481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը
19:21
29 Հոկտեմբերի 2009

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, և որքանո՞վ է հավանական, որ արձանագրությունների վավերացման գործընթացը կողմերը չեն ձգձգի։

Կ.Բեքարյան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին միանշանակ գնահատական տալն այդքան էլ դյուրին չէ։ Շատ բան է արվել, մեծ միջոցներ են գործի դրվել։ Արձանագրությունների ստորագրումից հետո կողմերը պետք է վավերացնեն դրանք իրենց երկրների խորհրդարաններում, և եթե այդ գործընթացն ընթանա հաստատված ժամանակացույցի համաձայն, ապա մենք կդառնանք էական արդյունքների վկաներ։

Ընդհանուր առմամբ, ես հակված չեմ օգտագործելու «երկարաձգում» բառը հայ-թուրքական արձանագրությունների առումով, քանի որ այս գործընթացում կողմերից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ընթացակարգը։ Ինձ թվում է, որ փաստաթղթերի վավերացման ընթացակարգը չպետք է երկարաձգվի ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի կողմից։ Ամեն դեպքում գործընթացը երկարաձգող կողմը միջազգային հանրության աչքերում հանդես կգա որպես այդ արձանագրությունների դեմ հանդես եկող կողմ, և, բնականաբար, կբախվի որոշ խնդիրների։ Բացի այդ, վերջիվերջո, պետք է ընդունել, որ առանց երկկողմ համաձայնության որևէ փաստաթուղթ իրականություն չի դառնա, իսկ դրանց վավերացման երկարաձգումն, իմ կարծիքով, կարող է դառնալ այդ գործընթացի միայն տեխնիկական մասը։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում ստորագրված արձանագրությունների վավերացման հեռանկարները երկու երկրների խորհրդարաններում, և ինչպիսի՞ սպասելիքներ կան սահմանի բացումից։

Կ.Բեքարյան. Հայաստանի դեպքում ընթացակարգը քիչ թե շատ պարզ է։ Բոլոր շահագրգիռ քաղաքական և պետական գերատեսչությունները կարտահայտվեն այս արձանագրությունների կապակցությամբ, այնուհետև նախագահի կողմից կհետևի դրանց ներկայացումը Սահմանադրական Դատարան, որպեսզի որոշվի դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը։ Միայն դրական պատասխանի դեպքում այդ արձանագրությունները կներկայացվեն երկրի խորհրդարան։ Այս ողջ ընթացակարգը մեզ համար պարզ է, և մենք գործում ենք կանոնակարգի համաձայն, այստեղ այս գործընթացը ձգձգելու որևէ պատճառ ես չեմ տեսնում։

Թուրքիայի դեպքում անհրաժեշտ է պարզել գոնե այս գործընթացի տեխնիկական մասը։ Այս առումով կարելի է առանձնացնել քաղաքական լուծման մի քանի տարբերակ՝ վավերացման արագ գործընթաց, վավերացում առանց վերապահումների, բայց առավելագույն երկարաձգումով, վավերացում վերապահումներով, հրաժարում վավերացումից։ Ամեն դեպքում դեպքերի զարգացումը կընթանա այս չորս սցենարից մեկով։ Սակայն ներկայում միանշանակ հնարավոր չէ վստահ ասել, թե որ սցենարին է հակված Թուրքիան։

Այսօր մենք միայն ունենք հայտարարություն այն մասին, որ արձանագրությունները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի մակարդակով, իսկ այնուհետև քննարկման կդրվեն լիագումար նիստի շրջանակներում։ Սակայն առկա են չպարզված հարցեր, մասնավորապես, լիագումար նիստի քվեարկության ընթացակարգը։ Այնուամենայնիվ, ես չեմ բացառում, որ, հավանաբար, գաղտնի քվեարկության փորձ կարվի, ինչը երկիմաստ մեկնաբանություն ունի։

Մի կողմից, գաղտնի քվեարկությունից հետո տեղի կունենա «պատասխանատվության միախառնում», այսինքն, Թուրքիայի իշխող ուժերի համար հնարավոր կլինի պնդել, որ քվեարկության ժամանակ կողմ են քվեարկել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, և այդ նախաձեռնությունը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ խորհրդարանին ընդհանուր առմամբ։

Մյուս կողմից, եթե քվեարկության արդյունքները բացասական լինեն, և արձանագրությունների վավերացումը մերժվի, ապա դա կառաջացնի գերտերությունների (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան) դժգոհությունը, որոնք պարզապես չեն հասկանա նման քվեարկության իմաստը և կհամարեն այն որպես վավերացման գործընթացի ձախողման մտադրություն։ Ընդհանուր առմամբ, դա կարող է սադրել գործընթացով շահագրգռված գերտերությունների ճնշումը Թուրքիայի վրա։ Առայժմ դժվար է միանշանակ որոշել, թե որ սցենարով կընթանա այս գործընթացը։ 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ես այսպես կասեի՝ 65 տոկոս, որ այն կբացվի և 35 տոկոս, որ չի բացվի։ Բայց ամբողջը, վերջիվերջո, կախված է թուրքական ղեկավարության քաղաքական որոշումից։ Եթե Թուրքիան քաղաքական կամք արտահայտի, ապա, ամենայն հավանականությամբ, սահմանը կբացվի, իսկ եթե ոչ, ապա չի բացվի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ թուրք իշխանությունները կվավերացնեն արձանագրությունները կանոնակարգի համաձայն խելամիտ ժամկետներում։ Դա նշանակում է, որ սահմանի հնարավոր բացումը պետք է սպասել 3-4 ամսվա ընթացքում, և դրան բացատրություն կա։ Առաջին հերթին, թուրքական իշխանությունները գործը չեն հասցնի մինչև Թուրքիայում 2010 թվականին սպասվող ընտրությունները։ Երկրորդ, քրդական և կիպրոսյան հարցերի առկայությունը, որոնք նույնպես շատ խոցելի են Հայաստանի համար, ինչպես և «Հայկական հարցը»։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք կարծում, կողմերն, արդյո՞ք, միմյանց նախապայմաններ առաջ կքաշեն պայմանագրերի հնարավոր վավերացումից առաջ, և որքանո՞վ դա կխանգարի երկկողմ հարաբերությունների առաջընթացին։

Կ.Բեքարյան. Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ իրապես գիտակցում են, որ ցանկացած նախապայման բարդացնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկն իրապես կօգտագործի նախապայմանների քաղաքականությունը և կփորձի արտացոլել այդ նախապայմաններն արձանագրություններում, քանի որ դա կնշանակի բարելավման գործընթացը չշարունակելու ցանկություն։ Իմ կարծիքով, թուրքական կողմի՝ նախապայմանների բարձրաձայնում արվում է, որպեսզի հանգստացնի իր հասարակությանն ու եղբայրական Ադրբեջանին։

Սակայն, այստեղ առկա է նաև ևս մեկ խնդիր՝ այլ գործիքների օգտագործման հնարավորությունը՝ արձանագրությունները շրջանցելով զուգահեռ որոշում ընդունելու համար։ Այս առումով հայկական կողմը կարող է համապատասխան լրացումներ կատարել «Միջազգային պայմանագրի մասին» օրենքում, որոնց համաձայն, Հայաստանը հնարավորություն կունենա չեղյալ համարել կամ չվավերացնել ցանկացած արձանագրություն, եթե այն սպառնալիք հանդիսանա իր ազգային անվտանգության համար։ Տվյալ դեպքում դա կարելի է օգտագործել Թուրքիայի նկատմամբ, եթե նա հետագայում էլ խոսի նախապայմանների լեզվով։

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարտացոլվի հայ-թուրքական կապերի բարելավումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև հետագա հարաբերությունների վրա, և ինչպե՞ս կծավալվի քաղաքականությունը Ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ։

Կ.Բեքարյան. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն արդեն բացասաբար է անդրադառնում  Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա։ Բայց միաժամանակ, ես չեմ կարծում, որ լարված ադրբեջանաթուրքական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել։ Այդ սառեցումը ժամանակավոր բնույթ է կրում։ Իսկ Թուրքիայի դերի մեծացումն Անդրկովկասում թույլ կտա Ադրբեջանին որպես խոշոր դաշնակից ունենալ սեփական շահերի օգտին ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցում։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կարտահայտվի հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի և Թուրքիայի զարգացման վրա։

Կ.Բեքարյան. Սահմանի բացումն արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այն ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային։ Դրանում համոզվելու համար պետք է ուսումնասիրել Արևելյան Թուրքիայի տնտեսական դրությունը, և այն ժամանակ պարզ կդառնա, որ այդ մասի զարգացումն էապես տարբերվում է Արևմտյան Թուրքիայի զարգացման մակարդակից, և որ Թուրքիայի շահերից է բխում Հայաստանի հետ արևելյան հողերի ենթակառուցվածքը զարգացնելը։

«Նովոստի-Արմենիա». Ներկայում հայ և թուրք հասարակություններում կարծիք է շրջանառվում, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը տեղի է ունեցել բացառապես գերտերությունների ճնշման տակ, որքանո՞վ է իրատեսական նման մոտեցումը։

Կ.Բեքարյան. Բնականաբար, գերտերությունների ճնշում կա, բայց, միայն դրանով հնարավոր չէ բացատրել բարելավման գործընթացը։ Կողմերից յուրաքանչյուրն առայսօր ցանկություն ունի բարելավել հարաբերությունները։ Կողմերից գոնե մեկի մոտ նման ցանկության բացակայության դեպքում անհնար կլիներ տեղից շարժել գործը։ Միևնույն ժամանակ առանց գերտերությունների կողմից գործադրած ճնշման նույնպես դժվար է պատկերացնել որևէ էական առաջխաղացում այս ուղղությամբ։

Այդ առումով պետք է նշել ընդդիմության զսպող դերը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։ Հայաստանի դեպքում դա ավելի սուր բնույթ է կրում՝ հաշվի առնելով սփյուռքահայության հզոր ազդեցությունը։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նման զսպող ուժի առկայությունն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության կառուցման համար։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք կարծում, սահմանների բացման և Հայաստանի ու Թուրքիայի միջև միջպետական հարաբերությունների զարգացման արդյունքում կարո՞ղ է, արդյոք, հաղթահարվել հայ հասարակությունում 1915 թվականի Ցեղասպանության հետ կապված հոգեբանական պատնեշը։

Կ.Բեքարյան. Այդ պատնեշն իրապես կարող է հաղթահարվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչի 1915 թվականի հայոց ցեղասպանությունը։ Սակայն դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ երկխոսություն հաստատվի, իսկ դրան հասնելու համար, առաջին հերթին, պետք է բացել սահմանը, քանի որ բաց սահմանի պայմաններում ավելի դյուրին է պայմանավորվածություններ ձեռք բերել։

Բայց ամբողջությամբ այդ պատնեշը կարելի է հաղթահարել միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո։ Ցանկացած  տուժած կողմ միշտ սպասում է, որ իրենից ներողություն խնդրեն, հակառակ դեպքում գործը հաջողությամբ չի պսակվի։ Այդ իսկ պատճառով հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես բնական գործընթաց և հարաբերությունների բարելավման նախադրյալ, կնպաստի Թուրքիայի կողմից 1915 թվականի հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Մենք պետք է հասնենք նրան, որ թուրքական հասարակությունն իմանա ցեղասպանության մասին և ընդունի այն։ Հայաստանն իր և Թուրքիայի ուսերից պետք է թոթափի այդ բեռը երկխոսության միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: