483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար հսկայական ցատկ կլինի դեպի գլոբալ աշխարհ
00:53
09 Հոկտեմբերի 2009

«Նովոստի-Արմենիա». Պարոն Զլոբին, Ձեզ է պատկանում այն հայտարարությունը, որ կովկասյան տարածաշրջանի երկրների խնդիրների մեծ մասը սերտորեն կապված է տեղի քաղաքական վերնախավի խորը անիրազեկության և քաղաքական անգրագիտության ու սեփական երկրների ազգային շահերը չհասկանալու հետ, ինչը բյուջեի, արտաքին քաղաքականության և բանակի ձևավորման հարցում որոշումներ կայացնելու անկարողության պատճառն է: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այսօր այդ հարցի վերաբերյալ, մասնավորապես, Հայաստանի համատեքստում:

Ն. Զլոբին. Ըստ էության՝ համաշխարհային զարգացման ներկա փուլի գլխավոր բնութագրերից մեկը համաշխարհային քաղաքական վերնախավի մտավոր անզորությունն է: Այսօր համաշխարհային վերնախավը ցուցաբերում է հսկայական մտավոր անկարողություն և ոչ ճկուն մտածելակերպ, որը կապված է աշխարհի չափազանց արագ փոփոխության և այն բանի հետ, որ մենք չենք հասցնում այդ գործընթացի ետևից. Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Պեկինը նկատելիորեն ետ են մնում: Իսկ մյուս կողմից աշխարհը փոխվում է մեզ համար անսպասելի ուղղությամբ:

Մենք նոր իրավիճակ ենք մտնում, ինչի մասին մենք չունենք որևէ հիմնարար գիտելիք, փորձ և գործիք: Դա է պատճառը, որ ինչ ես ասում էի երեք տարի առաջ, այսօր քիչ թե շատ կարելի է վերագրել ողջ գլոբալ քաղաքական դասին: Այստեղից էլ համաշխարհային քաղաքականության մեջ իմպրովիզացիայի և էքսպրոմտի ֆանտաստիկ մակարդակը, ռազմավարության բացակայությունը: Հիմնարար բաները չհասկանալը կապված է ոչ միայն գլոբալ քաղաքական դասի բթամտության, այլև աշխարհի զարգացման ուղղությունը գիտակցելու դժվարության հետ: Արդյունքում միաբևեռ աշխարհը, որը տեսականորեն կարող էր կայանալ, հազիվ թե ձևավորվի, այդ պատճառով ԱՄՆ-ն չկարողացավ և խոշոր հաշվով չցանկացավ աշխարհում ամեն ինչի պատասխանատուն լինել: Խոսակցություններն այն մասին, որ մենք անցնում ենք բազմաբևեռ աշխարհի, ինձ համոզիչ չեն թվում, ես չեմ տեսնում, թե ինչպես է դրսևորվում նման աշխարհը: Դա նույն այդ մտածելակերպի ատավիզմն է՝ հին կարծրատիպերի շրջանակներում, որոնց համապատասխան միաբևեռ աշխարհին պետք է փոխարինեն երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհները: Ես փորձում եմ ապացուցել, որ աշխարհը շարժվում է դեպի անբևեռություն, որտեղ չեն լինի ուժերի գլոբալ կենտրոններ, որոնք ի վիճակի կլինեն մենաշնորհային կերպով որոշել գլոբալ օրակարգը: Խնդիրն այդ կենտրոնների քանակը չէ, այլ այն, որ այսօր դրանք չկան և տեսանելի ապագայում չեն լինի երկրներ, որոնք ի վիճակի կլինեն պարտադրել կամ ձևավորել գլոբալ օրակարգ: Ես չգիտեմ, թե որքան կտևի այս իրավիճակը, սակայն մենք այժմ ակնհայտորեն շարժվում ենք այդ ուղղությամբ՝ «մեծ ութնյակի» ձևաչափի վերափոխումը «մեծ քսանյակի» մոտավորապես վկայում է այդ մասին: Արդյունքում գերտերությունները կորցրել են վերահսկողությունը գլոբալ օրակարգի նկատմամբ, որը դադարել է լինել նրանց մենաշնորհը, իսկ նրանց խնդիրները դադարել են լինել աշխարհի գլխավոր խնդիրները: Մենք սովորել ենք, որ գերտերությունների խնդիրները գլխավորն են, իսկ մյուս խնդիրները բխում են դրանցից և, համապատասխանաբար, դրանք անհրաժեշտ է լուծել գերտերությունների մակարդակով:

Ինձ թվում է, որ այս աշխարհը հեռացել է, և անբևեռ աշխարհի սկզբունքային հատկանիշներից մեկն այն է, որ գլոբալ օրակարգը մեկնել է ազատ նավարկության: Դա, մասնավորապես, կապված է այն բանի հետ, որ օրակարագը սկսել էր ձևավորվել հիմնականում իմպրովիզացիայի մակարդակով՝ ոչ այնքան հասկանալի չափորոշիչներով, սակայն դրա ձևավորման հարցում շատ կտրուկ աճեց տարածաշրանային խնդիրների դերը: Այսօր ոչ թե գերտերությունները, այլ տարածաշրջանային խնդիրներն են կանգնած աշխարհին մտահոգող խնդիրների ցանկի առաջին էջում:

«Նովոստի-Արմենիա». Տարածաշրջանային խնդիրներ ասելով Դուք հասկանում եք տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությու՞նը, թե՞ տարածաշրջանային հակամարտությունների լուծումը:

Ն. Զլոբին. Ես կբերեմ հետևյալ օրինակը: Կա ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենաուժեղ գերտերությունը, կա Չինաստանը, որը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, կդառնա աշխարհի երկրորդ տնտեսությունը, կա Եվրամիությունը, Ճապոնիան՝ ներկա երկրորդ տնտեսությունը: Նրանք բոլոր գլոբալ խաղացողներ են, և հանկարծ նրանք հայտնվեցին փակուղում՝ օրինակ Հյուսիսային Կորեայի կողմից: Քաշային կարգում Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, նույնիսկ միջուկային ծրագրերի տեսակետից, անհամեմատելի են: Իրանը նորմալ, հարգված, լուրջ, միջինգավառական երկիր է, սակայն վերջին ութ տարվա ընթացքում այն դարձավ աշխարհի գրեթե գլխավոր խնդիրը: Ինչպե՞ս դա բացատրել: Չէ՞ որ նա Ամերիկային կամ Ռուսաստանին ոչ կողմ է, ոչ դեմ, նա ինքն իրենով է և ոչ մի խնդիր չի լուծում, բացի սեփական անվտանգության խնդիրներից: Կոսովո, Աբխազիա. բոլոր այդ խնդիրներն անսպասելիորեն փոխարինեցին գլոբալ օրակարգի ավանդական հասկացությունը: Բարդությունը նաև այն է, որ գերտերություններն՝ իրենց հսկայական ռազմական բյուջեներով և բանակներով, այդ թվում նաև դիվանագետներով և փորձագետներով բացարձակապես կենտրոնացված չեն այդ խնդիրների լուծման վրա:

Ծագում են միանգամայն նոր խնդիրներ, որոնցից շատերը նախկինում գերտերությունները բացարձակապես անտեսում էին այն պատճառով, որ այդ խնդիրները չափազանց փոքր էին նրանց համար: Այժմ պարզվում է, որ մեծ երկրների վերնախավերը հայտնվում են առավել շփոթված իրավիճակում, քանի որ այլևս չի գործում այն իրավիճակը, որի դեպքում նրանք ապրում և տեսնում էին աշխարհը իրենց տեսանկյունից: Եվ առաջանում է որոշակի շփոթութ: Այս իրավիճակում, որքան էլ դա պարադոքսային է, սկսում է աճել տարածաշրջանային վերնախավերի հնարավորությունների և պատասխանատվության դերը: Եվ ոչ այն պատճառով, որ նրանք ավելի լավն են դառնում, այլ այն պատճառով, որ մեծ տղաներն ամբողջովին շփոթվել են: Իսկ փոքր տղաները, պայմանականորեն ասած, հանկարծ սկսում են սողոսկել մեծ ավազամանի մեջ և այնտեղ ծեփել իրենց քանդակները, ընդ որում՝ մեծ տղաները շփոթված նայում են և չգիտեն ինչ անել. նրանք այլևս չեն կարող փոքր տղաներին ուղարկել փոքր ավազաման, իսկ ինչպես վարվել՝ ամբողջովին անհասկանալի է: Արդյունքում գերտերությունները, որոնք տասնամյակներ շարունակ սովորել են լուծել սեփական խնդիրներն ու այս խաղում մանրացնել տարածաշրջանային փոքր խնդիրները, հանկարծ հայտնվում են հակադիր իրավիճակում: Նրանք դառնում են փոքր խնդիրների պատանդն ու մանրադրամը: Տարօրինակ է, սակայն նման պայմաններում տարածաշրջանային վերնախավերի դերը հանկարծ սկսում է կտրուկ աճել: Ստացվում է, որ մեծ երկրները կորցրել են գլոբալ օրակարգի նկատմամբ վերահսկողությունը, իսկ փոքրերը երբեք էլ չեն մտածել այդ օրակարգի մասին, նրանք ունեն սեփական տարածաշրջանային խնդիրները, որոնք հանկարծ դարձել են գլոբալ:

Համապատասխանաբար, համաշխարհային ասպարեզում տեղի է ունենում նման քաղաքական կամասուտրա, ինչը նկարի վրա չի կարելի պատկերել: Այս իրավիճակը, մեծամասամբ, անսպասելի է, այդ պատճառով չարժե զարմանալ, որ գլոբալ քաղաքական դասն իսկապես շփոթության մեջ է և դրսևորում է քաղաքական բացարձակ անկարողություն: Շատ հարցեր, որոնք նախկինում նրանք լուծում էին միայնակ, այժմ լուծել չեն կարողանում, նրանք չգիտեն մանրամասները: Պայմանականորեն ասած՝ այսօր նեյրովիրաբուժական վերնախավ է անհրաժեշտ, իսկ գլոբալ վերնախավը միշտ, ավելի շուտ, լուրջ վիրաբույժ է եղել: Տարածաշրջանային գերտերությունները հանկարծ իրենց հնարավորությունը ստացան:

Այս համատեքստում անբևեռ աշխարհը, որի մասին ես սկսել էի խոսել, շատ վտանգավոր է իմպրովիզացիայի մակարդակի և տիրոջ, խաղի կանոնների, որոշակի ավանդույթների բացակայության տեսակետից, ինչպես նաև նրանով, որ միջազգային հարաբերությունների ողջ համակարգը նախատեսված է միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ աշխարհի համար, և ոչ ոք չգիտի, թե ինչպես այն վերափոխել: Անբևեռ աշխարհն անկայուն է, անկանխատեսելի, սակայն շատ ավելի արդար, քանի որ այսօր բոլորը հնարավորություն ունեն հանկարծակի դառնալ ա-լյա մեծ երկիր և լինել գլոբալ օրակարգի ղեկին, ինչպես դա արեցին Իրանը կամ Կոսովոն, Հարավսլավիան կամ Կորեան, Աբխազիան կամ Հարավային Օսեթիան: Միաբևեռ աշխարհը կայուն էր, սակայն անարդար, անբևեռ աշխարհը՝ անկայուն, սակայն ավելի արդար: Եթե նախկինում տարածաշրջանային կովկասյան վերնախավից ընդհանրապես ոչինչ կախված չէր, ապա այժմ նրանից շատ բան է կախված: Այդ պատճառով վերնախավի որակը պետք է այլ լինի: Երեք տարի առաջ իրավիճակն ավելի պարզ էր, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանային վերնախավը շատ պատճառներով չէր համապատասխանում տարածաշրջանային խնդիրների բարդության մակարդակին: Այսօր հանկարծ պարզվում է, որ տարածաշրջանային վերնախավը պետք է տեղյակ լինի գլոբալ խնդիրների մասին: Եվ այստեղ սկսվում է լիակատար անհամապատասխանություն, քանի որ ավելի վաղ նման խնդիր երբեք չէր ծագել, իսկ այսօր բոլորը հասկանում եմ, որ անբևեռ աշխարհի պայմաններում տարածաշրջանային հակամարտությունը հեշտությամբ կարող է վերածվել գլոբալ հակամարտության, քանի որ որևէ զսպող գործոն և ուժերի հավասարակշռություն չկա: Այդ պատճառով տարածաշրջանային վերնախավերից այսօր պահանջվում է գլոբալ խնդիրների հասկացության միանգամայն այլ մակարդակ, ինչպես նաև պատասխանատվության այլ մակարդակ:

Տարածաշրջանային վերնախավն այսօր անցնում է իրականության ստուգում՝ համբուրգյան հաշվարկով (Համբուրգյան հաշվարկն իրականության, այլ ոչ թե անհատի պաշտոնական տեղի բացահայտումն է քաղաքական, պրոֆեսիոնալ, գիտական, մարզական կարգավիճակային հիերարխիայում – «Նովոստի-Արմենիա»): Նախկինում այն երկրորդական էր, իսկ այսօր, հատկապես հետխորհրդարային տարածքում, այն դարձել է գլոբալ աշխարհի դասի մասը: Այս իրավիճակում պարզ է, որ հետխորհրդարային վերնախավերն իրենց տարբեր կերպ են դրսևորում: Վրաստանում քաղաքական վերնախավի անհամապատասխանությունն ակնհայտ դարձավ: Հաճախ ակնհայտ է դառնում նաև ռուսական քաղաքական վերնախավի անհամապատասխանությունը: Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերություններում, ինձ թվում է, որ ֆանտաստիկորեն շահավետ է և լավ առումով տարբերում է հայկական քաղաքական վերնախավին հարևան Վրաստանի և ավել կամ պակաս չափով՝ ողջ հետխորհրդարային վերնախավից:

«Նովոստի-Արմենիա». Դուք նկատի ունեք Թուրքիայի հետ մերձեցման գնալու Հայաստանի պատրաստակամությու՞նը:

Ն. Զլոբին. Ես նկատի ունեմ ռիսկի գնալու, գլոբալ և հիմնարար խնդրի մակարդակի բարձրանալու պատրաստակամությունը: Կարելի էր շարունակել այս իրավիճակը, գոյատևման տեսակետից տրամաբանական կլիներ ոչինչ չանել: Սակայն ստեղծվել է հնարավորություն, և ինձ թվում է, որ Հայաստանը շատ մեծ ռիսկի է գնացել՝ չհասկանալով այս ամենի հնարավոր բոլոր տնտեսական, քաղաքական, բարոյական և գաղափարախոսական հետևանքները: Ըստ էության՝ ինձ թվում է, որ այս ամենում դրսևորվել է իր վրա հսկայական պատասխանատվություն վերցնելու հայկական վերնախավի պատրաստակամության աստիճանը, ինչը սովորաբար տարածաշրջանային վերնախավերը փորձում են չանել: Հայկական նոր քաղաքական սերունդը շատ ավելի մեծ տպավորություն է թողնում, քան մինչ այդ՝ ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ այն տեսակետից, թե ինչպես Հայաստանը սկսեց իրեն դրսևորել նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում նաև Թուրքիայի նկատմամբ: Այս իմաստով լուրջ առաընթաց կա: Ես անձամբ հարյուր տոկոսով կողմ եմ, թեև հասկանում եմ բոլոր դժվարությունները: Ըստ էության՝ պարզ է, որ երբ վերնախավը դեմ է գնում մանգամայն ակնհայտ հասարական կարծիքին և պատրաստ է պայքարել և ասել, որ խաղադրույքին իր քաղաքական կարիերան է դնում, քանի որ գիտի, որ դա ճիշտ է, ապա դա կարելի է երկու ձևով բացատրել:

Գոյություն ունի քաղաքական գործիչների երկու տեսակ: Կան, ինչպես ասում են ամերիկացիները, քաղաքական մարդիկ-կենդանիներ, ովքեր գիտեն, որ դա ճիշտ է շատ ավելի վաղ, քան հասկանում են դա: Եվ գոյություն ունի քաղաքական գործիչների այնպիսի տեսակ, որոնք պետք է իմանան, որ դա ճիշտ է՝ նախքան որոշում կայացնելը: Երկուսն էլ ոչ ավելի վատն են, ոչ ավելի լավը, նրանք ունեն պատասխանատվության նույնանման աստիճան, սակայն գիտակցման այլ ուղի: Ինձ թվում է, որ այսօր հայ քաղաքական գործիչները կամ առաջնորդները մաշկով են զգում, որ դա ճիշտ քայլ է, քան հասկանում են խելքով այն, որ դա պետք է արվի, որ կա հնարավորություն, պատմական պատուհան: Ակնհայտ է, որ եթե դա հաջողվի, ապա Հայաստանի համար հսկայական ցատկ կլինի դեպի գլոբալ աշխարհ:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ինչպիսի՞ն կլինեն այդ ցատկի արդյունքները տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներով:

Ն.Զլոբին. Այն, ինչ այժմ տեղի կունենա, իսկ ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա, և Աստված թող ձեզ հաջողություն տա, դա Հայաստանի փորձն է անցնել մեծ տղաների խաղին, մտնել մեծ ավազաման և սկսել ծեփել սեփական քանդակները՝ հետևում թողնելով տարածաշրջանային և մանր վիրավորանքների մանկապարտեզը: Կարող է` դրանք սկզբունքորեն կարևոր են, բայց հիմնարար շահերի տեսանկյունից դրանք, իհարկե, մանր երկրներ են: Դա մի հնարավորություն է Հայաստանի համար, որ նրան ևս մեկ, հնարավոր է, նույնիսկ ավելի լավ, քան ներկայում, հնարավորություն կտա միանալ գլոբալ աշխարհին:  

Այսօր Հայաստանում կա մեկ գլոբալ և լուրջ գործընկեր՝ Ռուսաստանը: Ես չգիտեմ` որքանով է դա համապատասխանում հայ ազգային շահերին, բայց միշտ ավելի լավ է ունենալ մեկ-երկու միջանցք, ուղի, դռնակ դեպի մեծ աշխարհ: Այնուհետև կարելի կլինի ընտրել, թե որով անցնել՝ մեկո՞վ, թե՞ բոլորով: Բայց այսօր կարող է պատահել, և այդ հարցում պետք է արժանին մատուցել հայկական ղեկավարությանը, որ ամբողջովին բացվի ևս մեկ դռնակ, իհարկե ոչ միանգամից: Հնարավոր է` դրանով սկզբում ոչ ոք չանցնի, իսկ հնարավոր է` շարժումն ընդհանրապես միակողմանի լինի, բայց դռնակը կլինի: Եվ ժամանակակից աշխարհի տեսանկյունից, դա բացարձակապես տրամաբանական քայլ է: Ես այս առումով պետք է փոխեմ իմ կարծիքը հայկական քաղաքական դասի մասին դեպի լավը:

Իրականում, դա էլ աննկատելի կերպով անում է Ադրբեջանը` օգտագործելով, հիմնականում, իր էներգետիկ հնարավորությունների հետ կապված ուղղայահաց վերելակները: Կան կպչող ձկներ, որոնք կպչում են մեծ ձկներին և նրանց հետ մեծ օվկիանոս են դուրս գալիս, Ադրբեջանին դա պետք չէ, նա էներգետիկ մեծ շուկա ունի՝ նա այնտեղ է ուզում միանալ: Ինչ-որ մեկը ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին, մեկ ուրիշն՝ ԱՄՆ-ին, երրորդն էլ՝ Եվրամիությանը, և դա նորմալ և բնական ընթացք է փոքր և գլոբալ գործընթացներից հետ ընկնող երկրների համար: Վրաստանն ակնհայտորեն չհաշվարկեց իր ռազմավարությունը և բախվեց փակ դռան` կարծելով, թե այն բաց է:

Եվ այդ առումով, դա ամբողջությամբ փոխում է տարածաշրջանի կառուցվածքը, որովհետև գավառական և քչերի համար հետաքրքիր երկրից Հայաստանը կվերածվի մի երկրի, որը մեծ նշանակություն կունենա, որը պետք է աշխարհին և Թուրքիային: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և լուրջ ռազմական ու գլոբալ տերություն, և հանկարծ պարզվում է, որ Հայաստանը նման հաղթաթուղթ է ձեռք բերում: Դա, անկասկած, կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակն առաջիկա երկու տասնամյակի ընթացքում: Ես կարծում եմ, որ դա ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի և տարածաշրջանի ազգային շահերին, կամ գոնե այն հատվածի շահերին, որտեղ գտնվում է Հայաստանը:

Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ այդ քայլն ունի ճիշտ ուղղություն, և պետք է ողջունել հայկական վերնախավի որոշումը: Մեկ այլ բան է, որ, ինչպես ասում են ամերիկացիները, սատանան միշտ մանրուքների մեջ է, և այդ մանրուքներն, անշուշտ, պետք է մշակել: Ես վստահ եմ և չեմ կասկածում, որ սխալներ կլինեն, բայց կարևորն այն է, որպեսզի դրանք չքողարկեն այն գիտակցումը, որ ճիշտ քայլ է կատարվել:

Ամեն դեպքում, փորձն արդեն արժե, որպեսզի այն բարձր գնահատվի: Չէ՞ որ համաշխարհային քաղաքականությունում կան անհաջողակներ, բայց դա ամենավատ կատեգորիան չէ: Ամենավատ կատեգորիան կազմում են քվիթերներն, ովքեր ընդհանրապես դուրս են գալիս խաղից: Եվ այժմ Հայաստանը փորձում է մտնել խաղի մեջ, և եթե նա նույնիսկ, պայմանականորեն ասած, տանուլ տա, սխալներ թույլ տա և դառնա անհաջողակ, նա, միևնույն է, խաղի մեջ կլինի, և չվերադարձի կետն անցած կլինի: Եվ դա կլինի հայկական վերնախավի ներկա սերնդի պատմական վաստակը, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ:

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ է զգալի այս իրավիճակում, Ձեր կարծիքով, մասնավորապես, ԱՄՆ-ի արտաքին ճնշումը, և որքա՞ն երկարաժամկետ են գերտերությունների շահերը:

Ն.Զլոբին. ԱՄՆ շահերը Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ չեն: Հայաստանն ընդհանրապես գոյություն չունի Միացյալ Նահանգների լուրջ շահերի ոլորտում: Բայց Կովկասն ունի: Աշխարհում կան տարածաշրջաններ, որտեղ գերտերություն համարվող ցանկացած երկիր, լինի դա Ամերիկան, Ռուսաստանը թե Եվրամիությունը, ստիպված են նշել իրենց ներկայությունը: Դա միշտ չէ, որ լավ է այդ տարածաշրջանի համար: Կան այնպիսի տեղեր՝ Կովկաս, Բալկաններ, Մերձավոր Արևելք, որտեղ խաղացողները գալիս են դրսից և պետք է լինեն այնտեղ, քանի որ հակառակ դեպքում դրանց ազդեցությունն աշխարհում խիստ կսահմանափակվի: Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է ներկա լինել, և նրա հիմնական շահը ներկայությունն է Կովկասում:

Նահանգները կանեն առավելագույնը, ընդ որում ոչ թե Հայաստանի, Թուրքիայի շահերից, այլ մեկ երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից ելնելով: Եվ դրան պետք է վերաբերվել իրատեսականորեն: ԱՄՆ-ն, ինչպես ցանկացած այլ նորմալ երկիր, երբեք ուրիշների համար չի անի ոչինչ, որ հակասի իր ազգային շահերին: Այդ իսկ պատճառով, այս տարածաշրջանում աջակցությունը, մասնակցությունը և շահագրգռվածությունը կլինի այնքան, ինչքան որ ԱՄՆ վերնախավը կզգա Միացյալ Նահանգների շահերն այդ տարածաշրջանում: Այդ պատճառով էլ զգալի չափով դա հարց է ոչ միայն ԱՄՆ վերնախավին, այլ նաև տարածաշրջանին՝ որքանով այն կկարողանա հետաքրքրել ԱՄՆ-ին և Եվրամիությանը կամ Ռուսաստանին և առաջարկել նրանց մի բան, ինչը համապատասխանում է իրենց շահերին՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, կրոնական, գլոբալ տեսանկյունից:

Արտաքին քաղաքականության մեջ ոչ ոք նվիրատվություններ չի անի։ Արտաքին քաղաքականությունը ճիշտ ընկալված և լավ ձևավորված ազգային եսասիրություն է։ ԱՄՆ-ի այդ եսասիրությունը բավական ուժեղ է զարգացած, Նահանգները հեշտությամբ գալիս են, երբ իրենց հետաքրքրությունը սկսում է դրսևորվել, և հեշտութայմբ գնում են, երբ հետաքրքրությունը կորում է: 

Ինձ թվում է, որ Կովկասը դեռ երկար ժամանակ հետաքրքիր կմնա։ Ես կարծում եմ, որ Կովկասը լրջորեն հետաքրքրում է Միացյալ Նահանգներին բազմաթիվ պատճառներով՝ դա կայունությունն է, էներգետիկան, տրանսպորտային ուղիները:

«Նովոստի-Արմենիա». Իսկ հնարավո՞ր է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության մասով ամերիկյան դիրքորոշման փոփոխությունը քաշի ԱՄՆ հետաքրքրության վեկտորը դեպի Կովկաս:

Ն.Զլոբին. Ոչ, չեմ կարծում: Վաշինգտոնում ես հաճախ բախվում եմ նրան, որ հետխորհրդային տարածքի երկրներից  պարբերաբար ԱՄՆ ժամանող մարդիկ Սպիտակ Տունն ընկալում են որպես Կրեմլ, բայց միայն Վաշինգտնում, այսինքն, մեզ նման, բայց ավելի հարուստ: Սակայն մեքենան այդքան էլ ճիշտ չի աշխատում, այդ պատճառով ՀՀՊ հետ կապված շահերը պարտադիր չէ, որ խաչվեն Կովկասի հետ կապված ԱՄՆ հատուկ շահերի խմբերի կամ արտաքին քաղաքականության քայլերի հետ: Որքան ես տեսնում եմ, այդ գծերն այսօր չեն խաչվում: 

ՀՀՊ գլոբալ համակարգը, որը ցանկանում են կառուցել Միացյալ Նահանգներում, մեծ հաշվով, չունի աշխարհագրական կապակցում: Ես ամենասկզբից հանդես եմ եկել ՀՀՊ դեմ Արևելյան Եվրոպայում, քանի որ այդ խաղը ԱՄՆ կողմից ոչինչ չարժե: Իմ կարծիքով, 20 տարի հետո դա, միևնույն է, կտեխափողվի տիեզերք: Համակարգը կզարգանա և կկատարելագործվի, զենքը, համենայն դեպս, ոչ միջուկայինն ու ռադարները, կտեղափոխվեն տիեզերք, և ես չեմ կարծում, թե մենք կարող ենք դա կանգնեցնել: Դա, ավելի շուտ, իրավաբանական, քան տեխնիկական հարց է:

Այդ պատճառով ինձ թվում էր, թե դա մի միջանկյալ տարբերակ է, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին աշխատունակ վիճակում  պահել իր ներկայիս ռազմարդյունաբերական համալիրը: Այժմ կլինի մի ուրիշ կոնֆիգուրացիա, որը կտեղափոխվի ռազմածովային միջոցներին, և այդ տեսանկյունից Ռուսաստանն, իմիջիյլոց, կարող է գտնվել շատ ավելի խոցելի վիճակում, քանի եթե դա լինի ճկուն տեխափոխելի համակարգ:

Այնպես որ չեմ կարծում, թե այստեղ ուղիղ կապ կա, սակայն կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն ներկա կգտնվի Կովկասում այնպիսի ծավալով, որքան նրան թույլ կտան մյուսները: Անօդ տարածություն, ազատ աշխարհաքաղաքական սանտիմետր երկրի վրա չի լինի: Այնտեղ, որտեղից Ռուսաստանը մեկ քայլ ետ կանի, քայլ առաջ կկատարեն Ամերիկան և Եվրոպան կամ հակառակը: Այս պատճառով էլ իրավիճակը Կովկասում, ինչպես և աշխարհի այլ տարածաշրջաններում առաջիկա 20 տարիների ընթացքում կախված կլինի «մի քայլ առաջ, երկու քայլ՝ հետ»-ից այս կամ այն կողմից:

Սակայն միաժամանակ, ի տարբերություն նախորդ իրավիճակի, Հայաստանն ինչ-որ բան ասելու իրավունք կունենա  այս քայլերի վերաբերյալ: Ավելի վաղ Հայաստանը նման իրավունք չի ունեցել, քանի որ նա, ըստ էության, մի կողմի պատանդն է եղել: Նա միայն մեկ տարբերակ է ունեցել, ինչպես ներկայում՝ Վրաստանը: Դուք այժմ փորձում եք դուրս պրծնել մի իրավիճակից, որտղ իրեն է մտցրել Սահակաշվիլու կառավարությունը: Դա փակուղի է, քանի որ, ինչպես կարելի է ապրել, երբ ընտրություն չունես, և երբ ընտրում են մյուսները, լինի դա Մոսկվան, Վաշինգտոնը կամ Բրյուսելը:

Ես կարծում եմ, որ փոխադարձ ճզման քաղաքականությունը կշարունակվի, բայց այժմ, այսպես արհամարհելով Հայաստանի շահերը՝ միմյանց փոխադարձ քամել արդեն հնարավոր չի լինի, քանի որ Հայաստանն արդեն անցել է մեկ այլ կատեգորիայի, և հայկական վերնախավի ձայնն արդեն ավելի լուրջ կհնչի:

Հայկական վերնախավի հաջորդ սերունդն ավելի գլոբալացված կլինի, քան նախորդը կամ դրան նախորդողը: Շատ բան կախված կլինի այդ քայլերի հետ խաղից և հայկական ու ադրբեջանական վերնախավի դիրքորոշումներից: Հավանաբար, վրացական վերնախավին կպահանջվի գոնե մեկ սերունդ առողջ դատողության վերկանգնման համար և հասկանալու համար, թե ի՞նչ աշխարհում են իրենք գտնվում: Կարող է այնպես լինել, որ ողջ վրացական իշխող օղակները բոլոր առումներով հետ կընկնեն Հայաստանից, ինչը Հայաստանի համար նոր հետաքրքիր իրավիճակ կձևավորի: Նրան կսկսեն նայել, ինչու չէ, որպես տարածաշրջանային առաջնորդի:

ԱՄՆ-ն զգում է`ում վրա խաղադրույք կատարել և հեշտությամբ թողնում է հին ընկերներին, ինչպես դա տեղի ունեցավ Ուզբեկստանի, Ղրղզստանի, նույն Վրաստանի հետ: Նա թողնում է հին ընկերներին, գտնում է նորերին՝ դա եսասիրական տեսանկյունից շատ խելամիտ արտաքին քաղաքականություն է: Դրանում է ԱՄՆ-ի ուժը՝ նա չի նյարդայնանում նրանից, որ այսօր չունի սկզբունքային նշանակություն, իսկ, ի տարբերություն հայերի և ռուսների, նայում է պատմությանը որպես լուծված խնդիրների ցուցակի: Քաղաքականությունը «վաղվա» մասին է, և ոչ թե «երեկվա», և եթե քաղաքական գործիչը սկսում է դիմել «երեկվան», նա խաբում է բոլորին, և նա պետք է գնա և պատմություն դասավանդի համալսարանում: Եթե խնդիրը լուծված է՝ գնացինք առաջ, եթե ոչ՝ շրջանցեցինք և գնացինք առաջ: Կարևորը՝ ոչ մի դեպքում չդառնալ անցյալի գերի: Այդ դեպքում երկիրը թոշակի է գնում: Հայաստանն իրականում կենսաթոշակի էրգնացել կամ երկար արձակուրդ էր անցկացնում տարիներ շարունակ, այսօր նա փորձում է հաղթահարել այդ փուլը, և ես դա ասում եմ պատմության նկատմամբ ունեցած հարգանքով:

«Նովոստի-Արմենիա». Կրկին վերադառնալով հայ-թուրքական մերձեցման թեմային՝ տեսնում եք Դուք, արդյո՞ք, այս հարցի կապակցումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խնդրին:

Ն.Զլոբին. Անկախ հակամարտություններից և աշխարհում տիրող իրավիճակից՝ պետության տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև ընտրության հարցում ես միշտ սկզբունքորեն ինքնորոշման կողմնակից եմ եղել։ Ես միշտ մարդկանց կողմն եմ, և ոչ պետության: Պետությունը երկրորդական է, այն մարդկանց գործունեության արդյունք է: Հակառակը լինել չի կարող՝ սկզբում մարդիկ, հետո՝ պետությունը, իսկ եթե հակառակն է, ապա դա դիկտատուրա է, ստրկատիրություն:

Այդ իսկ պատճառով ինձ համար սկզբունքերն կարևորը, լինի դա Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, թե Կոսովոն, այն չէ, թե ինչ պետական դրոշ է այնտեղ ծածանվում, այլ այն, որ այնտեղ մարդիկ ապրում են այնպես, ինչպես կամենում են: Հողի ազգությունն աբսուրդ է, հողը չունի ազգություն, երկրի ցանկացած մասում ձեզնից առաջ ինչ-որ մեկն ապրել է: Ուստի, իմ կարծիքով, սկզբունք է հանդիսանում այն, որքանո՞վ է մարդկանց ցանկությունը համընկնում իրենց հնարավորություններին:

Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերոթյունների կարգավորման գնալով, առաջնորդվում է մոտավորապես այդ սկզբունքով: Հայ հասարակությունն, իմ կարծիքով, որոշում է ընդունել մարդկանց ավելի բարձր դասել, քան տարածքները, հին վիրավորանքները, սուվերեն կարծրատիպերը: Նույն դիրքորոշմամբ էլ պետք է վերաբերվել Լեռնային Ղարաբաղին: Այս առումով այդ երկու գործընթացներն, անկասկած, փոխկապակցված են: Ես մտածում եմ, որ պարզամիտ կլիներ, եթե դա կապված լիներ պարզապես տեխնիկապես, որովհետև Լեռնային Ղարաբաղի ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, եթե դա կապված է մյուս երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման հետ: Այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի մի իրավիճակում, երբ նրա ճակատագիրը կորոշվի իր սահմաններից դուրս, մինչդեռ այն պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից:

Աբխազիան անկախացավ 15 տարի առաջ, բայց Ռուսաստանն ընդունեց այն միայն նախորդ տարի, և միայն այն պատճառով, որ սկսվեց այդ հակամարտությունը: Իսկ եթե Սահակաշվիլին չսկսեր գնդակոծել Ցխինվալին, Ռուսաստանը չէ՞ր ճանաչի Աբխազիան: Ստացվում է, եթե Հայաստանն ու Թուրքիան չլավացնեին հարաբերությունները, ուրեմն Լեռնային Ղարաբաղը չի վաստակե՞լ անկախություն: Այստեղ պետք չէ ուղիղ կապ դնել, որովհետև դա վիրավորում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց և այն հայերին ու ադրբեջանցիներին, ովքեր կարծում են, թե իրենք հնարավորություն ունեն որոշել այն մարդկանց փոխարեն, ովքեր ապրում են այնտեղ: Այս առումով, անբևեռ աշխարհը, որի մասին ես արդեն խոսեցի, ավելի արդար է:

Պետք է թողնել, որպեսզի դեպքերի տրամաբանությունը հասնի ավարտին: Մեծ հաշվով, ես այն կարծիքի հակառակորդն եմ, թե նմանատիպ հարցերի լուծումը պետք է սկսվի նրանից, թե ինչ դրոշ է այնտեղ դրվելու: Պետք է մարդկանց լավ ապրելու հնարավորություն տալ: Նա, ով ընդունակ է ապահովել ճանապարներն ու դպրոցները, հիվանդանոցներն ու կենսաթոշակները, լավ ապրելակերպը, աշխատանքն ու հեռանկարները, կշահի անկախ նրանից, թե ում դրոշն է այնտեղ ծածանվում: Պետք է առաջնահերթությունը տալ մարդկանց, ոչ թե դրոշներին:

Լեռնային Ղարաբաղն այն իրավիճակներից է, երբ գրեթե բոլոր մեծ տերությունների դիրքորոշումները միասնական են, ճշմարտությունը ժխտման մեջ է՝ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ անել: Պետք է վերականգնել սոցիալական արդարությունը, լուծել փախստականների խնդիրը, ֆինանսական հարցերը, բայց այս ամենը երկրորդական է, դա կրկին պատմություն է: Այսօր կան կոնկրետ խնդիրներ ունեցող մարդիկ, պետք է նրանց նորմալ ապրելու հնարավորություն տալ, ոչ թե լուծել սեփական խնդիրները, և ավելին` չլուծել սեփական խնդիրները մյուսների ճակատագրի հաշվին: Դա, մեղմ ասած, ստորություն է:

«Նովոստի-Արմենիա». Ասվածի համատեքստում, փոփոխություններ կկրե՞ն հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները:

Ն. Զլոբին. Կարծում եմ, որ իրավիճակը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի համար ծանր է ստացվում: Բանն այն է, որ Եվրասիան մի տեղ է, որտեղ հավաքվել են ձախողակները, նրանք բոլորը պարտվել են այսօրվա դրությամբ, և բոլորն ուզում են փախչել այդ Եվրասիայից: Նրանք փախչում են՝ բռնվելով դրա սահմաններից դուրս գտնվող երկրներից, մեկը՝ Չինաստանից, մյուսը՝ ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ռուսաստանը ոչ մի տեղ չի փախչի, նա Եվրասիայի կենտրոնն է, այդ իսկ պատճառով ի տարբերություն մյուսների, Ռուսաստանը և, հնարավոր է նաև Ղազախստանը, այն երկրներն են, որոնք պետք է շահագրգռված լինեն Եվրասիայի առավելագույն զարգացմամբ ու կարգավիճակի բարձրացմամբ:   

Առայժմ Ռուսաստանին սա չի հաջողվել: Անգամ հասարակ մի իրավիճակում, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, Ռուսաստանը չկարողացավ ճիշտ հասկանալ իր պատասխանատվության աստիճանը: Նա պատասխանատվությունն ընկալեց որպես գերակայություն, ազդեցություն, նախկին ԽՍՀՄ տարածքները կառավարելու հնարավորություն այսպես, թե այնպես: Նրա պատասխանատվությունը դա չէր, այլ այն, որ իր շուրջ հզոր, կայուն, զարգացած, ինքնուրույն պետություններ ստեղծվեին: Այս պատասխանատվությունը նա չկարողացավ կատարել:

Այսօր Հայաստանը ռուսական արտաքին քաղաքականության առաջ նոր խնդիր է դնում ԱՊՀ-ում: Հայաստանի հետ այսուհետ խոսելը շատ ավելի բարդ է լինելու: Սա շատ լավ է Հայաստանի համար և, ըստ իս, Ռուսաստանի համար նույնպես: Սա հերթական խնդիրն է, որը պետք է, վերջապես ստիպի Ռուսաստանին ընդունել իրողությունները: Գերակայությունը բարեկամության չի հանգեցնում, այն ոչ դաշնակիցներ է ստեղծում, ոչ բարեկամներ: Գերակայությունը ստիպում է ենթարկվել, այդ իսկ պատճառով, հենց որ ենթակայությունից փախչելու հնարավորություն է լինում, բոլորը միանգամից, բնականաբար, փախչում են: 

Ինձ թվում է, որ անցյալ տարի Ռուսաստանի համար ոչ թե տագնապալից զանգ է հնչել, այլ ղողանջ, երբ ԱՊՀ ոչ մի երկիր Վրաստանի հետ հակամարտությունում նրան չսատարեց: Ինձ թվում է, որ Ռուսաստանը մենակ է մնացել հետխորհրդային տարածքում, և այսօր, նա, հավանաբար, կորցնում է վերջին գործընկերոջը, որը Ռուսաստանի գործընկերն էր, քանի որ անելանելի իրավիճակում էր:  

Ռուսաստանը ոչ մի տեղ չի փախչի, նա հսկա տերություն է, նա ունի շահեր հետխորհրդային տարածությունում: Հայաստանին պետք է նրա հետ հրաշալի հարաբերություններ ունենալ, վստահելի, տնտեսական, քաղաքական, ռազմական տեսանկյուններից հարուստ, բայց հավասարազոր: Եվ քանի դեռ Հայաստանն այլընտրանք չուներ, հավասարազորության մասին խոսք լինել չէր կարող: Այսուհետ հավասարազորությունը կսկսի ի հայտ գալ:

Գլուխ կհանի արդյոքՌուսաստանն այս իրավիճակից, թե ոչ, չգիտեմ: Գլուխ կհանի արդյոք Հայաստանը, ես դարձյալ չգիտեմ: Այս իրավիճակի հետ պետք է շատ զգուշորեն վարվել, քանի որ Ռուսաստանը, միևնույն է, գլխավորը կմնա, և ոչ մի Թուրքիա նրան չի փոխարինի: Ռուսաստանը, միևնույն է, գլխավոր տնտեսական գործընկերն ու տարածաշրջանի անվտանգությունը, դրա մշակութային զարգացումը մեծամասմաբ ապահովող գործընկերը կմնա: Այդ իսկ պատճառով այստեղ ամեն ինչ պետք է այնպես անել, որ, լիարժեք քաղաքական, տնտեսական, մշակութային, լեզվական անկախությունը պահպանելով, լավագույն բարեկամներ մնալ: Սա նույնն է, ինչ ամուսնալուծությունից հետո լավ ընկերներ մնալը, սա համարյա թե հնարավոր չէ, բայց հնարավոր է խելացի մարդկանց համար, որոնք հասկանում են, թե կյանքում ինչն է կարևոր և ինչը՝ ոչ: 

Ռուսներին և հայերին նույնպես կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանն ու Հայաստանը երբեք իրարից ոչ մի տեղ չեն փախչի, և ծագում է նոր իրավիճակ, որից երկրներից երկուսն էլ պետք է առավելագույն կերպով օգուտ քաղեն: Վերնախավի հասունությունն այն է, որ հաբասարակշռություն գտնի իր սեփական հավակնությունների բավարարման և նրա միջև, թե ինչ կարող է կորցնել:  

Արտաքին քաղաքականության մեջ պետք է առավելագույնս լավ կազմակերպված ազգային էգոիզմ երկու կողմից էլ: Հայաստանը պետք է գործի ելնելով իր ազգային շահերից, ոչ թե նրանից, թե ինչպես դրան կնայեն ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում: Այս հարցերում ոչ մի կայուն բան լինել չի կարող, առավել ևս, որ Հայաստանն ու Ռուսաստանը որպես անկախ ու ինքնուրույն պետություններ նոր-նոր ոտքի կանգնող երկրներ են, նրանք զարգանում են, և քաղաքական համակարգերը փոփոխվելու են:

Հայաստանն այժմ գլոբալ աշխարհակարգում փնտրելու է իրեն ուրիշ կողմնացույցով, և Ռուսաստանն այժմ այլ կերպ է նայելու Հայաստանին: Այնպես որ հիմա կարծում եմ փոխադարձ հղկման-հարմարեցման գործընթաց կգնա, բավականին ցավոտ ու բավականին երկար: Եթե որևէ մեկն ավելի վատ վիճակում հայտնվի, հնարավոր կլինի նախանձել գործընկերներին:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ըստ Ձեզ ինչպիսի՞ն կլինի ռուս-վրացական հարաբերությունների ընթացքը, և ընդհանրապես, իրատեսակա՞ն է, արդյոք, տեսանելի հեռանկարում դրանց վերսկսումը:

Ն. Զլոբին. Ոչ, տեսանելի հեռանկարում դա իրական չէ: Կարծում եմ, որ Վրաստանը լուրջ սխալ հաշվարկ է արել, վրացական քաղաքական դասը արմատական սխալ է գործել և սխալ պատմական ընտրություն կատարել: Ի դեպ, դա Հայաստանին նույնպես վերաբերում էր մինչև վերջին ժամանակներս:

Չի կարելի ցանկացախ արտաքին քաղաքական խնդիր սեփական արտաքին քաղաքականության գլխավոր խնդիր դարձնել, որքան էլ կարևոր այն չթվա, և դրա վրա երկիր կառուցել: Սահակաշվիլին իր քաղաքականությունը կառուցեց տարածքային ամբողջականության վերականգնման վրա, ընդորում արհամարհելով հենց իրեն՝ Վրաստանը: Նա Վրաստանն ու իր նախագահությունն այնտեղ տեսնում էր որպես դրա տարածքային խնդիրների լուծման միջոց: Մարդիկ, որոնք քվեարկել էին իր օգտին և որոնք աշխատում են Վրաստանում տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոց էին: Սա ահռելի քաղաքական սխալ է, և քանի դեռ այդ վերնախավն այն չի ճանաչել ու չի գտել քաղաքական ինքնարտահայտման այլ միջոց, հարաբերությունները փոխվել չեն կարող:

Ռուսական կողմից, ըստ իս, թույլ են տրվել ահռելի ռազմավարական սխալներ Վրաստանի նկատմամբ, ընդորում նրանք սկսել են թույլ տրվել ոչ թե Սահակաշվիլու գալու հետ, այլ ԽՍՀՄ փլուզման ամենասկզբից: Սահակաշվիլին և ամերիկացիները եկել են արդեն պատրաստիի վրա, Շևարնաաձեն և Գամսախուրդիան նույնպես բավականին հակառուսական դիրքորոշում ունեին, հարաբերությունները շատ արագ վատացան:

Այսօր խնդիրն այն է, որ Կրեմլում շատերին Սահակաշվիլին պետք է, ձեռնտու և օգտակար այն տեսքով, որով նա կաԼ Ես կասեի, որ Վրաստանը ռուսական Կուբան է, փոքր, ռազմական առումով անվտանգ, բոլոր առումներով անօգնական, բայց հնչեղ երկիր անկասկած վառ, նկատելի, հետաքրքրություն առաջ բերող ղեկավարով: Մեծ հաշվով, Սահակաշվիլին սա վրացական Կաստրոն է: ՍԱ շահավետ է շատ մարդկանց Կրեմլում և ռուսական քաղաքականության մեջ, քանի որ սա թույլ է տալիս մեղքը գցել ներքին քաղաքականության վրա և բացատրել սա Արևմուտքի, ԱՄՆ-ի դավերով: Եթե սա չլինի, ստիպված են լինելու արդարանալ սեփական սխալ հաշվարկների համար և ոչ ոք չի լինի, ում վրա մեղքը գցեն:

Առայժմ Ռուսաստանը արտաքին թշնամի ունենալու, սեփական սխալները դրսից ինչ-որ մեկի գոյությամբ արդարացնելու կարիք է զգում: Վրաստանը գոյություն կունենա: Վրաստանը ռուսական քաղաքական դասի ոչ տհաս լինելու աստիճանն է: Ռուսաստանը կարող է իր քաղաքականությունը կեսդարի ընթացքում կառուցել ՝ իր հարավում ունենալով նման փոքր, բայց ակտիվ գրգռիչ: 

Այդ իսկ պատճառով ես այսօր վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման հնարավորություն չեմ տեսնում երկու կողմից էլ, ես չեմ տեսնում այդ բարելավման հարցումը: Հուսով եմ, որ սա կեսդար չի շարունակվի, բայց տեսանելի ապագայում հեռանկարներ չեմ տեսնում: Համենայն դեպս, Վրաստանի ներկայիս ղեկավարությունը ցանկացած տեսքով անընդունելի է Ռուսաստանի համար, իսկ վրացական ընդդիմության շարքերում չկա մեկը, ով այսօր համարձակվեր խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելուց: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, խոսքը քաղաքական գործիչների հաջորդ սերունդների մասին է, որոնք կկարողանան բարելավել հարաբերությունները երկու երկրների միջև:    

«Նովոստի-Արմենիա». Կփոփոխվի՞ տարածաշրջանային անվտանգության կառուցվածքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանների բացումից հետո:

Ն. Զլոբին. Իհարկե կփոխվի: Անվտանգության այն համակարգը, որ կա այսօր տարածաշրջանում, բնութագրվում է իր սեփական բացակայությամբ: Սա պատահականությունների, ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում գոյացած տարրերի և սառը պատերազմի ավարտի հավաքագրում է: Անվտանգության համակարգ չկա, չկա նույնիսկ հասկացողություն, անվտանգություն ումից և ինչու, ռազմական և ոչ ռազմական անվտանգության, դրա ռազմավարակն նպատակի հարաբերակցություն: 

Այս թեմայով դեռևս ոչ ոք լրջորեն չի մտածել, քանի որ տարածաշրջանը զարգանում էր շատ դինամիկ, իսկ գլխավորը, որ տարածաշրջանում գտնվող բոլոր երեք պետությունները շարժվում էին տարբեր ուղղություններով: Կովկասում տարածաշրջան կազմող ոչ մի բան այսօր չկա: Եթե հաջողվի այդ միտումը հաղթահարել, ապա կսկսի անվտանգության մեկ համակարգ ձևավորվել՝ տարածաշրջանային: Եթե այս միտումը հաղթահարել չհաջողվի, Ադրբեջանը կսկսի մի կողմ քաշվել, Վրաստանը կշարունակի բռնվել ԱՄՆ-ից, իսկ Հայաստանը Թուրքիայի միջով կսկսի տատանվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Անվտանգության տարածաշրջանային համակարգ ստեղծել նորից չի ստացվի, այն անհրաժեշտ կլինի անընդհատ համադրել: 

Մեծ հաշվով, ամեն ինչ պետք է հնարավորինս հեշտացնել: Կա ընդամենը երկու տարբերակ. դա իր սեփական անվտանգության համակարգը ստեղծելու հնարավորություն ունեցող տարածաշրջանն է, և մի տարածաշրջան, որի անվտանգության համակարգը երաշխավորում են արտաքին մեծ խաղացողները: Առաջին տարբերակ չկա, բայց երկրորդը նույնպես չկա, քանի որ ոչ ոք բանակցությունների չի վարել, ոչ ոք չի պայմանավորվել, ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի երաշխավորել:   

Որ ուղղությամբ կշարժվի` այս հարցի պատասխանը չկա, բայց Թուրքիայի մասնակցությամբ, որը այս կամ այն չափ կարող է հավասարակշռել Ռուսաստանին, ամենայն հավանականությամբ, խոսքը երկրորդ տարբերակի մասին կլինի արտաքին մեծ խաղացողների մասնակցությամբ, որոնք ուզում են ներկա լինել Կովկասում, ընդ որում մշտական փոխադարձ չզման վիճակում:

Այստեղ գլխավորը տեղական վերնախավի դերը գտնելն է, քանի որ ոչ մի դեպքում չի կարելի տարածաշրջանը արտաքին խաղացողների ձեռքը տալ: Կարծում եմ, որ դա արդեն չի ստացվի, ամեն դեպքում, դրանից պետք է փորձել խուսափել՝ առավելագույնս անվտանգության գործառույթները սեփական ուժերով կատարելով: 

Կարծում եմ, որ տարածաշրջանային անվտանգություն, որպես այդպիսին, բնության մեջ չկա: Տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ժամանակակից զարգացման պարագայում խոսել անվտանգության տարածաշրջանային համակարգերի մասին կարելի է միայն պայմանականորեն, այդ իսկ պատճառով ցանկացած տարածաշրջանային համակարգ պետք է գլոբալ երաշխիքներ ունենա և որևէ լուրջ գլոբալ համակարգի մի մասը լինի:  

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կծառայի Ռուսաստանի շահերին:

Ն. Զլոբին. Ռուսաստանի երկու հարևանների միջև հարաբերությունների նորմալացումն, անխոս, ծառայում է նրա ազգային շահերին: Բայց կան նաև ներկայիս ռուսական քաղաքական դասի շահերը, որոնք անպայման չէ, որ արտահայտում են երկրի ազգային շահերը: Հենց սա է քաղաքական դասի հասունության տարրերից մեկը՝ սեփական տեղային շահերը տերության շահերից առանձնացնելու կարողությունը: Հետխորհրդային վերնախավերի մեծամասնության մոտ այդ կարողությունը չկա, նրանք իրենց տեսնում են որպես իրենց երկրի ազգային շահերի արտահայտող: Սա խորապես սխալ է: Եվ սա այն է, ինչ հայկական ղեկավարությունն անում է այսօր ՝ հանդիսանալով դրական ու գրավիչ օրինակն այն բանի, թե ինչպիսին է իրավիճակն իրականում: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։