480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում էկոլոգիական դրությունը շտկումների կարիք ունի
11:03
25 Սեպտեմբերի 2007

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Կայուն մարդկային զարգացման համար» միության/ՅՈՒՆԵՊ ազգային հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։

Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս եք  գնահատում էկոլոգիական դրությունը Հայաստանում՝ մեր քաղաքների մթնոլորտում վնասակար արտանետումների մշտական աճի պայմաններում։

Կ. Դանիելյան. Հայաստանի առանձին մարզերում առկա են էկոլոգիական դրության բարելավումներ, սակայն հանրապետության տարածքի առավելագույն հատվածում դրությունն անբարենպաստ է։ Այսպիսով, եթե խոսենք մեծ քաղաքների մասին, ապա տնտեսական գործունեության վերականգնման բնականոն գործընթացը, ավտոտրանսպորտային միջոցների աճը, շինարարությունը, որը մեծամասամբ կատարվում է առանց հաշվի առնելու էկոլոգիական նորմերը՝ ոչնչացնելով կանաչ տարածքները, չպահպանելով էկոլոգիական անվտանգության կանոնները՝ այս ամենը բերում է էկոլոգիական դրության վատթարացմանը։

Իսկ Հայաստանի որոշ մարզերում աղտոտվածության մակարդակի նվազումը՝ խորհրդային շրջանի մակարդակի համեմատ, բացատրվում է արդյունաբերական արտադրության բացակայությամբ։ Օրինակ, Ալավերդիում, որտեղ վերականգնվել է արդյունաբերությունը, միանշանակ գրանցվում է մթնոլորտում աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի խտության (ԱԹԽ) չափաքանակի նորմերի գերազանցում։

Նովոստի-Արմենիա. Իսկ ինչպե՞ս են գործերը Երևանում։

Կ. Դանիելյան. Էկոլոգիայի առումով Երևանն, իհարկե, Հայաստանի կիզակետն է։ Մի կողմից՝ մայրաքաղաքում գործող արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում կանգնած են և 90-95%-ով կրճատվել են ստացիոնար աղբյուրների և ավտոտրանսպորտի արտանետումները, բայց օդի աղտոտվածությունն, այնուամենայնիվ, շատ աննշան է կրճատվել, մոտավորապես 12%-ով։ Սա կարելի է բացատրել երկակի ձևով. կամ վիճակագրության տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ինչը չի կարելի հաստատ ասել, կամ էլ Երևանի օդային ավազանը կորցրել է ինքնամաքրման հատկությունը։

Ավտոտրանսպորտի արտանետումների կրճատման փաստը բացատրվում է նրանով, որ մեքենաների մեծ մասը աշխատում է գազով, և երկիր է ներմուծվում միայն էկոլոգիապես մաքուր բենզին։ Սակայն, եթե դա այդպես է, ապա հասկանալի չէ, թե ինչու է օդում գրանցվում աղտոտվածության այդքան բարձր մակարդակ և ձևավորվում է ֆոտոքիմիական ծուխ։ Խորհրդային տարիներին ծխի առկայությունը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական օբյեկտների բարձր արտանետումներով, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո օդում տեղի էին ունենում քիմիական ռեակցիաներ՝ ռադիկալների և օզոնի ձևավորմամբ։

Արդեն վաղուց շատ քչերին է Երևանում զարմացնում ամռան ընթացքում քաղաքում առկա ֆոտոքիմիական ծուխը, իսկ ձմռանը՝ լոնդոնյան տիպի ծխի առկայությունը, երբ քաղաքի վրա երկար ժամանակ ծանր մառախուղ է կախվում՝ աղտոտող նյութերի կուտակումից գոյացած։ Դա բարենպաստ չէ քաղաքի համար, որի մեծ մասը գտնվում է կաթսայի մեջ։ Եվ թեև քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում, ծուխը առաջվա պես նրա համար աղետ է մնում։

Ցավոք, մոնիտորինգը քաղաքում դեռ շատ սահմանափակ է. մինչև վերջերս չի ուսումնասիրվել այնպիսի կարևոր ցուցանիշ, ինչպիսին է օդում ածխածնի օքսիդի (СО) առկայությունը, թեև այն համարվում է ավտոտրանսպորտից առաջացած աղտոտվածության հիմնական գործոնը։ Բայց կան և դրական առաջընթացներ՝ վերջերս վերականգնվել են օդում օզոնի ուսումնասիրությունները, ինչի շնորհիվ հնարվոր է արձանագրել ֆոտոքիմիական ծխի առկայությունը։

Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ են էկոլոգիական դրության վրա ազդում Երևանում շարունակվող շինարարական աշխատանքները։

Կ. Դանիելյան. Վերջին տարիների քաղաքաշինական պրակտիկան քաղաքի համար կործանարար էր, հատկապես՝ նրա կենտրոնական հատվածի համար։ Երևանի նախկին Գլխավոր հատակագիծը, որը մշակվել էր 1971թ. և հաշվարկված էր մինչև 2000թ., նախատեսում էր քաղաքի ներդաշնակ զարգացումը և կանաչ տարածքների աճը։ Բայց արդեն 1998-1999թթ., առանց որևէ հստակ որոշումների, 1971 թվականի Գլխավոր հատակագիծը անվավեր համարվեց, որից հետո սկսվեց քաղաքի աղետալի կառուցումը։ Թեև էկոլոգները, ճարտարապետները, շինարարները, բժիշկները, մտավորականությունը և պարզապես Երևանի բնակիչները ոչ մեկ անգամ են արտահայտել իրենց դժգոհությունն այդ կապակցությամբ, այնուամենայնիվ կառուցապատումը շարունակվում է վերջին ութ տարիների ընթացքում՝ առանց հաշվի առնելու սեյսմապաշտպանիչ և էկոլոգիական նորմերը, մասնավորապես՝ քաղաքի օդափոխության գործոնը և այլն։

Վերջին տարիներին դրությունը սրվել է, և բառիս բուն իմաստով պատերազմ է գնում յուրաքանչյուր ծառի կամ փոքրիկ կանաչ տարածության համար։

Ներկայումս արդեն հաստատված է Երևանի նոր Գլխավոր հատակագիծը, որը սկզբունքորեն ձեռնատու է էկոլոգների համար, բացառությամբ այն հանգամանքի, որ չկա մայրաքաղաքի կենտրոնը բավականաչափ կանաչապատելու հնարավորություն։ Զանգվածային կենտրոնացված կառուցապատման աշխատանքների հետևանքով Կենտրոն համայնքում տեղ չի մնացել կանաչապատման համար և հիմա հիմնականում կանաչապատվելու են ծայրամասերը։ Սա լավ գործոն է, և ծայրամասերի կանաչապատումն արդեն հաջողությամբ իրականացվում է Նոր-Նորքում, Ավանում, Մալաթիա-Սեբաստիայում, բայց Կենտրոնը մնում է բնապահպանական աղետի գոտի։ Նման ողբալի վիճակ է գրանցվել նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Իրավիճակը բարդացնում է այն, որ կանաչ գոտիները վարձակալության են տրված անհատ ձեռնարկատերերի, որոնք մեծ մասամբ շահագրգռված չեն դրանց պահպանման հարցում։

Նովոստի-Արմենիա. Սակայն Կենտրոն համայնքը մայրաքաղաքի համայնքների շրջանում առաջատարն է մեկ բնակչի հաշվով կանաչ գոտիների ցուցանիշով։

Կ. Դանիելյան. Դա ճիշտ է, այս ցուցանիշը կենտրոնում կազմում է 9,8 քառ.մ.՝ ընդդեմ 4,9 քառ.մետրի ողջ քաղաքի տարածքով։ Սակայն այս թիվը կարելի է արհեստական համարել, քանի որ Կենտրոնի կանաչ տարածքի գոտում պաշտոնապես ներառված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր-զբոսայգին (թեև դժվար թե հիմա այն կարելի է ամբողջապես կանաչ գոտի համարել) և Հրազդանի կիրճը, որոնք գտնվում են Կենտրոնից բավական հեռու և էական ազդեցություն չունեն դրա մթնոլորտի վրա։

Կենտրոնի կլիմայի վրա ազդում են Նորք-Մարաշի և Մոնումենտի տարածքի (Հաղթանակի զբոսայգի, Բաբայան փողոցի նախկի անտառը) կանաչ գոտիները, որոնք նույնպես հիմնականում տրված են շինարարության նպատակով և որտեղ մշտապես ծառահատումներ են կատարվում։ Կենտրոնի օդի ֆիլտրացումը կատարվում է նաև Օղակաձև զբոսայգու և Գլխավոր ծառուղու միջոցով, մեծ է նաև Օպերայի այգու դերը, թեև պետք է նշեմ, որ, հաշվի առնելով սրճարանների, այդ թվում կապիտալ ներկայացնող, չափից դուրս մեծ թիվը, դրանք արդեն չի կարելի համարել ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներ, և դրանք, իհարկե, չեն կարող մաքրել Կենտրոնի օդը։    

Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ է էկոլոգիական նորմերին համապատասխանում Երևանի կենտրոնով հոսող Գետառ գետի թունելի շինարարությունը։

Կ. Դանիելյան. Գետառ գետի հունը բնական լանդշաֆտի ոչ մեծ հատված է, որը պետք է աշխարհի մեծ քաղաքների օրինակով պահպանել, այլ ոչ թե ծածկել։ Գետի հունը նպաստում էր կանաչապատմանը, տալիս էր լրացուցիչ ջրային մակերևույթներ և միջանցքներ՝ քաղաքի «օդափոխության» համար։ Այստեղ գոյություն ուներ բնական էկոհամակարգ՝ հսկայական կանաչ զանգվածով, որ հիմա արդեն ոչնչացված է։

Ըստ պլանի, կառուցվող հունով նախատեսվում է իրականացնել մեքենաների լրացուցիչ հոսք, որի հետևանքով Օղակաձև զբոսայգին կկորցնի իր առողջարար գործունեությունը։ Բացի այդ, խողովակի մեջ փակվելուց հետո Գետառը կկորցնի ինքնամաքրման ունակությունը, որը հիմա տեղի է ունենում ջրի և թթվածնի մշտական կապի հաշվին, ինչպես նաև բույսերի արմատների հաշվին, որոնք սնվում են ազոտի և ֆոսֆորի միացություններից։ Դեռ ավելին, գետը, խողովակի մեջ փակվելուց հետո, կնպաստի փտացման գործընթացին, ինչի հետևանքով Հրազդան գետի մեջ, ուր լցվում է Գետառը, կթափվի ավելի շատ աղտոտված ջուր։

Գետառ գետը համարվում է նաև սողանքատար, իսկ սողանքատարը խողովակի մեջ՝ պոտենցիալ մեծ վտանգ է Երևանի համար։ Բավական է հիշել 1946թ. ջրհեղեղը։ Թեև հիմա քաղաքի մատույցներում համապատասխան հիդրոտեխնիկական սարքավորումներ են կառուցված, միևնույնն է, դա չի կարող ամբողջովին անվտանգ պահել քաղաքը սողանքներից, հատկապես ժամանակակից փոփոխական կլիմայական պայմաններում՝ անհնար է։

Նովոստի-Արմենիա. Ինչպիսի՞ն է էկոլոգիական դրությունը Հայաստանում՝ ԱՊՀ մյուս երկրների հետ համեմատած, մասնավորապես՝ տարածաշրջանային հարևան երկրների։

Կ. Դանիելյան. Ես եղել եմ նախկին ԽՍՀՄ բոլոր մայրաքաղաքներում, բացառությամբ Բաքվի և կարող եմ պնդել, որ ոչ մի տեղ դրությունն այնպես չէ, ինչպես Երևանում։ Կենտրոնական Ասիայի երկրները հասկանում են, որ անապատային և կիսաանապատային գոտիներում քաղաքը չի կարող գոյատևել առանց անհրաժեշտ միջոցների, այդ իսկ պատճառով էլ իրականացվում են զանգվածային կանաչապատման աշխատանքներ, մշտապես գործում են շատրվանները։ Էկոլոգիական դրությունը համեմատաբար ավելի բարենպաստ է Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում, Կիևում և այլ քաղաքներում։ Ես հատկապես կընդգծեի Մինսկ քաղաքը, որը բարեկարգման առումով ոչ միայն չի զիջում, այլև առաջ է եվրոպական շատ քաղաքներից։

Ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում շատ բարդ էր իրավիճակը կենտրոնացված կառուցապատման հետ, սակայն բնակիչների ջանքերով, որոնք կազմակերպել էին «Հանգիստ թողեք մեզ» շարժումը, ինչպես նաև ԶԼՄ-ների աջակցությամբ հնարավոր եղավ փոխել իրադրությունը։ Արդյունքում, 2007թ. օգոստոսին Մոսկվայի կառավարությունը որոշում ընդունեց դադարեցնել քաղաքի կենտրոնացված կառուցապատումը, իսկ ցանկացած ազատ կամ ազատված տարածք տրամադրել քաղաքի բարեկարգման և կանաչ գոտիներ ստեղծելու նպատակով։

Այս իմաստով Հայաստանում լրիվ հակաէկոլոգիական մտածելակերպ է, իսկ Երևանը դարձել է քաղաքացիների էկոլոգիական իրավունքների խախտման գոտի։ Համեմատության համար ասեմ, որ Երևանի ընդհանուր տարածքը 1990թ. 11184,4 հեկտար էր, իսկ 2004թ.՝ արդեն 12825,0 հեկտար։ Բացի այդ 1990թ. կանաչ գոտիները կազմում էին մայրաքաղաքի տարածքի 50 տոկոսը, իսկ 2004թ.՝ 38,6 տոկոսը, դեռ ավելին այդ կանաչ գոտիների որակը ներկայումս շատ ավելի վատ վիճակում է։

Նովոստի-Արմենիա. Երևանում հատկապես սուր է դրված աղբանոցների հիմնախնդիրը, մասնավորապես՝ Նուբարաշենի աղբանոցի՝ թունավոր քիմիկատների գերեզմանոցի հիմնախնդիրը։ Ի՞նչ վիճակում են գտնվում հիմա այս հարցերը և արդյո՞ք ֆինանսավորում հատկացվում է գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների համար։

Կ.Դանիելյան. Առայժմ ֆինանսավորում հատկացված չէ այղ աղբագերեզմանոցի հիմնախնդիրը լուծելու համար։ Նուբարաշենում՝ քաղաքի գլխավոր աղբանոցում, որը գտնվում է կենտրոնից ընդամենը 8-9 կմ  հեռավորության վրա և զբաղեցնում է բավական մեծ տարածք՝ 52,3 հա, հիմնախնդիրները շատ են։ Տարեկան, միջին հաշվով, աղբանոցը ընդունում, տեղավորում և վնասազերծում է մոտ 200 տոննա պինդ աղբ Երևանից, և ավելի քան 50 տարիների ընթացքում այստեղ գոյացել են 7,5 մլն. տոննայից ավելի կենցաղային պինդ թափոններ (ԿՊԹ), միաժամանակ ընդունման և պահպանման պայմանները բոլորովին չեն համապատասխանում ժամանակակից ցուցանիշներին։

Քաղաքային աղբանոցը դարպասներ չունի, որի հետևանքով շրջակա միջավայրը պաշտպանված չէ աղտոտումից և թեթև ֆրակցիաների տարածումից՝ աղբատարների բեռնաթափման ժամանակ։

Աղբանոցի ավտոմեխանիկական պարկը նույնպես վերազինման կարիք ունի։ Ընդհանուր առմամբ, ստիպված ենք փաստել, որ ներկայումս անհրաժեշտ աշխատանքներ չեն կատարվում՝ քաղաքային աղբանոցների կառուցման և վերահսկողության սանիտարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

Էկոլոգիական դրությունը թեթևացնելու նպատակով 2004թ.-ից Երևանում ստեղծվել է շինարարական թափոնների հատուկ աղբանոց, որը գործում է 10 հեկտար տարածության վրա, Սպանդարյանի հանգույցի քարհանքից ոչ հեռու։

Սակայն, ներկայումս, քաղաքը կարիք ունի հատուկ տարածության, որտեղ կվնասազերծվեն և կպահվեն արդյունաբերական թափոնները, որոնք հիմա պահվում են ԿՊԹ-երի հետ սովորական քաղաքային աղբանոցներում, ինչպես նաև նոր տարածքների՝ ժամանակակից ԿՊԹ պոլիգոնի կառուցման համար։

Ընթացքի մեջ է նաև աղբի վերամշակման և վնասազերծման գործարանի կառուցման աշխատանքների կազմակերպման գործընթացը։

Նովոստի-Արմենիա. Իսկ ինչպե՞ս  կմեկնաբանեիք Սևանա լճի էկոլոգիական դրությունը։

Կ.Դանիելյան. Այն, որ լճի ջրի մակարդակը պետք է բարձրացնել՝ կասկածից դուրս է, և դա հաստատված է բազմաթիվ հետազոտություններով։ Լճի թե էկոլոգիական, թե կենսաբանական, թե կենսաքիմիական և թե հիդրոլոգիական ռեժիմների նորմալ գործունեության համար անհրաժեշտ է Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացնել առնվազն 6 մետրով և այն հասցնել 1903,5-1904 մետրի։

Եթե չբարձրացնենք լճի մակարդակը, ապա դրա փոխարեն մենք կկանգնենք ճահիճ ստանալու վտանգի առջև, ինչը կործանարար կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ 80-ական թվականներին Արփա-Սևան թունելի շնորհիվ լճի մակարդակը սկսեց բարձրանալ, իսկ դրա սանիտարա-հիգիենիկ, հիդրոլոգիական, կենսաբանական և քիմիական ցուցանիշները սկսեցին բարելավվել։ Սևանը սկսեց աստիճանաբար առողջանալ։

90-ական թթ. սկզբի էներգետիկական ճգնաժամի պայմաններում, հենց Սևանա լճի ջրերի բացթողման շնորհիվ հանրապետության բնակչությունը կարողացավ գոյատևել։ Սակայն էներգետիկական ճգնաժամը բերեց նրան, որ լճի մակարդակը նորից ընկավ և որքան էլ, որ տաօրինակ է, նույնիսկ ԱԷԿ աշխատելուց և Սևանի ջրի բացթողումները դադարեցնելուց հետո էլ ջրի մակարդակը շարունակում էր իջնել։ 2001թ. վերջին գրանցվեց Սևանա լճի ջրի ամենացածր մակարդակը՝ 1896,32 մետր, համեմատության համար նշեմ, որ հիմա լճի ջրի մակարդակը 1898,96 մետր է։ Ամենայն հավանականությամբ լճի ջրի այդքան ցածր մակարդակը բացատրվում է ջրի անխնա բացթողումներով։

Նովոստի-Արմենիա. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հիմա,  Սևանա լճի դրության վերահսկողության համար։

Կ. Դանիելյան. 2001թ. հետո Սևանա լճի ջրի մակարդակը սկսեց բարձրանալ, բայց նախ և առաջ չափազանց անհրաժեշտ էր մաքրել լճի ափերը, քանի որ մակարդակը պետք է բարձրացնել մաքուր՝ կենսազանգվածից, արդյունաբերական կամ գյուղատնտեսական թափոններից զուրկ ջրով։

Հիմա ափերի մաքրման հարցը հատկապես սրված է։ Կառավարական որոշումներով հաստատված էր, որ ափամերձ գծում, որը ենթակա է ջրածածկման, չպետք է լինեն կապիտալ շինարարության օբյեկտներ, բայց այդպիսիք, այնուամենայնիվ, կառուցվեցին։ Կապիտալ օբյեկտների պատճառով լճի մակարդակի բարձրացումը հիմա դժվարացել է, իսկ Որոտան-Սևան թունելի կառուցումից հետո Սևանի ջրի մակարդակը կարող է բարձրանալ երկու անգամ ավելի արագ, հետևաբար՝ կծածկի այդ շինությունները։ (Միգուցե՞ հենց այդ պատճառով է, որ այդ թունելն առ այսօր չի շահագործվել։)

Լճի ջրի մակարդակի բարձրացումը պրոբլեմատիկ գործընթաց է, որին անհրաժեշտ է հետևել գիտական բարձր մակարդակով, կատարել համապատասխան քննարկումներ, ընդունել օպերատիվ որոշումներ։

Նովոստի-Արմենիա. Բավական է արդյոք էկոլոգիայի ոլորտի ֆինանսավորումը։

Կ. Դանիելյան. Անշուշտ, էկոլոգիայի ոլորտի ֆինանսավորումը վատ է։ Բնականաբար, տեղի է ունենում բնապահպանական վճարների հավաք, սակայն այդ միջոցները ոչ միշտ են ծախսվում էկոլոգիական խնդիրների լուծման համար։

Այստեղ պետության քաղաքականության մեջ պետք է լինեն ոչ միայն արգելող, այլև խրախուսիչ միջոցներ, որպեսզի բնապահպանական ընդհանուր օգտակար գործունեությամբ զբաղվող մարդիկ լիովին կամ գոնե մասամբ ազատվեն հարկերի վճարումներից, ունենան արտոնյալ պայմաններով վարկեր վերցնելու իրավունք ։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։