդկանց համար:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը տեղեկատվական տեսակետից բավարա՞ր չափով է ակտիվ  հետխորհրդային տարածքում:

Ա. Գասպարյան - Իհարկե, անելու բան կա, քանի որ 90-ականների հետ կապված մեծ խնդիր գոյություն ունի, երբ ամեն ինչ փլուզվեց: Ռուսաստանը մի պահ դադարեց ինչ-որ բանով զբաղվել՝ մխրճվելով սեփական ներքին քաղաքական և տնտեսական խնդիրների մեջ: Այդ ժամանակն ավարտվեց, և այն, որ Ռուսաստանը պատրաստ է խոսել և ապացուցել իր տեսակետը, փաստ է: Այստեղ կարևոր է սեփական տեսակետը պաշտպանելու պատրաստակամությունը չշփոթել տեղեկատվական պատերազմի հետ: Սա ամենատարածված սխալներից է: Ռուսաստանը տեղեկատվական պատերազմներ չի մղում: Տեղեկատվական պատերազմն այն է, երբ  ամեն ինչ թույլատրելի է: Կարելի է միայն բացել ուկրաինական հրատարակությունները և հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տեղեկատվական պատերազմը մաքուր տեսքով: Համեմատեք դա այն կոնտենտի հետ, որը ներկայացվում է 106,0 հաճախականությամբ Մոսկվայից: Դա ի՞նչ տեղեկատվական պատերազմ է. դա պարզապես նորություններ են և վերլուծություն: Նույնը Հայաստանում է: Գուցե այստեղ ոմանք չհամաձայնեն մեր հաղորդավարների հետ, և դա, ի դեպ, լավ է, դա բազմակարծություն է, այն նույն քաղաքացիական երկխոսությունը, երբ լսարանը վիճում է իր լրագրողների հետ:

Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք լսել ձեզ, վիճել ինչ-որ հարցերի շուրջ: Այս տեսակետից մենք միանգամայն բաց ենք: Հենց որ ունկնդիրներին ուղիղ եթեր մտցնելու հնարավորություն լինի, ցանկացած մարդ կարող է դա անել: Իսկ տեղեկատվական պատերազմում արգելափակվում են բոլոր խողովակները, բացի  սեփական տեսակետից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։