480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քրեական հետապնդումը դադարեցվել է 2009թ.-ի գարնանային զորակոչի 296 զորակոչիկ-խուսափողների հանդեպ
17:33
16 Դեկտեմբերի 2009

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Ինչո՞վ է պայմանավորված զորակոչից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ներկայանալու դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Ձեր ցուցումը, և որքանո՞վ է փոխվել իրավիճակը:

Ա. Հովսեփյան. Նպատակը շատ պարզ է՝ նպաստել մեր երեխաների վերադարձին հայրենիք: Շատերը կան, որ տարբեր պատճառներով նախկին տարիներին խուսափել են զինվորական ծառայությունից, դիմել փախուստի,  հետագայում մտքափոխվել, սակայն խուսափում են վերադառնալուց՝  վախենալով կալանավորվելու հեռանկարից:

Մեր խնդիրն է հնարավորություն տալ մեր քաղաքացիներին վերադառնալ և ծառայել՝ վստահ լինելով, որ կազատվեն քրեական պատասխանատվությունից: Զորակոչի ընթացքում կամավոր ներկայացած և ծառայելու ցանկություն հայտնած՝ հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների նկատմամբ  անմիջապես փոխվում է խափանման միջոցը, դադարեցվում քրեական հետապնդումը:

2009 թվականի գարնանային զորակոչի ընթացքում բանակ է զորակոչվել նախկինում հետախուզման մեջ գտնվող 106 զորակոչիկ, իսկ 2008 թվականի գարնանային զորակոչի ժամանակ՝ 80: Ակնհայտ է, որ ցուցումը տվել է իր դրական արդյունքը: Միաժամանակ քայլեր են ձեռնարկում նաև քաղաքացիներին իրենց իրավունքներն իրազեկելու ուղղությամբ: Գիտեք, որ  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է  27 տարին լրացած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ՝ օրենքով նախատեսված վճարները մուծելուց հետո:

Օրենքի չիմացության պայմաններում շատերը շարունակում են մնալ հետախուզման մեջ և յուրաքանչյուր զորակոչի ժամանակ մեր քաղաքացիներին մանրամասնում ենք նաև այս օրենքի կիրառման սկզբունքները: 2009թ.  գարնանային զորակոչի  ընթացքում  նշված օրենքը կիրառվել է 296 անձի նկատմամբ, որի արդյունքում ՀՀ  պաշտպանության նախարարության հատուկ հաշվին փոխանցվել է 313.283.000 ՀՀ դրամ, արդյունքում 296 երիտասարդ վերադարձել է հայրենիք:

«Նովոստի-Արմենիա». Ռազմական զորակոչի կազմակերպման գործընթացում ինչպե՞ս եք հետևում տարբեր խախտումներով ուղեկցվող իրավիճակին:

Ա. Հովսեփյան. Պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ընթացքը մշտապես գտնվում է դատախազության ուշադրության կենտրոնում: Տարին երկու անգամ դատախազության կոլեգիան քննարկում է  զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումները, դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված դատախազական ներգործությունների արդյունքները՝ անդրադառնալով աշնանային և գարնանային զորակոչին: Պարբերաբար ուսումնասիրվում է նաև զինված ուժերում հանցավորության վիճակը, առանձին հանցատեսակների ծնող պատճառներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ակնհայտ է՝ որքան բանակում  առողջ լինի բարոյահոգեբանական մթնոլորտը, պահպանվեն կանոնադրային հարաբերությունները, զորակոչի կազմակերպման ընթացքում պահպանվեն օրենքների պահանջները, պաշտպանված լինեն բոլորի իրավունքները այնքան կնվազի պարտադիր զինվորական ծառայություններից խուսափողների թիվը: Այն պահից, երբ զորակոչիկն անցնում է զինվորական ծառայության՝  գտնվում է պետության հոգածության ներքո և պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ զինվորն ավելի նվիրվածությամբ կատարի իր պարտքը, իսկ նրա ծնողներն էլ վստահ լինեն, որ իրենց որդին գտնվում է ապահով ձեռքերում:

2008 թվականի գարնանային և աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում դատախազության ուսումնասիրությունների արդյունքներով ի հայտ եկած բացթողումներն ու հիմնախնդիրները քննարկվել են նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ հիմք հանդիսանալով ոլորտը կարգավորող մի շարք ակտերի, այդ թվում ՀՀ օրենքներում, կառավարության որոշումների փոփոխություններ կատարելու համար: Քննարկման արդյունքներով ՀՀ նախագահի կողմից տրվել է համապատասխան կարգադրություն: Ձեռնարկված քայլերը տվել են իրենց դրական արդյունքը՝ էապես նվազել է զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում  օրինախախտումների բնույթն ու տեսակը, թերևս դրանով պայմանավորված նաև պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների թիվը:

Ընդհանրապես պետք է նշեմ, որ մեզանում զորակոչը կատարելու դժվարություն որպես այդպիսիք չկա, պլանները շատ դեպքերում նաեւ գերակատարվում են, բայց մենք հետամուտ ենք լինելու հնարավորինս նվազագույնի հասցնելու  խուսափումների թիվը, ինչի միակ ուղին, կրկնում եմ, զինված ուժերում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումն ու կանոնադրային հարաբերությունների հաստատումն է, զորակոչի անցկացման ընթացքում օրինականության պահպանումը:

«Նովոստի-Արմենիա». Այս տարի իրավախախտումների ոլորտում ինչպիսի՞ դինամիկա է նկատվում, և դրանցից որո՞վ է ավելի շատ քրեական գործ հարուցվում Հայաստանում:

Ա. Հովսեփյան. 2009 թվականին նկատվում է գրանցված հանցագործությունների աճ, ինչը միաժամանակ, և ողջունելի է, և  մտահոգիչ՝ կապված հանցագործության տեսակից: Նախ՝ ամբողջովին հաշվառման դաշտ բերվեցին բոլոր տեսակի հանցագործությունները: Գիտեք, որ  հանցագործությունների տեսակներ կան, որոնց դեպքում քրեական գործի հարուցման համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, պարտադիր է տուժողի բողոքը:

Նախորդ տարիներին քիչ չէին դեպքերը, երբ տուժողները չէին բողոքում կամ հաշտվում էին մեղադրյալի հետ և հանցագործությունը չէր հաշվառվում: Սա իր մեջ երկու վտանգ էր պարունակում՝ նախ հանցագործությունների մի խումբ դուրս էր մնում հաշվառումից, երկրորդ՝ առկա էին կոռուպցիոն ռիսկեր. ասենք՝ խուլիգանությունը որակվում էր մարմնական վնասվածքի պատճառում և տուժողի դիմումի բացակայության կամ հաշտվելու պատճառաբանությամբ մերժվում քրեական գործերի հարուցումը, ինչը նշանակում էր, որ չէինք կարող իրական պատկերացում կազմել հանցավորության իրական վիճակի վերաբերյալ:

Այս հարցը բազմիցս քննարկվել է նաև դատախազության կոլեգիայում և ուրախ եմ, որ հաշվառման մեթոդոլոգիան ի վերջո փոխվեց և այսօր արդեն բոլոր հանցագործություններն են հաշվառվում: Սա, իհարկե, ուրախալի է. առանց իրական պատկերն ունենալու չես կարող նաև արդյունավետ պայքարել: Երկրորդ՝ ընթացիկ տարում նկատվում է նաև լատենտային հանցագործությունների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն հանցագործությունների աճ, ինչը նույնպես ողջունելի է եւ վկայում իրավապահ մարմինների առավել համագործակցված աշխատանքի, իրավապահների նկատմամբ բնակչության վստահության աճի մասին, փոխարենը մտահոգիչ է օրինակ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, բնակարանային գողությունների աճը:

«Նովոստի-Արմենիա». Վերջին շրջանում դատախազության քաղաքականությունն ուղղված է մանր կաշառակերության դեմ պայքարին հասարակության ուշադրությունը հրավիրելուն՝ հաշվի առնելով դրա լայն արձագանքը: Ի՞նչ եք կարծում, արժե՞ ակտիվացնել խոշոր կաշառակերության դեմ պայքարը:  

Ա. Հովսեփյան. Ես էական տարբերություն չեմ դնում մանր կամ խոշոր կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի երկուսն էլ իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, մանրը իր տարածվածությամբ, խոշորը՝ չափսերով։ Խոսքը կարող է գնալ միայն դրանց բացահայտման  դժվարությունների մասին։ Գաղտնիք չէ, որ երկրորդի պարագայում ճնշումներն ու ազդեցության միջոցներն ավելի շատ են հայտարարության հեղինակների, վկաների,  ինչպես նաև հենց իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը պետք է կարողանանք հաղթահարել յուրաքանչյուր գործով։

Մանր կաշառակերության դեմ պայքարում ձեռնարկված քայլերի շնորհիվ վերջին մեկ տարում կարողացել են որոշակի արդյունքներ ձեռք բերել, բացահայտել կոռուպցիոն երևույթներ թերևս բոլոր ոլորտներում՝ թե սոցիալական ապահովության ու առողջապահության, թե կրթական և որ ամենակարևորն է՝ իրավապահ մարմիններում, ինչը թույլ է տալիս կուտակել վստահության որոշակի պաշար։ Իրականացված քայլերը տեսանելի են նաև հասարակության լայն շերտերին, ինչի վկայությունը հասարակության ակտիվությունն է, ստացվող դիմումների քանակը։

Հեռու եմ այն մտքից, որ այսօր կաշառակերությունն ավելի շատ է, քան մեկ տարի առաջ, ուղղակի այսօր հասարակությունն ավելի շատ է ահազանգում այդօրինակ երևույթների մասին, ինը համարում եմ իրավապահ մարմինների, դատախազության ձեռք բերումը։ Հիմա մեզ անհրաժեշտ է կուտակել և կրկնապատկել  վստահության պաշարը, ինչի դեպքում համոզված եմ ավելի հեշտ կլինի պայքարել նաև ազդեցության տարբեր դրսևորումների դեմ այդ թվում նաև վկաների և տուժողների նկատմամբ և հասարակության աջակցությամբ արդյունքներ գրանցել նաև խոշոր կաշառակերության դեմ պայքարում։ Փոքր, բայց վստահ քայլերով առաջ ենք գնում այս երևույթի դեմ պայքարում և համոզված եմ, որ առաջիկայում կկարողանանք արդեն խոսել իրական արդյունքների մասին գրեթե բոլոր ոլորտներում։ 

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով ի՞նչ գործոններ են նպաստում կոռուպցիայի աճին Հայաստանում, և ո՞ր ոլորտներն են առավել կոռումպացված:  

Ա. Հովսեփյան. Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում կոռուպցիան աճում է կամ թափ  է ստանում։ Ճիշտ հակառակը՝ վստահ եմ, որ Հայաստանում առավ մեծ թափ է ստանում և ավելի արդյունավետ է դառնում  կոռուպցիայի դեմ պայքարը։ Ոչ միայն իշխանական օղակների կողմից, այլ նաև հենց հասարակության , ինչի վկայությունն է նաև այն, որ վերջին տարիներին կոռուպցիոն երևույթների կանխարգելման խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ են ձևավորվել և ակտիվորեն գործում։ Այս պրոցեսը նպաստում է նաև քաղաքացիական հասարակության  ինստիտուտների ձևավորմանը, որոնք նաև հասարակական արդյունավետ հսկողություն են իրականացնում իրավապահ մարմինների նկատմամբ։

Քաղաքացիական հասարակության առաջ բոլորս կամա, թե ակամա հաշվետու ենք, և ես ուրախ եմ, որ դատախազությունը նույնպես իր համեստ ներդրումն ունի քաղաքացիական հասարակության ձևավորման գործում։ Ինքներս խրախուսում ենք հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը՝ հրավիրելով հրապարակային մեր բոլոր միջոցառումներին և հնարավորություն տալով հենց դրանց ժամանակ բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք նրանց մտահոգում են և որոնք նրանք տեսնում են մեր աշխատանքներում։

Ձևավորված փորձն արդեն անդառնալի է և հետ քայլ անելու իրավունք չունենք։ Ուրախ եմ, որ շատ կազմակերպություններ՝ թե հայաստանյան ոչ կառավարական և թե միջազգային կազմակերպություններն ընդունել են մեր մեկնած ձեռքը, և համատեղ փորձում ենք լուծել նաև մեր համակարգի ներսում խնդիրները։

Դատախազությունն իրեն հաշվետու է սկզբում հասարակության առաջ, հասարակական պահանջի առաջ և ոչ երբեք առանձին խմբերի, դատախազությունն իրեն հաշվետու է զգում քաղաքացիական հասարակության բաղադրիչ համարվող հասարակական կազմակերպությունների առաջ, բայց ոչ երբեք խմբակային շահեր հետապնդող կառույցների։ Պատրաստ ենք լսել առարկայական քննադատություն և քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, բայց ոչ երբեք շարժվել խմբակային շահերին հաճոյանալու մտայնությամբ։

Յուրաքանչյուր անձ, կառույց պետք է այնքան ներուժ ու կամք ունենա, որ կարողանա կոնկրետ քայլերով կայանալ, ձեռք բերել դրական վարկանիշ և ոչ երբեք ուրիշին պախարակելու ճանապարհով։ Երկրորդ ուղին կարող է արդյունքներ գրանցել միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու պարագայում և կունենա շատ կարճ կյանք։ Իրավապահ մարմինները գիտակցում են այսօրվա հրամայականների լրջությունը և հաստատուն քայլերով փորձելու են դրական տեղաշարժեր մտցնելու արատավոր երևույթների դեմ պայքարում։ Այսօր առավել քան երբեք Հայաստանի իրավական համակարգը՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, աշխատում են համագործակցված՝ ակնհայտորեն մի կողմ դնելով նեղ գերատեսչական շահերը հանցավորության և հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։