480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վլադիմիր Ժիրինովսկի. Ղարաբաղը բուն հայկական հող է
18:29
16 Սեպտեմբերի 2009

Արդեն մեկ տարի է անցել Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման պահից։ Բայց միաժամանակ հետխորհրդային տարածքում գոյություն ունեն նաև այլ չճանաչված պետական կազմավորումներ։ Ո՞վ է ազդում նրանց ճակատագրի վրա, և ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները Մեծ Կովկասում ընդհանրապես։ Իր կարծիքը «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց իր կայսերական հայացքներով հայտնի ՌԴ Պետական դումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։

- Օգոստոսի վերջին լրացավ մեկ տարին այն պահից, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Ինչպե՞ս եք Դուք այսօր գնահատում այդ որոշումը և դրա արդյունքները։

- ՌԼԴԿ-ն առաջարկում էր դա անել դեռևս 1992 թվականին։ Եթե դա արվեր այն ժամանակ, և՜ գումար կտնտեսեին, և՜ մարդկանց. այն ժամանակ այլ իրավիճակ էր։ Բայց այնպես ստացվեց, որ Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչեց միայն 16 տարի անց՝ 2008-ի օգոստոսին։ Լուծումը միանգամայն ճիշտ է։

Ինչու՞ դա չէին անում ավելի վաղ։ Մենք Կովկասի մասով շատ քիչ իսկական   մասնագետներ ունենք։ Եվ նրանք չէին կարողանում հասկանալ, որ հարցը ոչ միայն Շևարդնաձեն և Սահակաշվիլին են, այլ այն, որ օսերն ու աբխազները չեն կարող ապրել վրացիների հետ միասին, կատեգորիկ չեն կարող։ Անկախ իրավիճակից, ռեժիմից, աշխարհաքաղաքականությունից՝ նրանք չեն կամենում ապրել Վրաստանի կազմում. դա պետք էր անմիջապես հասկանալ։

Բոլորը կարծում էին, որ գուցե կհաշտվեն, համաձայնության կգան, ինչ-որ ինքնավարություն կլինի։ Ի՞նչ կապ ունի այստեղ ինքնավարությունը։ Չեն կամենում ապրել միասին, ինչպես ամուսինները չեն ցանկանում։ Ես դա գիտեի, քանի որ Վրաստանում ապրել եմ երկու տարի, ուսումնասիրել ամեն բան։

Այժմ մենք նրանց ճանաչեցինք, բայց կորցրեցինք տասնյակ զինվորներ, հսկայական գումարներ։ Այդ որոշումը օս և աբխազ ժողովուրդների օգտին էր։ Այժմ տեսնենք, թե ինչպես կզարգանան դեպքերն ապագայում։

- ԱՊՀ տարածքում գոյություն ունեն ևս մի քանի չճանաչված պետություններ՝ Մերձդնեստրը և Լեռնային Ղարաբաղը։ Ինչպիսի՞ն կարող է լինել նրանց հետագա ճակատագիրը։ Հնարավո՞ր է, արդյոք, նման վեճերի խաղաղ և առանց ցավի լուծում։

- Ես դա էլ եմ առաջարկել 1991 թվականին, երբ Ռուսաստանի նախագահի թեկնածու էի։ Լեռնային Ղարաբաղը պատկանում է հայերին։ Բայց Գորբաչյովը, իսկ հետո Ելցինը ոչինչ չարեցին։

Ղարաբաղը բուն հայկական հող է, հայերն այնտեղ ապրել են միշտ։ Եվ եթե մենք օգնենք այն վերադարձնել Ադրբեջանին, ապա դա կրկին առճակատում կլինի  Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խոսելով նրանց հետ դաշնության և այն մասին, որ դա լայն ինքնավարություն կլինի, նույնն է, ինչ աբխազների և օսերի պարագայում։

Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կամենում ապրել Ադրբեջանի կազմում։ Ինչու՞։  Որովհետև Արևմուտքում Թուրքիան է, իսկ հայերն ու թուրքերն արդեն 100 տարի  առճակատման մեջ են ցեղասպանության հարցով, և հայերը կարծում են, որ Ադրբեջանը գործնականում «Թուրքիայի մասնաճյուղն» է, այդ պատճառով էլ չեն կամենում։ Կարելի է ևս 5-10 բանակցություններ վարել, բայց ամեն ինչ կավարտվի նրանով, որ Լեռնային Ղարաբաղը կամ կմիանա Հայաստանին, կամ էլ կճանաչվի որպես անկախ պետություն։

Նույնն էլ Մերձդնեստրին է վերաբերում։ Մենք առաջարկել ենք միանգամից ճանաչել նրա անկախությունը, և իրենք էլ խնդրել են այդ մասին Ռուսաստանին։ Նրանց համար փորձում էին տարբերակներ մտածել՝ Քիշնև էին տանում վերակառուցման, վերափոխման ծրագիր։ Բայց Մոլդովայում կրկին չեն հասկանում ամենակարևորը՝ ռուսները չեն ցանկանում ապրել մի երկրում, որը ձգտում է դեպի Ռումինիա։ Որովհետև մոլդովացիներն ու ռումինացիներն իրար շատ նման ժողովուրդներ են, ինչպես ռուսներն ու բելառուսները։

Անօգուտ է փորձել գտնել դաշնություն-համադաշնություն հարաբերակցությունը։ Մերձդենստրն այնտեղ գնալ չի ցանկանում։ Պետք է ճանաչել Մերձդնեստրը որպես անկախ պետություն, և Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ճանաչել որպես անկախ պետություն։

- Ձեր կարծիքով այսօր գոյություն ունի՞, արդյոք,  ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն Լեռնային Ղարաբաղի գոտում։

- Եթե ամերիկացիները դա ցանկանան, հեշտ է դա իրականացնել։

- Եվ ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել։

- Ողջ Հարավային Կովկասի ապակայունացմանը, երկարատև արյունալի պատերազմի, մեծ թվով զոհերի։ Իսկ վերջում՝ Լեռնային Ղարաբաղը կամ կդառնա ինքնուրույն, կամ էլ կընդգրկվի Հայաստանի կազմում։

Իրանն աջակցում է Հայաստանին, իսկ Թուրքիան կկամենար սատարել Ադրբեջանին, բայց նա այնտեղ իր զորքերը մտցնելու իրավունք չունի, քանի որ, ըստ Սևրի պայմանգրի, այդ դեպքում նա կկորցնի Կարսն ու Արդահանը։ Այդ իսկ պատճառով Թուրքիան կփորձի զերծ մնալ ուժային գործողություններից։

Հայերն ավելի լավ են պատերազմում, նրանք լավ են զինված։ Բացի այդ Վրաստանի տարածքի ջավախահայերը նույնպես կարող են սատարել  Լեռնային Ղարաբաղին։ Կսկսվի մի մեծ կովկասյան պատերազմ, որը ոչ ոքի օգուտ չի բերի։

Անդրկովկասի համար լավագույն տարբերակը նոր միության կազմում ընդգրկվելն է։ ԱՊՀ-ի փոխարեն, կարծում եմ, պետք է ստեղծել Ռուսաստանյան միություն՝ ի հակակշիռ Եվրամիության։ Ով կամենում է՝ թող մտնի։ ԱՊՀ-ն թող դեռ մնա, իսկ Ռուսաստանյան միությունը զուգահեռ կլինի՝ որպես Եվրամիության անալոգ։

Բայց Կովկասն ավելի շատ պատերազմի է պատրաստ։ Պատմականորեն է այդպես ստացվել, մարդիկ այնտեղ տաքարյուն են, ատելությունը բազմադարյա է, գումարած՝ անբարեկարգությունը, նոր սահմանները, ռեժիմների փոփոխությունը։ Ես նրանց գիտեմ, ես Թուրքիայում էլ եմ եղել, Իրանում էլ, Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ, Վրաստանում էլ, Ղազախստանում էլ։ Ես ուսումնասիրում եմ այս տարածաշրջանն արդեն 45 տարի։ Ես ինձ չեմ գովում, բայց նման մեկ այլ մասնագետ Ռուսաստանում չկա։ Ես ամեն ինչ ներսից գիտեմ, Կովկասն ու Միջին Արևելքն իմ տարածաշրջաններն են։

- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ ժամանակներս, Շվեյցարիայի միջնորդությամբ, կարելի է ակնկալել Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրում։ Դա մեծ ուշադրության արժանացավ, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունները բավականին դրամատիկ կերպով են զարգանում։ Իսկ Դուք, որպես մասնագետ, չէի՞ք կարող հիշել, թե ինչպես էին զարգանում հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, երբ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1993 թվականին այդ երկրները փակեցին սահմանը, և Հայաստանը, փաստորեն, հայտնվեց շրջափակման մեջ։ 

- ԽՍՀՄ սահմաններում Թուրքիան փորձում էր չնկատել Հայաստանը և Ադրբեջանը որպես առանձին հանրապետություններ։ Նրան ձեռնտու էր, որ գոյություն ունի ԽՍՀՄ-ը։ Թուրքերը սովորաբար դեմ էին, որպեսզի խորհրդային պատվիրակությունների կազմում ընդգրկված լինեին Ադրբեջանի կամ Հայաստանի ներկայացուցիչներ՝ ոչ ոք, ասում էին, այնտեղից պետք չէ, թող միայն ռուսները գան, դա բավական է։ Մեզ էլ էր դա հարմար։

Իսկ երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզվեց, Անկարայում փոխեցին ձայնապնակը։ Նրանք շատ շուտ ճանաչեցին Հայաստանի և Ադրբեջանի անկախությունը։ Թուրք ազգայնականների մտքում Հայաստանը կուլ տալը, ուծացնելը և միասնական Ադրբեջան-Թուրքիա (ադրբեջաներենը 90 տոկոսով թուրքերեն է, դրանք շատ նման ժողովուրդներ են) պետություն ունենալն էր։ Եվ հեռանկարում՝ դուրս գալ Կասպիական տարածաշրջան՝ Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Հարավային Ղազախստան և այլն։ Տաջիկստանին նրանք չեն հավակնում, քանի որ դա արդեն այլ ժողովուրդների խումբ է՝ պարսկալեզու։ Այսինքն՝ թուրքերը կամենում էին ստեղծել Մեծ Թուրան՝ Ստամբուլից մինչև Ալթայ։

Այսօր թուրքերն ամեն կերպ իրենց վահանի վրա են բարձրացնում, կարծում են, թե իրենք՝ թուրքալեզու ժողովուրդները գրեթե 200 միլիոն են, փորձում են իրենց ազդեցությունը տարածել բոլոր թուրքալեզու տարածքների վրա, այդ թվում՝ Ռուսաստանի կազմում եղածների՝ Թաթարստանի և Բաշկիրիայի վրա։ Նրանք առհասարակ կարծում են, որ 21-րդ դարը թուրք ազգի, թուրքերի վերածննդի դարն է։

Իսկապես, Թուրքիան շատ ծով ունի, շատ մարդ։ Եվ պատմությունն էլ, անկասկած, հարուստ է։ Անշուշտ, նրանց նույնպես հետաքրքրում է նավթն ու գազը՝  Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում։ Եթե այս բոլոր ռեսուրսները լինեն Թուրքիայի դրոշի ներքո, ապա թուրքական, օսմանյան հզոր կայսրություն կլինի։

Բայց այսօր դա չի ստացվի, չի անցնի։ Այդ պատճառով էլ թուրքերը «Նաբուկոն» իրենց տարածքով են անցկացնում, փորձում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև շրջափակումն ու փակ սահմանները ոչ ոքի ոչինչ չեն տալիս, դա ոչ ոքի ձեռնտու չէ։ Նրանք էլ երկաթուղային ելք չունեն դեպի Անդրկովկաս։

Որևէ շրջափակում չպետք է լինի՝ ոչ երկաթգծի, ոչ օդային, ոչ մայրուղու։ Թող բոլորը միմյանց հետ առևտուր անեն։ Բայց նրանք պայման ունեն Հայաստանի համար՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Իսկ Հայաստանի նախագահի համար դա մահացու քայլ է, հայերը նրանք երբեք չեն ների, եթե նա հրաժարվի ցեղասպանության ճանաչման պահանջից։ Այդ պատճառով նա էլ է փակուղու մեջ։

Դե, թող գոնե ճանապարհներ կառուցեն, թող դեսպաններ փոխանակեն, թող համագործակցեն։ Բայց արմատապես հարաբերությունները նրանք չեն բարելավի։ Նրանց անհնար է հաշտեցնել, ատելությունը դարերից է գալիս։ Նրանք կողք-կողքի  են, բայց ամբողջությամբ հակոտնյաներ են՝ քրիստոնյաներ-մահմեդականներ։ Որքան է պատերազմել, որքան արյուն է թափել Հայաստանը։ Նրանց համար շատ դժվար է պայմանավորվածության հասնել, կարծում եմ, երբեք ոչինչ չի ստացվի։

- Իսկ Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է բնութագրել ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս մակարդակը։

- Տարբեր ժամանակներում այն տարբեր է եղել։ Ամեն ինչ կախված է նախագահից, քաղաքական ուժերի դասավորվածությունից։ Սկզբունքորեն՝ հայկական քաղաքական վերնախավը կամենում է ունենալ Ռուսաստանի աջակցությունը։ Վերնախավի ներկայացուցիչները վախենում են, որ եթե ամբողջովին կորցնեն ռուսական օժանդակությունը, նրանց անմիջապես կխեղդեն երկու կողմից՝ թուրքերն ու ադրբեջանցիները։ Այնտեղ իրականում ապրում է ընդամենը մեկուկես միլիոն հայ, ադրբեջանցիները՝ ավելի քան 8 միլիոն են, թուրքերը՝ 70 միլիոն։ Ինչպե՞ս նրանց դիմակայել։ Այդ իսկ պատճառով հայերը միշտ կողմ են, որպեսզի Ռուսաստանի հետ որևէ ռազմական միություն կամ քաղաքական կապ լինի։

Բայց եթե վերցնենք 1991 թվականը, ապա տոկոսային հարաբերությամբ բոլորից շուտ և արագ ռուսական բնակչությանը դուրս մղեցին հենց հայերը։ Այնտեղ ներկայումս գրեթե ռուսներ չկան։ Ադրբեջանում շատ են, Վրաստանում շատ են, Միջին Արևելքում նույնպես կան։ Իսկ հայերն ամբողջովին դուրս մղեցին բոլորին, միանգամից։ Դա նույնպես ցույց է տալիս նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այսինքն՝ ազգայնականությունն այնտեղ ուժեղ է, ազգը՝ միասնական, հնագույն։

Դա դեռ Ուրարտական պետության ժամանակներից է, այն բոլոր զավթիչների ճանապարհին էր գտնվում։ Դժբախտ ժողովուրդ՝ ողջ կյանքում պատերազմ, և նրանք միշտ պարտվել են, որովհետև քիչ են։ Որևէ մեկից օգնության ակնկալիք չկա։

Նրանք մեզ` Ռուսաստանի մոտ եկան, որովհետև հակառակ դեպքում նրանք կզոհվեին, նրանց կոչնչացնեին։ Բայց մենք փրկեցինք նրանց, փաստորեն Արևելյան Հայաստանը մեր հսկողության տակ առանք, իսկ Արևմտյան Հայաստանից հայերը վերաբնակվեցին Կրասնոդարի երկրամասում դեռևս Եկատերինա 2-րդի օրոք՝ 18-րդ դարում։

- Երևանում հատուկ ուշադրությամբ են վերաբերում հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացմանը։ Ի՞նչ հեռանկարներ կան այս բնագավառում։

- Լավ։ Երևանում կամենում են ստանալ և՜ թուրքական, և՜ եվրոպական աջակցությունը, բայց ռուսական «տանիք» ունենալ։ Եթե հայերին փորձեն ոչնչացնել, ապա ռուս զինվորը նրանց կպաշտպանի՝ նման պահերին բոլորը շատ սիրում և հարգում են ռուսներին։

Նրանք կամենում են «ռազմական գլխարկ» ունենալ Ռուսաստանից՝ իրենց անվտանգ դարձնելու համար։ Կոսովոն գրավեցին ալբանացիները, իսկ Հայաստանի տարածքն ավելի փոքր է, քան Կոսովոյինը, թեև թվով նրանք ավելի շատ են, քան ալբանացիները։

Մեզ նույնպես ձեռնտու է՝ դա մեր բազան է Կովկասում։ Մեզ ձեռնտու չէ աջակցել նրանց տնտեսապես, այնպես որ թող իրենք առևտուր անեն պարսիկների, թուրքերի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։

- Դուք գործածեցիք «ռուս զինվորը նրանց կպաշտպանի» արտահայտությունը։ Անցյալ տարի՝ «հնգօրյա պատերազմի» ժամանակ, Ռուսաստանը ցույց տվեց, որ պատրաստ է օգնության գալ իր դաշնակիցներին։ Դա Մոսկվայի ամուր դիրքորոշու՞մն է ԱՊՀ-ում։ Պատրա՞ստ է, արդյոք, Ռուսաստանը հանդես գալ որևէ հակամարտության կոնկրետ կողմում ևս մեկ անգամ։

- Ամբողջ հետխորհրդային տարածքում Մոսկվան պետք է օգնության հասնի բոլոր նրանց, ովքեր ձգտում են դեպի Ռուսաստանը։ Հատկապես, եթե դա ռուսական բնակչությունն է՝ Մերձբալթիկայում, Ուկրաինայում, Ղազախստանում, կամ էլ ռուսական քաղաքացիություն ընդունածները՝ դա կարող են լինել նույն Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես որ Աբխազիայի, Օսեթիայի բնակչության մեծամասնությունը։ Ըստ Ռուսաստանի Սահմանադրության՝ մենք պարտավոր ենք նրանց պաշտպանել, և մենք արեցինք դա նախորդ տարվա օգոստոսին։ Եթե Մերձդնեստրում իրավիճակը սրվի, իսկ այնտեղ բնակչության 80 տոկոսը ռուսական քաղաքացիություն ունի, մենք պարտավորված կլինենք նրանց պաշտպանել։

ՌԼԴԿ-ն ժամանակին դեմ էր 14-րդ բանակի դուրսբերմանը Մերձդնեստրից։ 14-րդ բանակը պլացդարմ էր ողջ Եվրոպայի համար։ Բայց ամեն ինչ որոշեց Ելցինը, նրա ժառանգությունն էլ այսօր վերապրում ենք...

- Այն ֆոնի ներքո, ինչ ներկայումս տեղի է ունենում Մոլդովայում, լուրեր են պտտվում, թե «աղմուկի ժամանակ» Ուկրաինան Մերձդնեստրն էլ կարող է իրեն միացնել...

- Երբեք։ Ոչ մի իրավական, պատմական հիմք չկա՝ ոչ մի։ Հարավային Ուկրաինան Ռուսաստան է։ Ի՞նչ հավակնություններ կարող է ներկայացնել Ուկրաինան։ Ինքն անձամբ փլուզման փուլում է։

Չեռնովցիում ռումինական բնակչություն է եղել, մենք ռուսներով այն բնակեցրեցինք պատերազմից հետո, Անդրկարպատներում էլ հունգարական բնակչություն էր, նույնպես մենք ռուսներով բնակեցրինք։ Ղրիմ, Օդեսա, Խերսոն, Նիկոլաև, Խարկով, Լուգանսկ, Դնեպրոպետրովսկ՝ ամեն տեղ ռուսական բնակչություն է։

Մերձդնեստրը երբեք ուկրաինական չի լինի։ Ավելի շուտ՝ հարավային և արևելյան Ուկրաինան, ըստ ցանկության, հանրաքվեի ընթացքում կարող են վերադառնալ իրենց մայր հայրենիք, քանի որ նրանք ռուսներ են։ Ես վստահ եմ, որ հարավային և արևելյան Ուկրաինայի բնակիչների 80 տոկոսը ցանկանում է լինել Ռուսաստանի հետ։ Այնտեղ բոլորը սիրում են ռուսաց լեզուն, բոլորը ցանկանում են ապրել մեզ հետ։

Այդ օտարերկրյա հատուկ ծառայություններն են, սկզբից ավստրիական, հետո՝ գերմանական, այժմ էլ՝ բրիտանական և ամերիկյան, կազմակերպում ամեն տեսակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ։

Անդրկովկասը դժվար տարածաշրջան է, այն կարող է ապրել կայսրության շրջանակներում՝ ռուսական, թուրքական, պարսկական։ Իսկ ինքնուրույն այնտեղ կպատերազմեն ողջ կյանքի ընթացքում։ Այդպես եղել է միշտ, նրանք հանգստացել են միայն այն ժամանակ, երբ դա եղել է պարսկական կայսրություն, օսմանյան կամ ռուսական։ Վերջին 200 տարիներին դա ռուսական կայսրությունն է եղել։ Նրանք իրենց ավելի լավ են զգում ռուսների հետ, որովհետև պարսիկներն ու թուրքերը նրանց ոչնչացնում են։ Այդ պատճառով էլ նրանք ձգտում են նորից վերադառնալ Ռուսաստան։ Իսկ մեզ դա ձեռնտու է որպես պլացդարմ՝ երկրի հարավային սահմանների պաշտպանության համար։

- Հայկական հանրության որոշ ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնում էներգետիկայի ոլորտում ռուս-ադրբեջանական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ նման մերձեցումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս միտումները։ 

- Ռուսաստանը պետք է հետապնդի միայն իր ազգային շահերը։ Մենք լավ ենք վերաբերում բոլորին՝ լինեն նրանք ադրբեջանցիներ, հայեր, վրացիներ, բայց մեր շահն այն է, որ Անդրկովկասում չլինեն հակառակորդների զորքեր՝ ՆԱՏՕ-ի, ամերիկյան, թուրքական։ Եվ որպեսզի մենք կարողանանք օգտագործել էներգոռեսուրսները՝ և՜ այնտեղ ապրող ժողովուրդների, և՜ ռուսաստանյան շահերից է բխում ։

Այդ ամենը ստեղծել է Ռուսաստանը, մենք կառուցեցինք այդ բոլոր նավթի աշտարակները։ Մենք մեծ գումարներ ենք ներդրել։ Եվ երբեք որևէ եկամուտ չի եղել այնտեղից։ Իսկ այժմ ասում են «բաքվի նավթ», «կասպիական նավթ»։ Դա ադրբեջանական նավթ չէ, դրանք աշխարհագրական եկամուտներ են։

Բայց եթե Հայաստանը սեթևեթի ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Թուրքիայի հետ, ապա մենք ստիպված կլինենք սրբագրել մեր հարաբերությունները, որպեսզի ուժեղացնենք փոխհարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը դրան նույնպես պատրաստ է։

Կովկասի փոքր ժողովուրդները երբք չեն ունեցել ամուր պետություն։ Նրանք միշտ մի պատերազմից մյուսին են անցել։ Դա աշխարհագրություն է, ոչ թե ազգային գիծ։ Նույնն էլ կարելի է ասել Աֆղանստանի, Պաղեստինի, Իրաքի մասին, այսինքն՝ աշխարհագրությունն այնպիսին է, որ այնտեղ տեր է պետք՝ ի դեմս որևէ կայսրության։ Ամերիկան չի կարող լինել այդ դերում։ Նա հեռու է և գումար չի ծախսի։ Թուրքերը, պարսիկներն ու ռուսները պատրաստ են իրենց լուման ներդնել։ Որովհետև հարևաններ են, իսկ Կասպիական ավազանը հարուստ է էներգոռեսուրսներով։

- Ադրբեջանն այժմ վերելք է ապրում։ Դուք կարծում եք, որ նա է՞լ է ինչ-որ մեկի ազդեցության ոլորտում։

- Եթե մենք սատարենք Հայաստանին, իսկ Հայաստանն ադրբեջանցիների դեմ է, ապա Ադրբեջանի համար դժվար կլինի։ Թուրքերը նրանց չեն օգնի, առավել ևս՝ պարսիկները։ Իսկ եթե Հայաստանը գնա Արևմուտք, մենք ստիպված կլինենք օժանդակել Ադրբեջանին։

Մեր շահերից է բխում այնպես ազդել այդ տարածաշրջանի վրա, որպեսզի այնտեղ խաղաղություն և անդորր տիրի։ Ռուսաստանն այնտեղ ամենաշատ զինվոր է ներդրել  վերջին 200 տարիների ընթացքում։ Ի՞նչ է, մենք պետք է այդ ամենը թողնե՞նք։

Կովկասում առանց Ռուսաստանի ոչինչ չի ստացվի ոչ թուրքերի, ոչ պարսիկների, ոչ էլ ամերիկացիների մոտ։ Ամերիկացիներն ամրացել են Աֆղանստանում և Իրաքում։ Նրանց Կովկասն արդեն պետք չէ, նրանք հեռանում են այնտեղից։

Այնպես որ թող կովկասյան ժողովուրդները ծածանեն ռուսական դրոշները՝ դա բոլոր խնդիրների ամենաարագ և լավ լուծումն է։ Ցխինվալում և Սուխումիում դրոշն արդեն ծածանվում է, նրանք մեր դաշնակիցներն են։ Ահա թող գնան Օսեթիայի և Աբխազիայի ճանապարհով։ Պայմանագրեր Ռուսաստանի հետ, ռուսական ռազմական բազաներ, համագործակցություն Ռուսաստանի հետ, ռուսաց լեզու՝ ահա սա է ողջ լուծումը Կովկասի համար։ Թող անկախ լինեն, բայց՝ Ռուսաստանի հետ։

- Ինչպե՞ս եք կարծում, կուժեղանա՞ն, արդյոք, ինտեգրման գործընթացները հետխորհրդային տարածքում համաշխարհային ճգնաժամի պայմաններում։

- Ոչինչ էլ պետք չէ ուժեղացնել արհեստականորեն։ Ոչ ոքի պետք չի օգնել։ Լավ ենք ապրում, թե վատ՝ պետք չէ, որ որևէ մեկն օգնի: Մենք նրանց կերակրել ենք 200 տարի, և ոչ մի շնորհակալություն՝ նրանք օտարերկրյա բազաներ են տեղադրում իրենց տարածքներում։ Պետք է լինեն միայն ոչ ջերմ աշխատանքային հարաբերություններ, և բոլոր ռեսուրսները՝ համաշխարհային գներով։ Ոչ մի զիջման չգնալ, ոչ ոքի մի ռուբլի անգամ չտալ։ Ահա այսպիսին է ՌԼԴԿ դիրքորոշումը։

- Այս տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը ՀԱՊԿ շրջանակներում Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն էր։ Ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ-ն կարո՞ղ է դառնալ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու պատրաստ իրական ռազմական ուժ։

- Իհարկե։ Հեռանկարում պետք է ՀԱՊԿ-ն զարգացնել մինչև այն մակարդակը, որպեսզի այն կարողանա ապահովել այդ քաղաքական կառույցի կազմում ընդգրկված բոլոր երկրների ռազմական անվտանգությունը։ Այսինքն՝ Ռուսաստանը, Բալռուսը, Ղազախստանը, մյուսներն էլ անպայման կանդամակցեն կազմակերպությանը։ Ինչպես Եվրամիություն-ՆԱՏՕ։

Զարգացնել անհրաժեշտ է բոլոր կառույցները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական։ Այդ բոլորն անհրաժեշտ է, բայց պետք չեն մեծաքանակ բանակներ։ Բավական են արագ արձագանքման ուժերը՝ ինչ-որ հակամարտություններ մարելու և ժամանակին Ռուսաստանի դաշնակից երկրների անվտանգության սպառնալիքը վերացնելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։