480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը
12:33
26 Ապրիլի 2010

- Այս տարի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, Թուրքիան ցավագին է արձագանքում ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման: Նու՞յնն է, արդյոք, Երևանի դիրքորոշումը ցեղասպանության միջազգանի ճանաչման հարցում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկսված գործընթացը:

- Իսկապես, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Դրանք զոհերի համար սգալու, Ցեղասպանության ժխտման հետևանքով առաջացած ցավի և ցեղասպանությունների կանխմանն ուղղված պայքարի տարիներ էին։  Բոլոր և  ամենուր գործված ցեղասպանությունների: Դա փոքր երկրի պարտքն է, որի ժողովուրդը տեսել է մարդկության հանդեպ գործած ամենազարհուրելի ոճրագործության սարսափները, և մենք կշարունակենք կատարել մեր պարտքը՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից և ի հեճուկս այդ պայքարի ընթացքում հանդիպած դժվարություններին:

Մեզ համար ընդունելի չէ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը՝ որպես Ցեղասպանությունը չճանաչելու արդարացում օգտագործելու մոտեցումը: Չեմ կարծում, թե դա օգնում է գործընթացին։ Ես խնդրում եմ բոլորին, ովքեր առիթ կունենան մտորելու կամ արտահայտվելու Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման շուրջ, նախ հիշել միլիոնավոր խեղված մարդկային ճակատագրերի և հայրենիքից զրկված հին ժողովրդի մասին, որը կրում է այդ ցավն իր սրտում

- Հնարավո՞ր եք համարում Թուրքիայի հետ ցեղասպանության փաստի քննարկումը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ խնդրի ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներին:

- Շատ անգամ եմ ասել` Ցեղասպանության փաստը չի կարող լինել քննարկման առարկա: Կարող են քննարկվել Ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը, բայց ոչ մի դեպքում` փաստն ինքը: Այդ հրեշավոր երևույթի պատմությունն այնքան խորն է ուսումնասիրված և փաստաթղթավորված, որ չկա որևէ անհրաժեշտություն քննարկելու Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից իրագործված այդ հանցագործության նպատակներն ու մեխանիզմները:

Իսկապես, 2005թ-ին Թուրքիայի վարչապետն առաջարկել է ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կքննարկի Ցեղասպանության հարցը, և հանձնաժողովի եզրակացությունները, թուրքական կողմի պատկերացմամբ, պետք է սահմանեին Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հեռանկարները: Այն ժամանակ հստակ էր, որ հարաբերությունները չեն նորմալանա,քանի դեռ հանձնաժողովը չի հանգել եզրակացության, որը ձեռնտու է թուրքական կողմին: Բնականաբար, Հայաստանը հրաժարվեց, քանի որ մեր երկրների միջև հարաբերությունների հաստատումը միակ նորմալ ճանապարհն է, և եթե Հայաստանը չի պահանջում Թուրքիայից ճանաչել Ցեղասպանությունը՝ որպես նախապայման հարաբերությունների հաստատման, ապա Թուրքիան որևէ իրավունք չունի Հայաստանից հակառակը պահանջելու:

- Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովը անկողմնակալ աշխատել, եթե Թուրքիայում «ցեղասպանություն» տերմինի կիրառման համար մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում «թուրք ազգին անարգելու» հոդվածով:

- Դա արդեն անցյալում է: Արձանագրություններում, որ մենք ստորագրեցինք 2009թ-ի հոկտեմբերին, նախատեսվում է միջպետական հանձնաժողովի ստեղծում` այնպիսին, որը Հայաստանն ունի շատ երկրների հետ, որի ենթահանձնաժողովներից մեկը կարող էր ուսումնասիրել «պատմական հարցեր», բայց դա ոչ մի կերպ չի կարող ենթադրել Ցեղասպանության փաստի քննարկում: Եվ նկատեք, որ դա միջկառավարական ենթահանձնաժողով է, որը պետք է ստեղծվի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ոչ թե փորձագիտական հանձնաժողով, որը պետք է կանխորոշի այդպիսի հարաբերությունների հեռանկարները:

- Ին՞չ փուլում է գտնվում հայ-թուրքական գործընթացն ամբողջությամբ: Ինչպիսի՞ն է Երևանի պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

- Մենք չենք փակել դուռը, բայց նաև որևէ հետագա քայլ չենք ձեռնարկելու: Մենք կդիտարկենք առաջընթացի հնարավորությունը, երբ համոզվենք, որ Թուրքիայում առկա է համապատասխան մթնոլորտ, երբ մենք Անկարայում տեսնենք փոխհարաբերությունների նորմալացմանը կրկին պատրաստ իշխանություն: Հայաստանը թողնում է իր ստորագրությունը Արձանագրությունների տակ, քանի որ մենք ցանկանում ենք պահպանել փոխհարաբերությունների նորմալացման հնարավորությունը, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ:

- Հնարավոր համարու՞մ եք որևէ նախապայմանի քննարկումը՝ Ցյուրիխում 2009 թ.-ի հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով:

- «Pacta sunt servanda սկզբունքը (պայմանագրերին պետք է հետևել), միջազգային իրավունքի հիմնարար նորմ է: Հայ-թուրքական արձանագրություններն ի հայտ են եկել երկար, ոչ հեշտ բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում երկու կողմերն էլ հստակորեն արտահայտել են իրենց դիրքորոշումները, միմյանց համար հստակեցրել են հնարավորի և անհնարինի սահմանները: Այս համատեքստում հայկական կողմը բացառում է վավերացումը կողմնակի խնդիրներով պայմանավորելու հնարավորությունը:
Միջազգային հանրությունը ևս բավականին հստակ նշել է, որ արձանագրությունները անհրաժեշտ է վավերացնել հնարավորինս կարճ ժամկետներում և առանց նախապայմանների: Թուրքիան գործնականում այդ թեստի երկու տարրերն էլ ձախողել է:

- Շուտով ողջ մարդկությունը նշելու է Մեծ հաղթանակի 65-ամյակը: Ինչպե՞ս է  Հայաստանը պատրաստվում նշել այդ տարեթիվը: Մտադի՞ր եք, արդյոք, մասնակցել

- Մայիսի 9-ն ուրախ ու լուսավոր տոն է, որը միշտ մեծ ոգևորությամբ է նշվում Հայաստանում: Մենք միշտ կհպարտանանք նրանով, որ հայ ժողովուրդը իր ավանդն է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում` իր անունը փառքով պսակելով: Հայաստանում մեկ սերունդ չէ, որ դաստիարակվում և անձնազոհության դասեր է քաղում Խորհրդային միության հարյուր տասնինը հերոսների, երեք աստիճանի Փառքի շքանշանի քսանյոթ ասպետների օրինակով, ովքեր պատերազմի ընթացքում արժանացել են այդ կոչումների և դափնիների: Շարքային և հրամանատարական կազմի հարյուր հազարավոր հայեր, գեներալներ, ծովակալներ և մարշալներ անասելի զոհողությունների գնով ձգտել են այս Մեծ հաղթանակին Կարմիր բանակի, դաշնակիցների բանակի շարքերում, պարտիզանական ջոկատներում, Դիմադրության շարժման մեջ և թիկունքում:

Ես, իհարկե, մասնակցելու եմ Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված Մոսկվայի տոնական միջոցառումներին և կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահի Մեդվեդևին հրավերքի համար: Մենք չպետք է մոռանանք, որ այդ մեծ պատերազմում միասին ենք հաղթել:

Խորհրդային Միության ապագա մարշալը, այդ ժամանակ դեռ բանակի գեներալ Բաղրամյանը, 1945թ. հունիսի 24-ին ղեկավարել է Մերձբալթյան առաջին ճակատի համահավաք գունդը Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված Հաղթանակի շքերթում։ Ես, ինչպես և նա, ծագումով Ղարաբաղից ենք, և այդ օրերին ինձ համար մեծ պատիվ կլինի ներկա գտնվել Կարմիր հրապարակում: Մենք պարտավոր ենք պահպանել և փայփայել այդ Մեծ հաղթանակի մասին հիշողությունը, որը ձեռք է բերվել նման հսկայական ջանքերով մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում: Սա մեր ընդհանուր պատմության ամենանշանակալի էջերից մեկն է:

- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կբնութագրեիք խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների ներկա փուլը: Առկա՞ են, արդյոք, խնդրի լուծման հեռանկարներ տեսանելի ապագայում:

 

- Գնահատում եմ որպես խաղաղ գործընթացի աշխատանքային փուլերից մեկը:

Դա հակամարտություն է, իսկ դա նշանակում է, որ ընթանում է պայքար, բանակցություններ, իսկ խնդրի լուծումը կախված է բոլոր կողմերից՝ Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից, Հայաստանից: Կարևոր միջնորդական առաքելություն է իրականցնում նաև Մինսկի խումբը:

 

ԼՂ ժողովուրդը փորձել է շտկել պատմական անարդարությունը՝  բացառապես խաղաղ ու իրավական ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի շրջանակում: Իսկ դրան հակադրվել է կոշտ ուժ, փորձ՝ ոչնչացնելու ԼՂ ժողովրդին: ԼՂ ժողովրդի խաղաղ ելույթների պատասխանը եղավ բռնությունը, իսկ հետո` նաև լայնածավալ պատերազմը՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից: Այդ ծանր օրերին Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ միավորվել ու պաշտպանել իր հայրենիքը, կանանց, երեխաներին, ծերերին: Պատերազմը մեր ընտրությունը չէր, պարզապես մենք այլ հնարավորություն չունեինք, պետք է պաշտպանվեինք:

 

Ես չեմ տեսնում այլընտրանք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը կարող է հիմնված լինել միայն փոխզիջումների վրա: Իսկ փոխզիջում հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է: Նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգները և սպառնալիքները:

 

Երևանն, այդուհանդերձ, մտադիր է Բաքվի հետ շարունակել կառուցողական երկխոսությունը՝ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությամբ: Մենք նաև պատրաստ ենք սատարել Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությանը, քանի որ հակամարտության կարգավորման բանալին, նախևառաջ, հենց Լեռնային Ղարաբաղում է:

- Ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ Հայաստանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպիսի՞ն են պաշտոնական Երևանի սկզբունքային մոտեցումները հնարավոր փոխզիջումների հարցում:

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը հակամարտության սկզբնապատճառներից և կենտրոնական խնդիրներից է, ու միայն դրա կարգավորումից հետո հնարավոր կլինի լուծել կենսական այլ հարցեր: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հարցը կարող է լուծվել հաշված ժամերի ընթացքում: Հակամարտության սկզբապատճառների փաստացի անտեսման դեպքում հակամարտության հետևանքների վերացումը հղի է զարգացման ամենավտանգավոր սցենարներով: Մենք գործում ենք հետևյալ սկզբունքով` երբ խոսքը մարդկանց անվտանգությանն ու ճակատագրին է վերաբերում, այդ դեպքում ռիսկը պետք է հասցվի նվազագույնի: Մենք թույլ չենք տա, որ Լեռնային Ղարաբաղը դառնա Բաքվի գերին: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ հետևանքներ ունեցավ այդ ամենը 20 տարի առաջ, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի կազմում գտնվող այլ ինքնավարության՝ Նախիջևանի հայկական բնակչության հետ:

- Հավանական համարու՞մ եք հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը:

- Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը եղել է և կմնա` մինչև մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չտիրի, մինչև ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խաղաղության մասին գործուն պայմանագիր չկնքվի: Պարզապես Ադրբեջանում որոշ մարդիկ սկսում են տարվել, ինչն արտահայտվում է հայատյաց և ռազմատենչ ամբոխավարությամբ:

 

Ղարաբաղյան հիմնախնդրի` ռազմական ճանապարհով լուծման փորձը պարզապես արկածախնդրություն է, որը Ադրբեջանի համար հղի է աղետով: Նման զարգացումը կարող է տևական ժամանակով ապակայունացնել տարածաշրջանը, լարվածության նոր օջախներ ստեղծել, բայց որևէ կերպ չի լուծի ԼՂ խնդիրը:

Եթե կարճ ասեմ, ապա Ձեր հարցի պատասխանը կլինի հետևյալը` ո'չ, առաջիկայում ես պատերազմի վտանգ չեմ տեսնում: Բայց ես բազմիցս ասել եմ, որ մեր Զինված  ուժերը պետք է մշտապես հաշվի առնեն, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել հենց վաղը:

- Ինչպե՞ս կգնահատեիք հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը: Ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել մոտ ապագայում՝ երկկողմ կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար:

-  Մեր հարաբերությունները կառուցվում են դաշնակցային և ռազմավարական գործընկերության հիման վրա: Եվ նրանք օր օրի խորանում են: Բազմակողմ ձևաչափում մեր երկրները արդյունավետ համագործակցում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, ինչպես նաև այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մենք անցկացնում ենք ինտենսիվ երկխոսություն, որի վկայությունն են մեր կանոնավոր հանդիպումները: Արդյունավետ է աշխատում նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Գործնականում չկա այնպիսի մի ոլորտ, որում մեր պետությունները չհամագործակցեն: Հատկապես կուզեի նշել համագործակցությունը հումանիտար ոլորտում. մեր երկրները կապված են մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում:

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ ռուսական բիզնեսը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսական կյանքում: Ցավոք, համաշխարհային ճգնաժամը չի շրջանցել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, բայց ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի արագ վերականգնել բացթողածը: Հենց այդ ուղղությամբ ենք աշխատելու հստակ քայլեր ձեռնարկել մոտ ժամանակս:

Մենք այժմ աշխատանքներ ենք տանում Գյումրու «Պատվո բլուրի»` ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների հուշակոթողի վերականգնման ուղղությամբ:

Վերջերս Երևան էր ժամանել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը: Ռուսական նոր եկեղեցու կառուցման հիմնաքարն է դրվել:

- Ի՞նչ դեր է խաղում հայկական սփյուռքը, այդ թվում նաև ռուսականը Հայաստանի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում:

- Հայկական սփյուռքը հիմնականում ստեղծվել է սարսափելի ողբերգության` 1915-1923թթ. Ցեղասպանության հետևանքով: Մի բան է, երբ մարդիկ լքում են հարազատ տունը լավ կյանք փնտրելու համար, մեկ այլ` երբ այլ ելք չի լինում, և դու լքում ես քո տունը` ընտանիքդ կործանումից փրկելու համար: Այդ իսկ պատճառով Սփյուռքի առկայությունը մեր ցավն է. չէ՞ որ ամբողջ աշխարհում ապրում է 3 անգամ ավելի հայ, քան Հայաստանում: Միևնույն ժամանակ Սփյուռքը մեր հպարտությունն է: Մարդիկ են, ովքեր կորցնելով ամեն ինչ՝ ստիպված են եղել նոր կյանք սկսել և հասել են հաջողությունների, հարգանքի, գնահատանքի, օգուտ են բերել ինչպես իրենց նոր հայրենիքին, այնպես էլ հայ ժողովրդին

Աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ ես լինում եմ պաշտոնական կամ աշխատանքային այցով, ես անպայման հանդիպում եմ հայկական համայնքի ներկայացուցիչներին: Եվ ես նրանց բոլորին անպայման ասում եմ.«Եթե ուզում եք հայ ժողովրդի արժանի որդի կամ դուստր լինել, նախևառաջ եղեք ձեր նոր հայրենիքի ակտիվ քաղաքացիներ, օրինապահ և արարող մարդիկ: Դա ասելով` ես միանգամայն վստահ եմ, որ նրանք երբեք չեն մոռանա իրենց պատմական հայրենիքը:

Ռուսաստանում այսօր ապրում է աշխարհի ամենամեծ հայկական համայնքը: Մենք հպարտանում ենք ժամանակակից Ռուսաստանի հայերի, ինչպես, օրինակ, մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի, ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանի հաջողություններով: Այժմ նշում եմ ամենաառաջինը միտքս եկած անունները, այս շարքը կարող է երկար լինել: Նշանակալի է նաև հայ գործարարների ցանկը, ովքեր մեծ ներդրում ունեն Ռուսաստանի տնտեսության զարգացման գործում: Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի հայերը սերտորեն կապված են մայր հայրենիքի հետ, ձգտում են իրենց ուժի և հնարավորության սահմաններում մասնակցել նրա զարգացմանը:

Այդ մարդիկ իրական և անփոխարինելի կամուրջ են երկու երկրների միջև: Նրանք այն առանցքն են, որի շուրջ կառուցվում են երկու ժողովուրդների երբայրական հարաբերությունները, և այլ կերպ չէր էլ կարող լինել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։