480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Խեղաթյուրված անցյալի կառքով ոչ մի տեղ չես գնա
14:54
09 Հուլիսի 2009

Ցավոք, Ադրբեջանն իսկապես շատ բան չի տեսնում: Այս ամենը հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանին և աշխարհին նայել նավթամուղի անցքից, ինչը չափից շատ է նեղացնում նրա հորիզոնները:  Քարոզչական նպատակներից ելնելով՝ նա այնպիսի դիրք է բռնում, թե շատ բան չի տեսնում:

Ադրբեջանը ձև է տալիս, թե չի տեսնում հակամարտության իրական պատճառն ու փորձում է հակամարտության հետևանքների համար կրած պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Հակամարտության հետևանքները, այդ թվում նաև փախստականները, մարդկային և նյութական կորուստները, փոխադարձ վերահսկողության տակ անցած տարածքներն այն ուժային քաղաքականության հետևանքն են, որ Ադրբեջանը վարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի նկատմամբ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանն ի պատասխան՝ Ադրբեջանի ուժային քաղաքական առաջին դրսևորումները դարձան հայկական բնակչության ջարդերը Ադրբեջանի ողջ տարածքում (Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում, Բաքվում...): Երկրորդ փուլը ԼՂՀ-ում և դրան հարակից հայաբնակ տարածքներում անցկացված էթնիկ զտումներն էին (Ադրբեջանին չհաջողվեց դրանք մինչև վերջ իրագործել): Երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելնելով հակահարված հասցրեց, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց՝ ներգրավելով միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին, ինչպիսիք են Թալիբանի մոջահեդներն ու Շամիլ Բասաևի գրոհայինները, վերջինն իր առաջին ռազմական մկրտությունը ստացավ հենց Ղարաբաղի ժողովրդի դեմ պայքարելով:

Պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է միայն հակամարտության հետևանքների մասին՝ չհիշատակելով դրա ծավալման իրական պատճառները: Ադրբեջանը փորձում է այս ամենով հակամարտության հետևանքների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Հակամարտության էությունն ու պատմությունը աղավաղող Ադրբեջանի մոտեցումը թույլ չի տալիս բանակցային գործընթացին առաջ շարժվել:  Խեղաթյուրված անցյալի կառքով ոչ մի տեղ չես գնա:

Բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումն է՝ «ամեն ինչ կամ ոչինչ»: Նման դիրքորոշմամբ բանակցային գործընթացի արդյունքը լիովին կանխատեսելի է, դա ոչինչն է:

«Նովոստի-Արմենիա» - Այդ դեպքում ինչի՞ վրա է հույս դնում Ադրբեջանը, որը բանակցություններ է վարում միայն հանուն բանակցությունների և չի ցանկանում պայմանավորվել ըստ էության:

Քոչարյան – Ադրբեջանի առաջին նպատակը քարոզչական է. նա փորձում է բանակցությունները որպես պատնեշ օգտագործել՝ հակամարտության էության և պատճառների մասին սեփական խեղաթյուրված պատկերացումները համաշխարհային հանրության վրա բարդելու համար՝ միաժամանակ փորձելով հակամարտության ծավալման և հետևանքների սեփական պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Իրականում Ադրբեջանը դիտավորյալ կերպով խոսում է միայն  հայկական մեկ կողմի՝ Հայաստանի Հանրապետության մասին, այլապես տապալվում է նրա սարքովի թեզն այն մասին, թե հակամարտության պատճառը տարածքային վեճն է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այդ պատճառով էլ Ադրբեջանը համառորեն չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նա չի ցանկանում տեսնել, որ ԼՂՀ-ն կայացած ժողովրդավարական պետություն է, որտեղ պարբերաբար իշխանության ժողովրդավարական փոփոխություն է տեղի ունենում, այլ ոչ թե, ինչպես Ադրբեջանում է, իշխանությունը ժառանգաբար փոխանցվում է ու դրան էլ հետևում է իշխանությունը կրողի անփոփոխությունը սահմանադրորեն օրինակացնելու փորձը:

Ադրբեջանի երկրորդ նպատակը կառուցված է այն պատրանքի վրա, որ նստելով նավթային հարստության վրա, ինքը կկարողանա կուտակել այն հզորությունը, որը կխախտի տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունն ու թույլ կտա ուժային միջոցներով լուծել ղարաբաղյան խնդիրը: Ադրբեջանը կցանկանար խախտել հավասարակշռությունը՝ ԼՂՀ-ի կողմից տարածքային զիջումների հաշվին: Այսօր ԼՂՀ-ն ապահովում է այն հավասարակշռությունը, որը տարածաշրջանի կայունության երաշխիքն է: Բավական է միայն խախտել կայունությունն առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում, կսկսվեն շղթայական գործողություններ, որոնք որևէ մեկին շահավետ չեն, այդ թվում նաև նավթ արտադրողներին, փոխադրողներին և սպառողներին:

Իրականության և պատրանքների խեղաթյուրման վրա հիմնված դիրքորոշումը հանգեցնում է Ադրբեջանի հայտարարությունների հակասականությանը: Այսպես, օրինակ, նրանց համար Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը օկուպանտներ են, ովքեր այնուհետև հանկարծակի դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ: Կամ հայերի՝ կրկնակի անգամ ինքնորոշվելու անհնարինության մասին իր պնդումներով նա ակամա ճանաչում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման փաստը:

Այս տեսանկյունից հայկական կողմերը երբեք փոխադարձ բացառող հայտարարություններ չեն արել, այլ բան է, որ միշտ կառուցողական են տրամադրվել, երբեք չեն փորձել սրել առանց այդ էլ բարդ իրավիճակը: Բավական է միայն համեմատել հիստերիայի հասնող հակահայկական հռետորությունը, որը բնորոշ է Ադրբեջանին, և նման հռետորության բացակայությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների մոտ:

«Նովոստի-Արմենիա» - Դուք խոսում եք հայկական կողմի կառուցողականության մասին, սակայն չե՞ք կարծում, որ որոշ դեպքերում այդ կառուցողականությունը երկակի դեր է խաղացել, մասնավորապես՝ աշխարհում ավելի լսելի են դարձել ադրբեջանական քաղաքականությունը, ռազմական հռետորությունն ու խեղաթյուրված փաստերը:

Քոչարյան – Միշտ չէ, որ ճշմարտությունը խոսում է իր փոխարեն: Այն պայմաններում, երբ մարդիկ չեն լսում ճշմարտությունը, անդադար ներկայացվող սուտը շատ դեպքերում ընդունվում է որպես ճշմարտություն: Այս տեսանկյունից հայկական կողմերը, ապացուցողական բազան ներկայացնելով, պետք է հաճախ և հասկանալի խոսեն հակամարտության իրական բնույթի մասին և սեփական դիրքորոշումները ներկայացնելու համար օգտագործեն բոլոր հնարավորությունները:

Մենք փորձում ենք կարգավորել հակամարտությունը փոխզիջումների հիման վրա: Եթե խոսենք զիջումների մասին. ի՞նչ զիջենք: Զիջե՞նք նման ծանր կերպով ձեռք բերված ազատությունը, ո՞վ կգնա դրան: Զիջել սեփական անվտանգության երաշխիքնե՞րը՝ ի պատասխան չստանալով հավասարազոր երաշխիքներ, ո՞վ կգնա դրան: Վերջիվերջո, ո՞վ կկարողանա զիջել ինքնորոշման անքակտելի իրավունքը: Քանի դեռ Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է որպես միջոց՝ ապատեղեկատվություն տարածելու և հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար, բանակցային գործընթացում առաջըթաց ակնկալելն անիմաստ է:

«Նովոստի-Արմենիա» - Ադրբեջանական քարոզչության տարրերից մեկը, հավանաբար, նրանց հայտարարությու՞նն է այն մասին, որ այժմ անհրաժեշտ է վերացնել հակամարտության հետևանքները:

Քոչարյան – Չվերացնելով պատճառը՝ անհնար է վերացնել հետևանքները: Հաշվի չառնելով ԼՂՀ-ն որպես օրինականորեն ձևավորված և դե-ֆակտո կայացած պետություն և ուժային քաղաքականությունից Ադրբեջանի հրաժարվելու երաշխիքների բացակայությունը, անհնար է քննարկել միայն հակամարտության հետևանքների վերացումը: Նման պայմաններում հետևանքների վերացումը միայն կավելացնի ռազմատենչ տրամադրվածություն ունեցող Ադրբեջանի կողմից հակամարտության նոր ալիքի ծավալման հավանականությունը:  

«Նովոստի-Արմենիա» - Խոսենք ադրբեջանական զիջումների մասին: Հայկական և ադրբեջանական համայնքների համատեղ կացության մասին առաջարկությունն Ադրբեջանի կողմից որպես զիջում է դիտարկվում: Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:

Քոչարյան – Ադրբեջանի կողմից որպես զիջում՝ ԼՂՀ-ում հայերի և ադրբեջանցիների համատեղ կացության գնահատականը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության ժամանակափուլի մտածելակերպի ձևափոխված տարբերակն է: Եթե առաջ ելնում էին «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» նպատակից, ապա հիմա նպատակը հետևյալն է՝ «Լեռնային Ղարաբաղը դեռևս հայերով»: Լեռնային Ղարաբաղը լքած ադրբեջանցիները, ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ԼՂՀ-ի պետականությունը ձևավորող հիմքն են, կարող են ցանկության դեպքում վերադառնալ և օգտվել ազգային փոքրամասնությունների համար միջազգայնորեն ամրագրված բոլոր իրավունքներից: Երկու համայնքների մասին թեզը շրջանառության մեջ դնելու Ադրբեջանի փորձերը հակամարտության էությունն իր համար ձեռնտու փոփոխության ենթարկելու և բանակցային գործընթացն արգելակելու հերթական օրինակն են:

«Նովոստի-Արմենիա» - Նախորդ շաբաթ ժողովրդական դիվանագիտության շրջանակներում Երևան և Ստեփանակերտ էին այցելել Ադրբեջանի ներկայացուցիչները: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ են նման նախաձեռնությունները նպաստել երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը և որքանո՞վ են դրանք արդյունավետ, քանի որ, որպես կանոն, այցից հետո տարբեր մեկնաբանություններ են հնչում, որոնք չեն համապատասխանում Երևանում և Ստեփանակերտում հնչածներին:

Քոչարյան – Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է բարձրացնել վստահության միջոցները ժողովուրդների միջև, իսկ դա արդեն մարդկանց միջև անմիջական կապ է ենթադրում: Նախաձեռնությունը նոր չէ, սա արդեն երկրորդ նման այցն է, այն վստահության միջոցների բարձրացման ներուժ ունի: Ժողովրդական դիվանագիտության շրջանակներում՝ և 2007 թ.-ին, և վերջին այցելության ընթացքում, բնականավար, հնարավոր չէր շրջանցել ԼՂՀ նախագահի հետ հանդիպումը: Այս տեսանկյունից հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ձեռնարկումները միշտ խորն են և ուղղված են նրան, որ արդյունք լինի: Դա վերաբերում է և հրադադարի ռեժիմի մասին եռակողմ համաձայնագրին (ԼՂՀ, Ադրբեջան և Հայաստան), որի ստորագրման գործում Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ, և Մայնդորֆյան հռչակագրին, որը նաև կողմերին պարտավորեցնում է վստահության միջոցների բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Սակայն երբ ադրբեջանական կողմը, օգտագործելով նման ձեռնարկումների մարդասիրական նպատակները, փորձում է օգտագործել իրենց էությամբ անմարդկային մոտեցումները՝ հակամարտության հիմքի և հետևանքների մասին իր խեղաթյուրված տեսակետը քարոզելու համար, ապա դա աղավաղում, վարկաբեկում և արգելակում է շնորհակալ գաղափարը: Այս ամենում մեղավոր են Ադրբեջանի իշխանությունները, որոնք իրենց հակահայկական, վրեժխնդիր և ռազմատենչ, հաճախ հիստերիայի հասնող քարոզչությամբ փորձում են ճնշել հակամարտության կարգավորման հետ կապված առողջ մոտեցումները, որոնք չեն կարող չլինել ադրբեջանական հասարակության շրջանում:

«Նովոստի-Արմենիա» - Այցի շրջանակներում խոսվում էր այն մասին, որ անհրաժեշտ է նախնիների գերեզման, ԼՂՀ-ում ադրբեջանցիների ծննդավայրեր այցելել: Ինչպե՞ս է արձագանքում հայկական կողմը նման հայտարարություններին:

Քոչարյան- Հարցի նման ձևակերպումը մարդասիրական է. մարդնիր ծննդավայրը, ինչպես նաև նախնիների գերեզմանն այցելելու հնարավորություն պետք է ունենա: Այստեղ ընդհանուր մոտեցում է անհրաժեշտ: Բնական հարց է ծագում՝ հակամարտության հետևանքով Ադրբեջանը լքած հայերը չե՞ն ցանկանում լինել իրենց ծննդավայրում ու այցելել նախնիների գերեզման: Նույն հարցը վերաբերում է նաև Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, Ադրբեջանի հայերին, ովքեր այսօր բնակվում են ԼՂՀ-ում և ԼՂՀ-ն լքած ադրբեջանցիներին: Բնականաբար, պետք է նման հնարավորություն ստեղծել: Հարցի ձևակերպումն ու բնակչության բոլոր խմբերի համար դրա լուծմանն ուղղված քայլերը կարելի է միայն ողջունել: Սակայն երբ ընդհանուր համատեքստից միայն մեկ բաղկացուցիչ է ընտրվում՝ առաջարկելով նման հնարավորություն տրամադրել միայն ԼՂՀ-ն լքած ադրբեջանցիներին, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ օգտագործել մարդասիրական նպատակն ու արդեն տուժած մարդկանց որոշ քաղաքական դիրքերի հասնելու համար:

«Նովոստի-Արմենիա» - ԼՂՀ այցելած ադրբեջանական մտավորականության կողմից արված եզրահանգումներից մեկն այն է, որ հայերը պատրաստ են զիջել: Ի՞նչ են պատրաստ զիջել հայերը:

Քոչարյան – Դա հակամարտության սկզբնական փուլի մտածելակերպն է: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը նոր ռազմական գործողություն էր սկսում, նրան թվում էր, թե հայերը պատրաստ են զիջել, իսկ այդ ամենի հետևանքը մարդկային նոր զոհերն ու նոր նյութական կորուստներն էին: Ադրբեջանցիներին անհրաժեշտ է հրաժարվել նման մտածելակերպից՝ հակամարտությունը կարգավորելու հնարավորություն ստեղծելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնորոշման մասին: Ինչպե՞ս եք Դուք դա պատկերացնում, և ինչպե՞ս դա կարող է լինել: Դա չի՞ հակասում կարգավորման հիմնական սկզբունքներին:

Քոչարյան – Ակնհայտ է, որ ինքնորոշման դեպքում տարածքային ամբողջականությունը չի նշանակում սահմանների անփոփոխություն: Հակառակ դեպքում շատ պետություններ, այդ թվում նաև այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն չէին ունենա: Միջազգային իրավունքի յուրաքանչյուր նորմ, այդ թվում նաև՝ ինքնորոշման նորմը, դադարում է գործել, եթե սահմանափակվի առանձին պետության կողմից թելադրվող շրջանակներով:

Ինքնորոշվող ժողովուրդն է որոշում ինքնորոշվելու շրջանակները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու ծանրագույն պայմաններում: Ադրբեջանը չունի ոչ միայն միջազգային-իրավական, այլև բարոյական հիմք՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա բռնանալու փորձեր անելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։