478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Նիկոլայ Զլոբին. Հետխորհրդային տարածքի քաղաքական աշխարհագրությունը շարունակվում է փոխվել
13:49
28 Ապրիլի 2010
«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ինչպե՞ս են դրան վերաբերվում համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատարները:

Զլոբին – Ինձ թվում է պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է կապվում սահմանի բացման հետ: Ակնհայտ է, որ Թուրքիան և Հայաստանը բացարձակապես տարբեր քաշային կատեգորիաներում են գտնվում տնտեսական, քաղաքական, պատմական, մշակութային, սոցիալական, տեխնոլոգիական, ռազմական և այլ առումներով: Նրանք մեկ գործընթացի երկու անհավասար մասերն են: Այդ պատճառով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկարատև կլինի: Ոչ ոք, գուցե, չի մտածում, որ սահմանը կբացվի ինչ-որ մի օր և համընդհանուր բարեկեցություն կսկսվի: Դա երկարատև, սակայն կառավարելի գործընթաց է: Աստիճանաբար պայմաններ կստեղծվեն փոխադարձ փոխանակման, տնտեսական, քաղաքական, մարդկային, մշակութային զարգացման, համատեղ շուկայի համար:

Հարավային Կովկասը բավականին բարդ կոնգլոմերատ է՝ բաղկացած է երեք (եթե չհաշվենք Ռուսաստանն ու Թուրքիան), իսկ միգուցե հինգ երկրներից, որոնք, ի վերջո,  այդպես էլ չկարողացան որևէ տարածաշրջան ձևավորող բան ստեղծել: Ես կարծում եմ, որ գոյություն չունի կովկասյան տարածաշրջան, կան պարզապես երկրներ, որոնք աշխարհագրորեն միմյանց կողքի են գտնվում: Այդ երկրները չեն ստեղծել աշխարհաքաղաքական իրողություն՝ չկա ընդհանուր շուկա, անվտանգության ընդհանուր համակարգ, ֆինանսական և տրանսպորտային ընդհանուր համակարգ, խոշոր հաշվով, որևէ ընդհանուր բան չկա: Այդ երկրների հարաբերությունները ևս կարող էին ավելի լավ լինել՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

Հայ-թուրքական սահմանի բացումը հազիվ թե ներդաշնակեցնի իրավիճակը: Հարավային Կովկասն ամբողջությամբ կորցրել է տարածաշրջան ձևավորող բնութագրերը, որոնք շատ ավելի հիմնարար են, քան այդ սահմանի խնդիրները: Այդ պատճառով ինձ թվում է, որ մեծ էֆեկտ չի լինի, գործընթացը կկրի երկարատև, սիկզբունքային և խորհրդանշական բնույթ: Ինչ-որ փոխանակություններ կսկսվեն, հնարավոր է՝ վերաբացվեն տրանսպորտային ուղիները, սակայն կարծում եմ, որ դեռ շատ վաղ է խոսել երկու երկրների համագործակցության մասին:

Անմիջական քայլերը, որոնք, գուցե, կարելի է ակնկալել, հայկական շուկա Թուրքիայի ներթափանցումն է: Շուկան մեծ է, բավականին ազատ, չէ՞ որ Հայաստանը զգալի խնդիրներ ունի: Այն, ամեն դեպքում, մի երկիր է, որը գրեթե ամեն ինչ ներկրում է՝ սկսած շաքարից մինչև բրինձն ու ցորենը: Խնդիրներ կան բենզինի, կերոսինի, սննդամթերքի հետ կապված: Ամեն ինչ ներկրվում է հիմնականում Ռուսաստանի միջով, և նա, ով վերահսկում է սահմանը, ով վերահսկում է մաքսատունը, վերահսկում է նաև Հայաստանը: Կհայտնվի նոր սահման, նոր մաքսատուն, իրավիճակը կսկսի փոխվել, կարող է իշխանության, այդ մաքսատան վերահսկման, մատակարարման այդ ուղու համար պայքար սկսվել:

Մյուս կողմից, Երևանը ևս Անկարայի հետ կիսելու բան ունի: Դեռ խորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, Հայաստանում կառուցվեցին շատ խոշոր էլեկտրակայաններ: Այժմ երկրում էլեկտրաէներգիայի ակնհայտ ավելցուկ կա, որը նա պատրաստ է վաճառել: Եթե ես չեմ սխալվում, տարեկան մինչև 0,5 միլիարդ դոլար, որը հայկական բյուջեի համար շատ լուրջ օժանդակություն է, որը  հնարավորություն կտա լուծել երկրի ներսում գոյություն ունեցող բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ:

Նմանատիպ փոփոխությունները կարող են շատ արագ տեղի ունենալ: Սակայն այն, ինչ Եվրոպայում հասկանում են «բաց սահման» ասելով, դեռ երկար ժամանակ կպահանջի այստեղ ձևավորվելու համար: Թերևս շատ հզոր է անվստահության, փոխադարձ անբարյացկամության, մշակութային տարբերության, պատմական հակամարտության խնդիրը: Ավելին, Հայաստանը գլոբալ մրցակցության մեջ կմտնի Թուրքիայի հետ, և այդ մրցակցությունը նա գրեթե ցանկացած առիթով տանուլ է տալու: Կարող է պատասխան ռեակցիա լինել, որը Հայաստանի կառավարութունը պետք է չեզոքացնի, օրինակ՝ պայմանավորվի թուրքերի հետ, որպեսզի մրցունակ թուրքական ձեռնարկությունները որևէ արտոնություն տան իրենց հայ պոտենցիալ մրցակիցներին՝ թույլատրելով նրանց ոտքի կանգնել: Իսկ դա ևս հեշտ չէ. երկու երկրներն էլ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, այդ պատճառով նոր խնդիրներ կառաջանան:

Այնպես որ ես սահմանների բացումը կախարդական փայտիկ չէի համարի, որը միանգամից կսկսեր ներդաշնակեցնել հայ-թուրքական հարաբերությունները:

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր է, արդյոք, տեսանելի ապագայում Ղարաբաղի խնդրի՝ բոլոր կողմերի համար քիչ թե շատ  ընդունելի լուծում:

Զլոբին – Ժամանակին Միացյալ նահանգներում ես ստիպված էի բաժանվել իմ ամերիկացի կնոջից: Եվ իմ փաստաբանն այսպիսի արտահայտություն արեց. «Ես և  Ձեր կնոջ փաստաբանը փոխզիջում կփնտրենք, սակայն նկատի ունեցեք, որ դուք երկուսդ էլ դժգոհ կլինեք»: Իրականում փոխզիջումն այն է, երբ երկու կողմերն էլ չեն ստանում այն ամենն, ինչ ուզում են: Փոխզիջումը մի իրավիճակ է, որի դեպքում բոլորը որևէ բան ստանում եմ, որը քիչ թե շատ արդար է, սակայն ոչ ոք ամեն ինչ չի ստանում:

Լեռնային Ղարաբաղը գտնվում է մի իրավիճակում, երբ բոլորը հարյուրտոկոսանոց լուծում են ցանկանում՝ կամ ամեն ինչ, կա ոչինչ, և ոչ ոք փոխզիջում չի ցանկանում: Անխոս, Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ գործոնների գերին է, և այս գործընթացին  մասնակցող կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ: Այսպես չի ստացվի: Կարծում եմ, որ գլխավորն այն բանի ըմբռնումն է, որ այս կյանքում ամեն ինչ ստանալ անկարելի է: Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ սկզբունքորեն կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի՝ որպես անջատված կամ օկուպացված, բռնազավթված կամ ազատագրված հողակտորի մասին է: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ապրում են այդ հողակտորի վրա: Օրինակ՝ ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքի որակը, քան հողակտորի պետական պատկանելությունը: ХХI դարում շատ ավելի կարևոր են կենսամակարդակի, անվտանգության, ապահովվածության ցուցանիշները, քան այն, թե ում դրոշն է ծածանվում Ստեփանակերտի վրա կամ ինչ ազգանուն է կրում նախագահը, որտեղ են վճարվում  հարկերը:

Արդի պայմաններում ինքնորոշման իրավունքն անհամեմատ ավելի կարևոր է, քան պետական անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը: Մարդիկ պետությունից կարևոր են, և ինձ թվում է, որ ղարաբաղյան խնդրի լուծումն անհրաժեշտ է փնտրել հենց նման պարադիգմայի շրջանակներում: Պայքարը ոչ թե հողի, այլ մարդկանց, նրանց մտքերի, տրամադրությունների, սրտերի համար է:  Մարդիկ մեկ անգամ են ապրում, և նրանց կյանքի համար պետք է առավել բարենպաստ կենսապայմաններ ստեղծվեն այնպես, ինչպես նրանք ցանկանում են: Եվ մարդիկ պետք է ընտրություն ունենան: Չի կարելի փակել նրանց գաղափարախոսական կամ քաղաքական կարծրատիպերի մեջ և զրկել  ընտրությունից, թե ինչպես ապրել, որտեղ ապրել և ինչ պայմաններում, քանի որ,  գիտե՞ք ինչ, Հայաստանում կամ Ադրբեջանում կան քաղաքական գործիչներ, ովքեր իրենց ողջ քաղաքական կարիերան կառուցել են այդ տարածքի համար պայքարի վրա:

Երրորդ գործոնը. ինձ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար շատ կարևոր է հասկանալ, որ, իրականում, հողը, որպես այդպիսին, չունի ոչ ազգություն, ոչ պետական պատկանելություն, ոչ կրոն, ոչ մշակույթ, ոչ գաղափարախոսություն: Դա ընդամենը հող է: Իսկ կրոնը, գաղափարախոսությունը, մշակույթը, քաղաքական առաջնահերթությունները մարդկանց գլխի մեջ են, ամեն ինչ բերովի է: Այդ պատճառով ես՝ որպես պատմաբան, միշտ մեծ սկեպտիցիզմով եմ մոտենում այն փաստարկներին, որ սա մերն է, իսկ սա մերը չէ: Միշտ և ամենուր մինչ ձեզ որևէ մեկը եղել է, այն որևէ մեկին նույնպես պատկանել է: Միշտ կարելի է հարց բարձրացնել՝ իսկ ինչու՞ է այն ձերը հենց տվյալ ժամանակաշրջանից: Ես հիմա չեմ ասում, թե ում օգտին է այս փաստարկը՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, սակայն պետք է հասկանալ, որ հողը, ինքնին, ազգյության կամ կրոնի կրողը չէ: Այն մի վայր է, որտեղ որոշակի ժամանակաշրջանից ապրում են տվյալ կրոնով, ազգության, պատմությամբ, մշակույթով և տաքարյունությամբ մարդիկ, որոնք այդ հողի համար արյուն են թափել...

Չորրորդ գործոնը կապված է այն բանի հետ, որ քաղաքական աշխարհագրությունը միշտ փոփոխվում է, պետությունները փլուզվում են, ստեղծվում, փոքրանում, ընդլայնվում, դա նորմալ գործընթաց է, օրինաչափություն: Եվ ԽՍՀՄ-ի փլուզումը, ըստ էության, սկիզբն էր: Նույնիսկ  ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզումը, այլ այն գլոբալ փոփոխությունները, որոնք հանգեցրեցին ԽՍՀՄ-ի փլուզմանը, համաշխարհային կոմունիզմի փլուզմանը, Արևելյան Եվրոպայի լուրջ աշխարհագրական փոփոխություններին: Անհետացավ Չեխոսլովակիան, հայտնվեց միավորված Գերմանիան, փլուզվեց Հարավսլավիան, այս ամենը սկիզբն է:

Նախորդ դարի վերջին տասնամյակից սկսվեց քաղաքական աշխարհագրության փոփոխության գլոբալ գործընթացը, որը մինչ այդ ակտիվորեն ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Եվ այժմ հետխորհրդային տարածքի քաղաքական աշխարհագրությունը շարունակում է փոխվել, կստեղծվեն նոր պետություններ: Կարող են անհետանալ նաև այժմ գոյություն ունեցողները: Այն, որ Խորհրդային միությունը փլուզվեց նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններով, ընդհանրապես անհեթեթություն է, այդ սահմանները շատ դեպքերում չունեին մեծ իմաստ, նոր պետությունները չեն կարող ստեղծվել ԽՍՀՄ-ի ներքին սահմաններով:

Իրավիճակը, իրականում, բավականին բարդ է, և չի կարելի խոսել այն մասին, թե ում և ինչ է պատկանում «ըստ խղճի և առհավետ»: Եթե աշխարհում սահմանները չփոխվեին, ապա մենք մինչև հիմա կապրեինք Հռոմեական կայսրության և հին Բյուզանդիայի սահմաններում: Միջազգային իրավունքը ևս փոխվում է, իսկ եթե այն չփոխվեր, ապա մենք մինչև հիմա կապրեինք Համուրապիի օրենքներով:

Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը սոսկ Ղարաբաղի խնդիրը չէ, այն մի մեծ խնդիր է, որը կապված է ԽՍՀՄ-ի փլուզման հետ, այն բանի հետ, որ այդ փլուզումը մինչև հիմա չի ավարտվել: Այն չէր էլ կարող ավարտվել 1991 թ.-ի դեկտեմբերին: Մենք ապրում ենք Խորհրդային Միության փլուզման գործընթացում, սահմանները տեղաշարժվում են, ստեղծվում են ձգողականության նոր տնտեսական և քաղաքական կենտրոններ: Այդ պատճառով այսօր, գուցե, չի կարող որևէ  բացարձակ լուծում լինել:

Կարծում եմ՝ եթե հարցը լայնորեն դրվի, ապա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տնտեսական ոլորտում է, այլ ոչ թե քաղաքական: Ի վերջո, նա, ով տնտեսական զարգացման առավել գրավիչ մոդել ստեղծի, ամենայն հավանականությամբ, կհաղթի այնպիսի հակամարտություններում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Այդ խնդրի քաղաքական և ռազմական լուծումներ չկան, ավելի շուտ կա տնտեսական և հումանիտար լուծում, որը որոշակի ժամանակ կպահանջի:

«Նովոստի-Արմենիա» - Դուք հնարավոր համարու՞մ եք ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Զլոբին - Այդպիսի հավանականությունը միշտ առկա է՝ հիմարները շատ են, և, ցավոք, իրականությունն այն է, որ հեշտ է քաղաքական կարիերա կառուցել հակամարտության և պատերազմի վրա, և շատ դժվար է քաղաքական կարիերա  կառուցել բարեկամության և խաղաղության վրա։ Շատ քաղաքական գործիչներ ցինիկաբար փորձում են մի իրավիճակ գտնել, որտեղ գոյություն ունի սև-սպիտակ տեսակետ, և դրա վրա կառուցել իրենց կարիերան՝ մարդկանց գերի դարձնելով նման քաղաքական կարիերային։ Կառուցել մի ամբողջ քաղաքականություն հակամարտության վրա, քանի որ խելքը չի բավարարում իրենց քաղաքականությունը խաղաղության, հաշտության և բարեկամության վրա կառուցելու համար։ Եվ Լեռնային Ղարաբաղը, ցավոք, նման հնարավորություն տալիս է։

Ռազմական հակամարտությունը լիովին հնարավոր է, և, ցավոք, այն կարող է մարդկային զոհերի հանգեցնել, բայց դա, ինչպես մենք գիտենք, մինչ այժմ երբեք չի կանգնեցրել քաղաքական գործիչներին։ Նման քաղաքական գործիչներ և  Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, և աշխարհի այլ երկրներում, նույնիսկ ԱՄՆ-ում։

«Նովոստի-Արմենիա» - Չե՞ք կարծում, որ համաշխարհային հանրությունը սկզբունքորեն հաշտվել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անխուսափելիության հետ։

Զլոբին - Ի՞նչ կարելի է հասկանալ 21-րդ դարում երկրի ճանաչման տակ։ Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում ամենևին էլ պարտադիր չէ ճանաչված լինել բոլորի կողմից։ Գլոբալ տնտեսությունը, գլոբալ ֆինանսական համակարգը, գլոբալ աշխատաշուկան, տեղեկատվական համակարգը, որի վաղուց է գլոբալ դարձել, այնքան են ջնջում պետական սահմանները, որ ես այնքան էլ չեմ հասկանում, թե այսօր ինչ է սուվերենությունը:

Իմ կարծիքով՝ այսօր աշխարհի ամենասուվերեն երկիրը Հյուսիսային Կորեան է, քանի որ այն, մեծ հաշվով, ոչ մեկին պետք չէ, և նրանով հետաքրքրվում են միայն այն պատճառով, որ նա միջուկային ռումբ ունի։ Նման սուվերենությունը ու նման ճանաչումը ոչ մեկին պետք չէ, այն ավելի շուտ վնաս է բերում, քան օգուտ։

Աշխարհի շատ պետություններ, հատկապես վերջին տարիներին ի հայտ եկածները, գոյատևում են առանց համընդհանուր ճանաչման։ Ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսը։ Ի դեպ, Մերձբալթյան երկրները ողջ խորհրդային տարիների ընթացքում չեն ճանաչվել Արևմուտքում և ԱՄՆ-ում՝ որպես ԽՍՀՄ-ի մի մաս, բայց դա ամենևին էլ չի անդրադարձել  քաղաքական իրականության վրա։ Կարելի է ևս շատ օրինակներ հիշել։ Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ ճանաչման հարցը անցած դարից է, երբ նման ձևականությունները նշանակություն ունեին։

Հակամարտությունները չպետք է դիտարկել հարյուր կամ հիսուն տարվա վաղեմության, սառը կամ հին պատերազմի պայմանների, միջազգային հարաբերությունների ավանդական համակարգի չափանիշներով, այլ ժամանակակից անբևեռ աշխարհի տեսակետից, երբ, ըստ էության, չկան մեծ գերիշխող երկրներ, չկան ուժի կենտրոններ, ստեղծվում են գլոբալ տնտեսական և հսկայական գլոբալ տեղեկատվական շուկաներ, որտեղ չկան պետական սահմաններ, քանի որ դրանք կորցնում են իրենց նշանակությունը։

Ինձ թվում է, որ հարցը՝ որպես այդիսին, ոչ թե ճանաչման մեջ է, այլ ռազմական հակամարտություն թույլ չտալու, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Պետք է փորձել բոլոր կողմերից այդ իրավիճակի ըմբռնումը քաղաքական-ռազմականից փոխադրել տնտեսական-հումանիտարի։ Եվ այդ ժամանակ ճանաչման հարցը, վերջիվերջո, կլուծվի, բայց այն չի լուծի Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի կամ Ադրբեջանի խնդիրները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։