482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Նիկիտին. «Պետք չէ մտածել, թե ինչ–որ մեկը խանգարում է Հայաստանի եվրասիական ինտեգրմանը»
18:37
07 Հուլիսի 2014

Որո՞նք են հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումների զարգացման հեռանկարները, ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի ՀԱՊԿ–ն, կատարե՞լ է, արդյոք, ԱՊՀ–ն իր առաքելությունը և ինչու՞ է հետաձգվում ԵՏՄ–ին Հայաստանի միացման գործընթացը։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ Ալեքսանդր Նիկիտինը։

«Նովոստի–Արմենիա». Պարոն Նիկիտին, ձեր կարծիքով ՀԱՊԿ–ն կատարու՞մ է իր առջև դրված խնդիրները։ Հայաստանում այս կապակցությամբ տարբեր կարծիքներ են հնչում։

Ա.Նիկիտին. Ցանկացած միջազգային կազմակերպություն ունի գործունեության ընդամենը երեք չափում` քաղաքական, տնտեսական և ռազմական։ Նախկինում ԱՊՀ–ն փորձում էր բոլոր երեք չափումները կենտրոնացնել մեկ կազմակերպությունում։ Այժմ տնտեսական չափումը զգալի չափով ստանձնել են Եվրասիական միությունը և ԵվրԱզԷս–ը, իսկ քաղաքականն անցել է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, իսկ միակ կազմակերպությունը, որը լրջորեն զարգացնում է երրորդ չափումը, ՀԱՊԿ–ն է։ Այն այդպիսով դարձել է ԱՊՀ ժառանգորդը ռազմաքաղաքական ինտեգրման գործում, ու իմ կարծիքով, այդ ինտեգրումը բավականին հաջող է իրականացնում։

Որոշակի հակասություն կա հենց ՀԱՊԿ–ի զարգացման հարցում նոր մարտահրավերների հետ աշխատանքի ուղղվածության և պետությունների հին, միասնական ռազմական ենթակառուցվածքի վերստեղծման ուղղվածության միջև ։ Սա այլ ուղղություն է։ Առհասարակ ՀԱՊԿ–ն պետք է կողմնորոշվի, թե այդ ուղղություններից որու՞մ է զարգանալու։ Փորձել միավորել ամբողջ հրետանին, անդամ երկրների բոլոր տանկերը` դա մի մոտեցում է։ Դա վերածում է ՀԱՊԿ–ն ռազմական դաշինքի, ինչպես, օրինակ, այլ հայտնի դաշինքներն են, ասենք` ՆԱՏՕ–ն։ Կամ էլ ընթանալ այլ ուղղությամբ (որով էլ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ–ն զարգանում է ըստ կանոնադրական փաստաթղթերի)` լինել կազմակերպություն, որն աշխատում է նոր սպառնալիքների և մարտահրավերների հետ, դիմակայում է անդրսահմանային անօրինական միգրացիային, թմրանյութերի շրջանառությանը, ահաբեկչությանը։ Եվ ահա այս խնդիրները հետխորհրդային տարածքում, բացի ՀԱՊԿ–ից, ոչ ոք պատրաստ չէ ստանձնել։

Կազմակերպությունը երբեք չի խոստացել, որ կզբաղվի անդամ–պետությունների տարածքային կամ քաղաքական խնդիրների լուծմամբ, այդ պատճառով սխալ է ակնկալել ՀԱՊԿ–ից, որ այն իր բոլոր ջանքերը, ֆինանսները, ռեսուրսները կկենտրոնացնի օգնելու համար, ենթադրենք, Հայաստանին, սահմանամերձ տարածքներում առկա կոնկրետ խնդիրների լուծման համար։ Բայց միաժամանակ, ՀԱՊԿ–ն աջակցում է Հայաստանի ամբողջ ռազմական ենթակառուցվածքը ժամանակակից մակարդակի բարձրացնելու համար։ Եթե դա չկատարվեր, ապա Հայաստանը ռազմական տեսանկյունից ավելի թույլ պետություն կլիներ։ ՀԱՊԿ–ի անդամակցությունը թույլ է տալիս և զինծառայողների նոր սերունդը կրթել արդեն նոր չափանիշներով, և ստեղծել սպառազինության ձեռքբերման համակարգ` արտադրող երկրների ներքին գներով։ Օրինակ` Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում ավելի գրավիչ գներով հենց այն պատճառով, որ Հայաստանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ին։ Այդ պատճառով կարծում եմ, որ ՀԱՊԿ–ին Հայաստանի մասնակցության դրական կողմն ակնհայտ է` այն դուրս է բերում երկիրը ռազմական զարգացման և ռազմատեխնիկական ինտեգրման նոր, ժամանակակից մակարդակ և միաժամանակ թույլ է տալիս լուծել նոր սպառնալիքների և մարտահրավերների վերաբերող մի շարք խնդիրներ։
 
«Նովոստի–Արմենիա».  Բայց պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամ հայտարարել է միջազգային այլ կազմակերպություններում ՀԱՊԿ–ի որոշ անդամների` հակահայկական հայտարարություններին և բանաձևերին սատարելու անընդունելի լինելը։

Ա.Նիկիտին. Ես համաձայն չեմ այն մտքին, որ յուրաքանչյուր կազմակերպությունում անպայման պետք է ամբողջովին ընդհանրացվեն բոլոր երկրների մոտեցումները քաղաքական կամ դիվանագիտական հարցերում։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ–ն միավորում է ինքնիշխան պետություններ։ Բազմաթիվ պարամետրերով այդ պետությունների մոտեցումները չեն համընկնում, օրինակ, մի փոքր էլ Ռուսաստանի սրտով չէ, որ ՀԱՊԿ–ի ոչ մի այլ երկիր չի ճանաչել Հարավային Օսեթիան կամ Աբխազիան։ Ռուսաստանը ճանաչել է, Հայաստանը` ոչ։ Բելառուսը պահանջներ է ներկայացնում Ղազախստանի նկատմամբ Բրյուսելի հետ փոխգործակցության որոշ հարցերում։

Կան տարբեր, նորմալ դիվանագիտական տարակարծություններ, և ռազմաքաղաքական բնույթի կազմակերպությունը երբեք իր խնդիրը չի համարել միասնականացնել դիվանագիտական և քաղաքական դիրքորոշումները հարցերի ողջ շրջանակում։ Նորմալ է, երբ վեց անկախ պետություններ տարբեր մոտեցումներ ունեն մի շարք միջազգային հարցերում, և որոշ պետությունների համար կարևոր է լավ փոխգործակցություն պահպանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև, ասենք, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Նրանք այդ երկրների հետ առևտուր, մարդկանց հոսք ունեն։ Հիշեցնեմ, որ միլիոնավոր ռուսների համար Թուրքիան դարձել է ամառային հանգստի երկիր, գոյություն ունի հսկայական ապրանքաշրջանառություն։ Այդ պատճառով էլ և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ այլ պետությունների դիրքորոշումներում դուք կարող եք որոշակի հանդուրժողականություն նկատել այն պետությունների նկատմամբ, որոնք Հայաստանի հետ բարդ հարաբերություններ ունեն։

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ խնդիրն այն չէ, որ երբեք չվիճենք, այլ այն, որ կարողանանք հաշտվել։ Այսինքն` ՀԱՊԿ–ն հենց այն հարթակն է, որտեղ դուք կարող եք անհամաձայնություն արտահայտել ՀԱՊԿ մեկ այլ պետության դիրքորոշման նկատմամբ, որը, ենթադրենք, Իսլամական համագործակցության կազմակերպության ինչ–որ բանաձև է ստորագրել։ Եթե դուք ՀԱՊԿ–ի անդամ չլինեիք, ապա այդպիսի պետությունների վրա ազդելու լծակներ չէիք ունենա, իսկ այս դեպքում ունեք։

«Նովոստի–Արմենիա». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցի ձգձգումը։
 
Ա.Նիկիտին.
Նախևառաջ, ուշադրություն դարձրեք, որ Եվրասիական միությունը դեռ գոյություն չունի։ Այն կայացման փուլում է` հիմնական փաստաթղթերը ստորագրվել են բառացիորեն մոտ մեկ ամիս առաջ։ Եթե համադրենք դա Եվրոպական միության ստեղծման հետ, ապա հիշեցնեմ, որ այն ձևավորվում էր տասնամյակների ընթացքում, և 50-60–ական թվականների ընթացքում առանձին համաձայնագրերը չէին հանգեցնում ինտեգրման լուրջ մակարդակի։ Միայն արդեն 80–ական թվականներին` երեսուն տարի անց, այն հենց միության մակարդակի հասավ։

Նույնը կատարվում է Եվրասիական միության հետ։ Սա ինտեգրման դեռ փորձնական, հավելյալ ձևաչափ է, որը կձևավորվի առնվազն քսան տարում։ Այդ պատճառով մի քանի ամիս այս կողմ–այն կողմը նորմալ է նման գործընթացի համար։ Պետք չէ համարել, որ որևէ մեկը մյուսին խանգարում է։ Հարցն այն է, որ օրինակ ՆԱՏՕ–ին կամ ԵՄ–ին անդամակցելու համար պետությունները պետք է հինգ տարի պատրաստվեին։ Կային հատուկ ծրագրեր, եվրոպական երկրները ստիպում էին փոխել դրանք, որոշ բաներ Սահմանադրության մեջ, որոշ բաներ` օրենքներում, որոշ բաներ` զենքի տրամաչափերում, որոշ բաներ` առևտրի կենտրոններում։ Նույնը հիմա է` Եվրասիական միությանն անդամակցելը բազմաթիվ դիրքորոշումների փոփոխություն է ենթադրում  երկրի ներքին օրենսդրության մեջ, մաքսային կանոններում։

Միայն այն ժամանակ, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, պետությունը կկարողանա լիարժեք կերպով անդամագրվել Եվրասիական միությանը։ Ես կարծում եմ, որ պետք է իրատեսորեն գնահատել Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացը, հաշվեկշիռն ու հաջողությունը գնահատել տարիների ու տասնամյակների և ոչ թե ամիսների մասշտաբով։

«Նովոստի–Արմենիա». Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր, որ Հայաստանի` ԵՏՄ–ի անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը հնարավոր է համարում հունիսին։

Ա. Նիկիտին. Կա նվազագույն ծրագիր և առավելագույն ծրագիր։  Նվազագույն ծրագիրը մոտ մեկ տասնյակ չափորոշիչներ են, որոնց համաձայն` երկիրը կարող է և համապատասխանում է Եվրասիական միության անդամակցության չափորոշիչներին։ Սակայն անկեղծ ասած` Ռուսաստանն ինքը որոշ հարցերում չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք ձևավորվել են Եվրասիական միության համար. որոշ բաներ պետք է շտկել օրենսդրության մեջ, որոշ բաներ` մաքսային պրակտիկայում և այլն։ Հայտարարությունն այն մասին, որ անդամակցության համար տեսանելի խոչընդոտներ չկան, քաղաքական բնույթ է կրում, սակայն այն չի նշանակում, որ Հայաստանն արդեն կարողացել է կատարել բոլոր տեխնիկական փոփոխությունները։

«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ ճակատագիր կունենա ԱՊՀ–ն` հաշվի առնելով անդամ երկրներից երկուսի ստորագրությունը ԵՄ ասոցացման համաձայնագրի տակ և Ռուսաստանի և Ուկրաինայի սրված հարաբերությունները։

Ա. Նիկիտին. «Հայտնի բանաձև կա` նույն բաժակը կարող է կիսով չափ լիքը լինել և կիսով չափ դատարկ։ Նայած, թե ինչպես ես դիտարկում։ Այդպես էլ ԱՊՀ–ի դեպքում է։ Կարելի է ասել, որ այն փլուզվում է, կարելի նաև այլ կերպ բնորոշել։ ԱՊՀ–ն արդեն հաջողությամբ կատարել է իր գործառույթը` ապահովել է նախկին ԽՍՀՄ 15 երկրի խաղաղ բաժանումը, նորանկախ պետությունների վերածումն ու Միության ենթակառուցվածքների բաժանումը 15 անկախ բաղադրամասի։

Ի տարբերություն նախկին Հարավսլավիայի, որտեղ երկրի կազմալուծման ժամանակ քաղաքացիական պատերազմ սկսվեց երկրի գրեթե բոլոր մասերի միջև, հատկապես ԱՊՀ մեխանիզմները հաջողությամբ լուծեցին նախկին Խորհրդային Միության ենթակառուցվածքների խաղաղ բաժանման խնդիրը։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ԱՊՀ–ին, պետք է սատարենք այդ կառույցին և հարգանքով վերաբերվենք` որպես ծերունու, որին նստեցնում են սեղանի կենտրոնում և որևէ մեկը չի փորձում կասկածել նման որոշման ճշմարիտ լինել–չլինելու հարցում։

«Նովոստի–Արմենիա». Իսկ ի՞նչ ապագա է սպասվում ԱՊՀ ազատ առևտրի գոտուն` ուկրաինական ճգնաժամի և Եվրամիության հետ Ուկրաինայի և Մոլդովայի կնքած ասոցացման համաձայնագրի ֆոնին։

Ա. Նիկիտին. ԱՊՀ կառույցն ինքնին բոլոր նորանկախ պետություններում միասնական տնտեսական տարածք ստեղծելու խնդիր չէր դնում, թեկուզ այն պատճառով, որ այդ երկրներից շատերը, օրինակ` կենտրոնական–ասիական երկրները, իրենց աշխարհագրական դիրքից ելնելով, ավելի շատ Չինաստանի հետ են առևտուր իրականացնում։ Իսկ մյուս երկրները, օրինակ` Ուկրաինան ու Մոլդովան, կողմնորոշված են դեպի ԵՄ–ի հետ առևտրի իրականացմանը, և այդ տեսանկյունից ես մեծ հակասություն չեմ տեսնում այն հարցում, որ ԱՊՀ շրջանակի երկրները գործակցում են ԵՄ–ի հետ, իսկ մյուսները` ասիական կառույցների հետ։ Սկզբունքորեն կեղծ է այն հակադրությունը, թե երկիրը պետք է առևտրական և տնտեսական կապեր ունենա կամ Եվրոպայի, կամ Ռուսաստանի, կամ ԱՊՀ մյուս երկրների հետ։ Իրականում, դա ձեզ ցույց կտա նաև վիճակագրությունը, ԱՊՀ յուրաքանչյուր պետություն առևտրի որոշակի հատված ունի և՛ արևմտյան պետությունների հետ, և՛ Մոսկվայի, և՛ Պեկինի հետ։ Եվ դա նորմալ է։ Հարցը այդ սեկտորների հարաբերակցության մասին է, եթե դուք ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու որոշում եք կայացնում, ապա ԱՊՀ մյուս երկրները, այդ թվում Ռուսաստանը, որոշ բաներ կփոխեն ձեզ հետ ունեցած հարաբերություններում։ Նրանք կարգելեն որոշ ապրանքներ առանց տուրքի տեղափոխել, քանի որ ձեր երկրի շուկայում կարող են հայտնվել վերափաթեթավորված եվրոպական ապրանքներ` ուկրաինական ապրանքի տեսքով։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ պետք է չէ հակադրել ԱՊՀ անդամակցումն ու ԵՄ ասոցացումը։ Պետք է երկրի հանդեպ կիրառվող հստակ պրակտիկ միջոցների ցանկ լինի։ Եթե պետությունը ԵՄ–ի հետ ասոցացման նոր համաձայնագիր է կնքում, ապա փակում է ԱՊՀ շրջանակում վավերացված առևտրային ճանապարհները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։