480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը երբեք միակողմանի զիջումների չի գնա ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ
15:07
29 Սեպտեմբերի 2009

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա»  - Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ վերջերս հրապարակված արձանագրությունների էությունը:

Ա. Սարգսյան – Այդ արձանագրությունները հայկական կողմի համար անընդունելի որոշ դրույթներ են պարունակում: Այդ պատճառով սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքական կուսակցությունների շատ ղեկավարներ արձանագրությունների վերաբերյալ արտահայտեցին իրենց մտավախություններն ու առաջարկները, մասնավորապես՝ տեքստերի խմբագրման հարցի կապակցությամբ: Այս ամենից դատելով՝ տեքստերը խմբագրել չի կարելի: Դա երևի պայման է, որը երկու կողմերը պարտավոր են պահպանել, և պայմանավորված է նրանով, որ բանակցություններն ընթացել են բավականին երկար, և կողմերը չեն ցանկանում կրկին ինչ-որ բան փոխել կամ նորից որևէ բան անել, հատկապես որ նրանք դա փոխզիջումային լուծում են համարում:

Իմ կարծիքով այդ արձանագրություններում կան Հայաստանի համար սկզբունքորեն անընդունելի մի քանի դրույթներ: Մասնավորապես, Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրության մեջ կա մի կետ, որի համաձայն՝ «անհրաժեշտ է երկու ժողովուրդների միջև պատմական հարթության վրա երկխոսություն իրականացնել, որն ուղղված է փոխադարձ վստահության վերականգնմանը, այդ թվում նաև գիտական, պատմական փաստաթղթերի անաչառ ուսումնասիրման օգնությամբ գոյություն ունեցող խնդիրները պարզելու և առաջարկները ձևակերպելու համար»: Մեր կուսակցությունն այդ երկխոսության դեմ որևէ բան չունի, նույնիսկ չի առարկում «պատմական հարթություն» երևույթի դեմ: Սակայն, երբ մեզ ասում են, որ պատմական փաստաթղթերն ուսումնասիրելիս՝ փոխադարձ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է ղեկավարվել գիտական, անաչառ մոտեցումներով, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ հայ պատմաբանները, փորձագետներն ու գիտնականները փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրման ժամանակ մինչ այժմ ղեկավարվել են ա՞յլ սկզբունքներով:

Մենք ի՞նչ է պետք է ապացույցներ բերեք, որ Անին հայկական քաղաք է, իսկ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն իրոք հայկական են: Ինչ վերաբերում է Ցեղասպանության փաստին, ապա հայկական կողմի համար վիրավորական կլինի կրկին ուսումնասիրել որևէ փաստաթուղթ: Մենք կարիք չունենք կրկին փորփրել փաստաթղթերը, նույնիսկ եթե թուրքերը կարողանան դրանցում որևէ նոր բան գտնել: Մեզ մոտ շատ են ուսումնասիրված նմանատիպ փաստաթղթերը. մեզ համար Ցեղասպանության փաստը քննարկման առարկա չէ, այդ պատճառով դա սկզբունքային կետ է, որն, իմ կարծիքով, պետք է հանվի այդ արձանագրությունից: Միակ բանը, ինչը հնարավոր է այստեղ թողնել դա «երկու ժողովուրդների միջև պատմական հարթության վրա երկխոսություն իրականացնել, որն ուղղված է փոխադարձ վստահության վերականգման վրա» արտահայտությունն է:

Կարծում եմ, որ այդ արձանագրությունները խմբագրել թույլ չտալու դեպքում հայկական կողմը կունենա ընտրություն՝ ընդունել կամ մերժել: Բնականաբար, ընդունել չի կարելի, իսկ մերժել ցանկալի չէ: Այդ պատճառով ես առաջարկում եմ կիրառել դիվանագիտության մեջ լայնորեն օգտագործվող մեթոդը՝ մշակել հուշագիր, որում երկու կողմերը կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումները, որոնք չեն կարող նախապայման հանդիսանալ բանակցություններ վարելու և որևէ նպատակների հասնելու համար: Դրանք պետք է դառնան այն փաստերի արձանագրումը, որոնք կողմերից որևէ մեկը խնդրահարույց է համարում:

Եթե Թուրքիան համաձայնի նման հուշագիր ստեղծել, ապա Հայաստանն այնտեղ կարող է արձանագրել դրույթ այն մասին, որ իր համար առաջնային հարցերը մնում են Ցեղասպանության ճանաչման փաստն ու բոլոր այն պահանջները, որոնք պաշտպանում է հայկական սփյուռքը «Հայկական հարցի» կապակցությամբ: Թուրքիան իր հերթին ևս կարող է որևէ պահանջներ ներկայացնել: Նման կերպով կողմերից յուրաքանչյուրը կպահպանի այս կամ այն հարցը բարձրացնելու իրավունքը:

Սա չափազանց կարևոր է ոչ միայն, որպեսզի հայկական ժողովուրդն իմանա, որ Հայաստանի պետական քաղաքականության ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվում, այլ դա կարևոր է նաև համաշխարհային հանրության համար, որն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանը:

Հարցը սկզբունքային է նաև այն պատճառով, որ Հայաստանը բարոյական տեսանկյունից խիստ դիրք կզբաղեցնի՝ կրկին վերահաստատելով այն սկզբունքները, որոնց մասին արդեն ասվել է: Եթե Թուրքիան հրաժարվի կազմել նման հուշագիր, ապա հայկական կողմը պետք է հասնի նրան, որ նման հուշագիր մշակվի ՀՀ ԱԺ-ի կողմից և կցվի վավերացված արձանագրություններին:

«Նովոստի-Արմենիա» - Արդյո՞ք որևէ փոփոխություններ տեղի կունենան հայ-թուրքական հարաբերություններում արձանագրությունների ստորագրման դեպքում, և ի՞նչ կարելի է սպասել երկու երկրների խորհրդարաններում դրանց վավերացումից հետո:

Ա. Սարգսյան – Տնտեսական զարգացման տեսակետից դրական փոփոխությունների հետ կապված որևէ կասկած չկա: Վաղուց է խոսվում այն մասին, որ Հայաստանը Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ երկիր դառնալու մեծ հնարավորություն ունի: Դրան խանգարում է միայն մի կողմից Վրաստանի և Աբխազիայի, մյուս կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանը:

Կարս-Գյումրի երկաթուղու բացմամբ շատ լուրջ խնդիր կլուծվի, իսկ Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցումը միայն կամրապնդի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Այդ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը կնպաստեն Ռուսաստանի ուղիղ ելքին դեպի Մերձավոր Արևելք և Միջերկրական ծով՝ Բաթումի-Գյումրի-Կարսի միջոցով դեպի Թուրքիա: Բնական է, որ այդ հարաբերությունների կարգավորման հետ Կովկասում խաղաղության հաստատման հարցերում կուժեղանա թուրքական գործոնը:

Միաժամանակ Հայաստանը կսկսի էական դեր խաղալ այս մեծ աշխարհաքաղաքական խաղում: Կասկածներ չկան, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացումն ու հարաբերությունների զարգացումը կհանգեցնեն նոր աշխարհաքաղաքական քարտեզի ձևավորմանը: Նաև կասկած չի հարուցում այն փաստը, որ այստեղ ձևավորվում է նոր աշխարհատնտեսական իրավիճակ: Եվ ամենևին էլ գաղտնիք չէ, որ այս ամենի հետ կապված փոխվում են նաև երկրների միջև քաղաքական հարաբերությունները: Սա ամենևին էլ լոկալ խնդիր չէ: Ընդ որում այստեղ կան նաև Հայաստանի համար որոշ թաքնված սպառնալիքներ, որոնք կապված են ժողովրդագրության հետ: Դա կապված է Թուրքիայի կողմից որոշակի տնտեսական ընդլայնման հնարավորության, Հայաստանի տարածքում սեփականության ձեռքբերման հետ: Այդ պատճառով այս գործընթացն անհրաժեշտ է երկարաձգել այնքան, որքան դա անհրաժեշտ է ոչ թե Թուրքիայի ռազմական ընդլայնումից, այլ Հայաստանի տարածք Թուրքիայի բացառապես այլ հնարավոր ներխուժումներից պաշտպանվելու համար:

Մյուս կողմից Թուրքիան որոշակիորեն հանում է լարվածությունը Եվրամիության հետ փոխհարաբերություններում: Չեմ կարծում, որ վավերացնելով արձանագրությունները՝ թուրքերը կլուծեն այդ խնդիրը, քանի որ Եվրոպան չի ընդունում Թուրքիային և ոչ միայն այն պատճառով, որ այդ երկիրը չի ճանաչում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը, այլև այն պատճառով, որ Եվրոպայում տեղի է ունենում ժողովրդագրական վերափոխում. ազատվում են հսկայական տարածքներ, ինչի կապակցությամբ տիտղոսակիր ազգերը կրճատվում են, և թուրքերը ձգտում են այդ վերափոխմանը: Այստեղ եվրոպական երկրների մեծ մասը հակված է զսպել Թուրքիային, քանի որ ծանոթ են թուրք ազգի էքսպանսիվ բնույթին:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան գրեթե 90 տարի որևէ հարաբերություն չեն ունեցել: Այդ պատճառով միանգամից անհնար է կարգավորել երկու երկրի հարաբերությունները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում ամենևին էլ պարտադիր չէ, որ Հայաստանն ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքականության մեջ գոյություն ունի նորմալ ընթացք, երբ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ և պահպանվում է մի իրավունք, որով թույլատրվում է ներկայացնել սեփական պահանջները: Այնպես, ինչպես դա այժմ անում է Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ Կուրիլյան հարցի կապակցությամբ: Նման հնարավորություն կա նաև հայ-թուրքական հարաբերություններում: Այդ պատճառով չարժե շտապել՝ արձանագրություններում ընդունելով տարածքային ամբողջականությունը:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են Հայաստանն ու Թուրքիան այսուհետ ևս բանակցություններ վարել առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու ուղղությամբ, և ի՞նչ խնդիրներ կարող են խանգարել այդ գործընթացին:

Ա. Սարգսյան – Պարզ է, որ այժմ հայկական և թուրքական կողմերի միջև գոյություն չունի փոխադարձ վստահություն: Սակայն որպեսզի վստահության շեմն ավելի բարձր լինի, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ: Այդ գործողությունները դեռ չեն երևում: Այդ պատճառով ես կարծում եմ, որ խնդիրներ կարող են առաջանալ, և դրանց առաջացման դեպքում անհրաժեշտ է լուծում գտնել: Եթե խնդիրներ չառաջանան և կարելի լինի առաջ շարժվել, ապա կարող են լուրջ տեղաշարժեր լինել, հակառակ դեպքում՝ գործընթացը կարող է սառեցվել:

Առաջին քայլը, որը վստահության մթնոլորտի ձևավորման սկիզբը կլինի, կարող է երկաթուղու բացումը դառնալ: Իմ կարծիքով կարելի է, բացելով երկաթուղին, 6-7 ամսում սառեցնել մյուս մնացած գործընթացներն ու հետևել տեղի ունեցող փոփոխություններին: Դա նորմալ երևույթ է: Այդ գործընթացի բնականոն ընթացքը կանդրադառնա երկու երկրի և ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա:

Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա դրանք միշտ խանգարելու են հարաբերությունների կարգավորման գործընթացին, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նրանք հետագայում ևս հնչելու են Թուրքիայի կողմից, չնայած նախապայմանները պետք է ներկայացնի հենց Հայաստանը՝ որպես տուժած կողմ:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ դիրքորոշում կընդունի հայկական սփյուռքը «Հայկական հարցի» կապակցությամբ, եթե կողմերը կողմից ստորագրեն և վավերացնեն այդ արձանագրությունները:

Ա. Սարգսյան – Դա շատ լուրջ հարց է, և ես ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանը որոշել է մոտակա շաբաթվա ընթացքում այցելել խոշոր համայնքներ, և ես մեծ հույս ունեմ, որ այնտեղ նրան կհասկանան, իսկ սփյուռքը նրան ավելի մոտ կդառնա: Բնական է, որ այդ ամենից որոշակի եզրահանգումներ կարվեն: Իհարկե, եթե արձանագրությունները ստորագրվեն դրանց ներկա տեսքով, ապա սփյուռքի արձագանքը, միանշանակ, բացասական կլինի: Նա արդեն արձագանքում է մեծ անհանգստությամբ: Նույնը կլինի նաև Հայաստանի բոլոր հայրենասիրական ուժերի հետ: Սակայն ես կարծում եմ, որ նախագահը նման պառակտում թույլ չի տա մեր հասարակության մեջ:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս հետագայում կզարգանան թուրք-ադրբեջանական հարաբերությունները հայ-թուրքական սահմանի բացումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:

Ա. Սարգսյան – Նման միանշանակ հարց տալ չի կարելի, քանի որ թուրքական կողմը հայտարարում է, որ չի բացի սահմանները մինչև Հայաստանը զիջումների չգնա ղարաբաղյան հարցում: Քանի որ ես բացարձակապես համոզված եմ, որ Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների Թուրքիայի հետ, ապա պարզ է, որ վերջինը կամ կհրաժարվի այդ նախապայմանից, ու այդ ժամանակ հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա հաջող և կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, կամ չի հրաժարվի, և այդ ժամանակ գործընթացը կսառեցվի անորոշ ժամանակով: Եթե Թուրքիան կապի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ղարաբաղյան հարցի հետ, ապա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների որևէ տեղաշարժ տեղի չի ունենա: Դա պետք է հասկանան և Թուրքիան, և Ադրբեջանը. հայկական կողմը երբեք միակողմանի զիջումների չի գնա:

Թուրքիան ինչ-որ կետերով կարող է դեմ գնալ Ադրբեջանին, սակայն ռազմավարական տեսանկյունից նա չի փոխի իր քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ: Նման կերպ չի կարելի առանձնացնել Հայաստանը հայկական սփյուռքից: Հաճախ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կարելի է լսել, որ Հայաստանը պետք է վարի սեփական քաղաքականությունը՝ անկախ իր սփյուռքի քաղաքականությունից, որը շատ հաճախ խանգարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս ամենին ի պատասխան՝ անհրաժեշտ է հայտարարել, որ գոյություն չունի առանձին քաղաքականություն Հայաստանի և հայկական սփյուռքի համար, քանի որ դա միասնական ազգ է, և նրանց միջև պառակտում սերմանելն անիմաստ գործ է:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հետագա համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո, և այս իմաստով ի՞նչ դիրք կզբաղեցնեն հարևան Վրաստանն ու Իրանը:

Ա. Սարգսյան – Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա կարելի է վստահաբար ասել, որ այդ երկրների ռազմավարական դաշնակցության մեջ որևէ բան չի փոխվի: Ավելին, հաշվի առնելով մեր տնտեսական ինտեգրումը՝ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը բավականին լուրջ դիվիդենտներ կստանան երկկողմ համագործակցությունից:

Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, և Հայաստանի տարածքից ռուսական զորքի դուրսբերման հարցը քննարկման առարկա չէ: Համենայնդեպս, դա կարճաժամկետ հեռանկարի հարց չէ:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ես հույս ունեմ, որ այդ բարեկամ երկիրը հասկանում է ներկա տարածաշրջանային քաղաքական իրադրությունը: Հայաստանն այս տարածաշրջանում ոչինչ չի անի ի վնաս Իրանի, քանի որ դա չի բխում իր շահերից: Հակառակը, Հայաստանն Իրանի մասնակցությամբ լուրջ տնտեսական նախագծեր է պատրաստում: Իսկ Վրաստանը պետք է լրջորեն մտածի, թե ինչ տեղ կգրավի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի նոր տեղաբաշխման դեպքում, քանի որ Վրաստանը չափազանց անհամազոր դրսևորեց իրեն վերջին տարիներին, և այժմ նա մեծ խնդիրներ ունի: Այս ամենի կապակցությամբ նա պետք է լրջորեն մտածի այն նոր փոփոխությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։