537.15
7.44
480.03
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)

18:09
26 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ապրիլի 13–ից սկսված զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Հայաստանի խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Կատարված իրադարձություններն արժանացան փորձագետների և վերլուծաբանների ոչ միանշանակ գնահատականին։

Շատերը սկսեցին հարցադրումներ կատարել «թավշյա հեղափոխության» հետագա ճակատագրի և Նիկոլ Փաշինյանի կառավարության հետագա հեռանկարների վերաբերյալ։ Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, ինչպես նաև քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։

«Նովոստի–Արմենիա». բազմաթիվ փորձագետներ և վերլուծաբաններ երկար ժամանակ ասում էին, թե Հայաստանում կուտակվել են լուծում պահանջող մի շարք սոցիալ–տնտեսական և քաղաքական խնդիրներ։ Սակայն ոչ ոք չէր սպասում, որ երկրում փոփոխություններն այսքան սրընթաց կլինեն։ Ինչպե՞ս եք գնահատում կատարված իրադարձությունները, արդյո՞ք դրանց հետևում երրորդ ուժ կար, թե՞ դա զուտ ներհայկական գործընթաց էր։

Ա.Թևանյան. Հայաստանի իրադարձություններն այն «չսպասված հյուրն» էր, ում սպասում էին բոլորը։ Երբ բարեփոխումներն ուշանում են, երբ երկրի իշխանություններն անարդյունավետ են, և մարդիկ անդադար սպասում են փոփոխությունների, երբ առաջին պլան է մղվում ձևը, իսկ բովանդակությունը բացակայում է, այն ժամանակ էլ հեղափոխական գործընթացներ են սկսվում։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ հեղափոխությունն անկայունություն է, որոշակի առումով` քաոս, և դա միշտ չէ օբյեկտիվ քաղաքական և պատմական անհրաժեշտություն։ Բացի այդ, հեղափոխություններն այնտեղ են, որտեղ լճացում կա։ Մենք չունեինք կայունություն, այլ ճահճացած էինք։ Այդ իրավիճակում մարդիկ փոփոխություններ էին ուզում։ Իսկ թե ինչպես պետք է կատարվեին այդ փոփոխությունները, ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Պետք էր միայն մի կայծ, որը բռնկվեց ապրիլ–մայիսին։

«Նովոստի–Արմենիա». այդ կայծը ներսի՞ց է բռնկվել, թե՞ դրսից։

Ա.Թևանյան. ներսից։ Արտաքին մոդերատորները միացան ամենին արդեն կոնկրետ, իրական գործընթացներից հետո։

«Նովոստի–Արմենիա». ի՞նչ նկատի ունեք` ասելով «միացան իրական գործընթացներից հետո»։

Ա.Թևանյան. յուրաքանչյուրն իր շահերն էր հետապնդում, և յուրաքանչյուրն ուզում էր հասկանալ` ինչ է կատարվում։ Եթե պատկերավոր ասենք, ապա մեր երկրում երեխաները դուրս եկան հայրերի դեմ, և, Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի հերոս Բազարովի պես, քաղաքական նիհիլիզմ և հեղափոխականություն դրսևորեցին։

Ժամանակակից հայ «բազարովները» դուրս եկան հայրերի դեմ, և դրա համար հիմք կար` երկրում բացակայում էին բարեփոխումները, սոցիալ–տնտեսական իրավիճակն արդյունավետ չէր կառավարվողականության տեսանկյունից, բնակչության արտահոսք կար։ Երբ այդ բոլոր խնդիրները երկրի անվտանգության խնդրի են վերածվում, ապա, բնականաբար, տեղի են ունենում հեղափոխական գործընթացներ։

«Նովոստի–Արմենիա». ակնհայտ է, որ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո չարժե քաղաքական կայունություն ակնկալել, գոնե առաջիկայում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ի՞նչ կարելի է սպասել արտահերթ ընտրություններից, ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի դասավորությունն ընտրություններից հետո, կարելի է, արդյո՞ք, այս պայմաններում սպասել քաղաքական նոր բևեռի ստեղծման, որը կկարողանա (եթե ոչ առաջիկայում, ապա` միջնաժամկետ հեռանկարում) Հայաստանի քաղաքական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։

Ա.Թևանյան. հեղափոխական գործընթացները հանգեցնում են բնակչության մոտ հեղափոխական ակնկալիքների, և քանի որ դա կայծակնային հեղափոխություն էր, կայծակնային իշխանափոխություն, ապա մարդիկ նաև կայծակնային արդյունքներ են ակնկալում։

Բայց այդպես չի լինում։ Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, ինչ կարող ենք տեսնել հետագայում, ֆրուստրացիայի հետհեղափոխական ընթացքն է։ Դա այն գործընթացն է, երբ ակնկալիքները չեն համընկնում իրականության հետ։ Դրանից հետո սթափվելու գործընթացն է սկսվում։ Կարծում եմ, որ այդ փուլերը կանցնեն, և դրանից հետո նոր գործընթացներ կսկսվեն։

Ինչ վերաբերում է ընտրությունների,ապա արտահերթ ընտրություները, որոնք կառավարության ծրագրով պետք է կայանան մեկ տարվա ընթացքում, տեղի կունենան 2019 թ.–ի ապրիլ–մայիսին։ Եթե, իհարկե, չլինեն ֆորս մաժորային իրավիճակներ։

«Նովոստի–Արմենիա». այդ դեպքում ո՞րն է արտահերթ ընտրությունների անցկացման ամենավաղ հնարավոր ժամկետը։

Ա. Թևանյան. ամենավաղ ժամկետն տարվա վերջն է, այսինքն` 2018 թ.–ի դեկտեմբեր։ Սակայն ես վտահ չեմ, քանի որ գոյություն ունեն օբյեկտիվ գործընթացներ, որոնք կապված են օրենքի հետ, ինչպես նաև տեխնիկական ընթացակարգեր, որոնք դժվար կլինի ավարտել մինչև այս տարվա վերջ։

Կարծում եմ, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը կդասավորվեն հետևյալ կերպ և խորհրդարան կանցնեն հետևյալ քաղաքական ուժերը. քաղաքական ուժերի դաշինք`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ծառուկյանի դաշինքը, Հանրապետաան կուսակցության մնացորդները։ Ոմանք, իհարկե, կարծում են, որ հանրապետականները ոչ մի շանս չունեն, սակայն դա այն ուժն է, որը 20 տարի ղեկավարել է երկիրը, և որոշ ռեսուրսներ նրա մոտ դեռ մնացել են, ինչը թույլ կտա անցնել խորհրդարան։

Սակայն, ի վերջո, նրանց սպասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության կամ Հայոց համազգային շարժման ճակատագիրը, և ժամանակի ընթացքում նրանք կլքեն քաղաքական դաշտը։ Եվ չորրորդ ուժը նոր ուժ է լինելու` նոր մարդկանցով, որը կկարողանա մրցել բոլորի հետ, ներկայացնել հասարակության ամենալուրջ մասը, որն այսօր մնացել է վակուումի մեջ։

Այդ ուժը պահանջարկ ունի։ Այն պետք է դառնա ոչ միայն այնպիսի ուժ, որը հանդես կգա հեղափոխության օգտին, այլ նաև կկարողանա ներկայացնել գործողությունների ծրագիր տնտեսական ու քաղաքական դաշտում։ Այն պետք է ներկայացնի փոքր, միջին ու մեծ բիզնեսի, ինչպես նաև բիզնես միջավայրում ներգրավված աշխատողների շահերը։ Այսինքն դա պետք է լինի լուրջ ուժ, որի պահանջարկն արդեն կա, բայց այն դեռ գոյություն չունի։ Հենց այս սուբյեկտները կարող են մասնակցել արտահերթ ընտրություններին ու դերակատարություն ունենալ երկրի քաղաքական գործընթացում։

«Նովոստի–Արմենիա». ձեր կարծիքով, Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը չի՞ արտացոլում այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առաջ և որոնք դուք նշեցիք։ Կարծում եք, որ դրանո՞վ է պայմանավորված նոր քաղաքական ուժի ստեղծման անհրաժեշտությունը։

Ա. Թևանյան. այսօր մենք ապրում ենք հետհեղափողական էյֆորիայի ժամանակաշրջանում, սակայն այն բանից հետո, երբ ապահովված է «տեսարանը», եկել է «հաց» ապահովելու ժամանակը։ Այդպես եղել է և′ Ուկրաինայում, և′ Վրաստանում, և′ մնացած երկրներում։ Իհարկե լավ է, երբ կառավարությունը վարում է հակակոռուպցիոն քաղաքականություն, սակայն այդ քաղաքականությունը չպետք է լինի տնտեսության զարգացման ծրագիր։

Հակակոռուպցիոն քաղաքականությունը սահմանափակ հնարավորություն է, որի շնորհիվ կարող ես վերականգնել ինչ–որ ռեսուրսներ, սակայն դրանից հետո անհրաժեշտ է ստեղծել նոր օրենսդրական հիմք ու նոր տնտեսական հարաբերություններ` երկիր զարգացնելու համար։ Միաժամանակ, պետք է զգույշ լինել նաև հենց հակալոռուպցիոն քաղաքականության հարցում, որպեսզի չդառնաս օրինակ Վրաստանի իշխանությունների նմանՍահակաշվիլու օրոք։ Նրանք վարում էին հակակոռուպցիոն քաղաքականություն, սակայն վերջում հենց իրենք դարձան կոռուպցիոներներ։

Վրացական բանտերով անցավ ավելի քան 200 հազար մարդ։ Դա նշանակում է, որ Վրաստանում գրեթե բոլոր ընտանիքներն առնչություն են ունեցել իրավապահ մարմինների հետ, ինչը ռեպրեսիայի որոշակի ձև էր։ Սահակաշվիլու բարեփոխումների ձևը շատ սիրուն էր ներկայացվել, սակայն իրականում դրանք ոչ թե բարեփոխումներ էին, այլ ռեպրեսիայի որոշակի տեսակ։

Եվս մեկ անգամ նշեմ, որ հակակոռուպցիոն քաղաքականության հետ պետք է շատ զգույշ լինել։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում  թույլ են զարգացած հասակարակական ինստիտուտները, ինչպես նաև այն, որ նրանք անկարող են վերահսկել կառավարությունը, մտավախություն կա, որ այն մարդիկ, ովքեր այսօր պայքարում են կոռուպցիայի դեմ, արդյունքում կարող են ևս «կեղտոտվել», ինչը պատմական օրինաչափություն է։

Անհրաժեշտ են օրենսդրական ու ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ չեն տա գնալ այն բարեփոխումների ճանապարհով, որոնք եղել են, օրինակ, Վրաստանում կամ Ուկրաինայում։ Վերջինս, օրինակ, մինչև հիմա դուրս չի եկել ապակայունացման գոտուց։ Երկրին կայունություն է անհրաժեշտ, որը չպետք է շփոթել լճացման հետ։

«Նովոստի–Արմենիա». իշխանափոխությունից հետո կարևոր հարց է մնում նաև հայ–ռուսական հարաբերությունները։ Ինչպիսի՞ն կլինի այդ հարաբերությունների ճակատագիրը։

Ա. Թևանյան. հայ–ռուսական հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, և սրանք պարզապես խոսքեր չեն։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանի ղեկավարած խմբակցությունը («Ելք», խմբգր.) հակառուսական էր կամ արևմտամետ։ Հիմա, իշխանափոխությունից հետո, Փաշինյանի հռետորաբանության մեջ տեղի է ունեցել 180 աստիճանի պտույտ, և այժմ նա կողմ է հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ Դա իհարկե լավ է, սակայն սրանք խոսքեր են, որոնք պետք է ամրապնդվեն կոնկրետ գործերով, և դրա համար հարկավոր է հարաբերությունների սեփական հայեցակարգ, որը պետք է ունենա կոնկրետ հարցերի և խնդիրների լուծում։

Պարզ օրինակ. ՀՀ կառավարությունը հրաժարվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն փոխանցել «Տաշիր» խմբի կառավարմանը` նշելով, որ երկու հիմնական էներգետիկ ակտիվները (բարձրավոլտ գծեր և բաշխիչ ցանցեր, խմբգր.) չպետք է գտնվեն մեկ ընկերության կառավարման ներքո: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գտնվում է «Տաշիր» խմբի կառավարման ներքո: Սակայն հաշվի առնելով «Տաշիրի» ծրագրերը, որոնք վերաբերում են հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացմանը` իշխանություններն այս հարցում կարող էին լինել ավելի ճկուն: Ավելին, որ կառավարության որոշումը վատ ուղերձ է ռուսական բիզնես հանրության և ռուսական գրանցում ունեցող հայ խոշոր ձեռներեցների համար: Չէ՞ որ մեր սփյուռքի այդ շերտն ամենաինտեգրվածն է Հայաստանի հետ: Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ հետհեղափոխական ժամանակահատվածն այդքան էլ լավ շրջան չէ արտաքին ներդրումների համար:

Ոչ միայն Ռուսաստանի, այլև մնացած աշխարհի հետ Հայաստանին անհրաժեշտ են կայուն, կանխատեսելի և թափանցիկ հարաբերություններ: Բիզնեսը սիրում է կայուն իշխանություն: Իսկ Հայաստանում մինչև կայունություն դեռ երկար ճանապարհ կա:

«Նովոստի-Արմենիա». Հայաստանում կայունության համար հարկավոր է նաև կայունություն Ղարաբաղում: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հեռանկարներ ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ մոտ ապագայում: Ձեր կարծիքով, ներկա իշխանությունն ունի՞ միջնաժամկետ հեռանկարում բանակցային գործընթացի վերաբերյալ հայեցակարգ կամ գոնե տեսլական:

Ա. Թևանյան. դա մենք, իհարկե, դեռ կտեսնենք: Կան ընդհանուր արտահայտություններ Ղարաբաղի հարցով ընդհանուր հայեցակարգի շրջանակում: Հարկավոր է հասկանալ, որ Ղարաբաղի անվտանգության հարցը Հայաստանի անվտանգության հարցն է, և այն շուտ չի լուծվի: Միաժամանակ, հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Սակայն որպեսզի լինի խաղաղություն, պետք է վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը կողմերի միջև, և այդ ճանապարհին մենք պետք է ուշադիր հետևենք կառավարության գործողություններին:

Կարծում եմ, որ առաջիկայում բանակցային գործընթացում կարող են լինել կտրուկ տեղաշարժեր: Չեմ կարծում, որ խնդիրը մոտ ժամանակներում կլուծվի, դա այն խնդիրներից չէ, որը կարելի է շատ արագ լուծել: Սակայն կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է շատ ջանք գործադրեն, որպեսզի ընտրվի բանակցային գործընթացի զարգացման խաղաղ ճանապարհ: Առաջիկայում ամենակարևորը բանակցային գործընթացի վերականգնումն է, երկրների ղեկավարությունների միջև կոնտակտները պետք է վերականգնվեն, որպեսզի բանակցությունների փոխարեն մենք չստանանք ռազմական գործողություններ:

«Նովոստի-Արմենիա». այս դեպքում ի՞նչ կարող եք ասել բանակցությունների հարցում Փաշինյանի ունեցած դիրքորոշման մասին, համաձայն որի` պաշտոնական Ստեփանակերտը անպայման պետք է ներառվի բանակցային գործընթացում, և հենց դրանում է այդ գործընթացի հաջողության պայմաններից մեկը:

Ա. Թևանյան. մեծ հաշվով Ղարաբաղն այսպես, թե այնպես մասնակցում է բանակցային գործընթացում, սակայն այո, Ստեփանակերտի սուբյեկտայնությունը բանակցային գործընթացում պետք է վերականգնվի: Սակայն դրա համար հարկավոր է, ինչպես արդեն ասացի, վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը:

Հիշեցնեմ, որ արցախյան պատերազմի ընթացքում` 1992-1994 թթ.-ին, պաշտոնական Բաքուն դիմում էր Ղարաբաղի ռազմական ղեկավարությանը: Դա արվում էր ոչ այն պատճառով, որ նրանք շատ էին հարգում կամ չէին հարգում այն ժամանակվա ղեկավարությանը, դա բխում էր ռազմաքաղաքական հավասարակշռությունից: Երբ այն կրկին վերականգնվի, այդ ժամանակ Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ:
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։
11:13
15 Դեկտեմբերի 2017
Ավանդական հայկական Ամանոր. մոռացված ծեսեր ու պահպանված սովորույթներ
Ամանորն արդեն սարերի հետևում չէ: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին:
15:40
11 Դեկտեմբերի 2017
Լեգենդար Իրինա Սլուցկայան կմարմնավորի հայ աստվածուհու կերպարը «Ախթամար» շոուում. ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան առաջին վարպետության դասն է անցկացրել Երևանում: