ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
- Ինչպե՞ս ձեզ հաջողվեց հաղթել նույնիսկ առանց իմանալու, որ մասնակցելու եք մրցույթին:
- Սկզբում մենք մտածում էինք, որ դա ուղղակի ելույթ է լինելու` նվիրված ՈՒՀԱ-ի հոբելյանին, և միայն գլխավոր փորձի ժամանակ հասկացանք, որ մասնակցելու ենք մրցութային ծրագրին: Բայց մենք պատրաստվում էինք արժանի ելույթ ունենալ: Արդյունքում նվաճեցինք երեք գավաթներից մեկը:
- Ի՞նչ ծրագրով եք ելույթ ունեցել, ինչպիսի՞ հնարքների շնորհիվ հաղթեցիք։
- Դա տեսնել է պետք: Սակայն հավատարիմ ենք մնացել մեր ոճին և ոգուն:
- Ի՞նչ զգացիք, երբ 16 տարի անց վերամիավորվեցիք հոբելյանին ելույթ ունենալու նպատակով:
- Զգացինք, որ երբեք էլ չենք բաժանվել և միշտ էլ միասին ենք եղել, պարզապես ելույթ չենք ունեցել բեմում: Մեզ համակեցին հիշողություններն ու զգացումները, որ ապրել ենք 16 տարի առաջ: Ելույթից առաջ և ելույթի ժամանակ ասես երեխաներ լինեինք, ովքեր ուրախանում էին, որ իրենց մոտ ստացվում է: Սա յուրօրինակ էքսկուրս էր դեպի անցյալ:
- «Նոր հայեր» թիմը չեմպիոն է դարձել 1997 թ.-ին, փոխչեմպիոն` 1999 թ.-ին, ՈՒՀԱ–ի Ամառային գավաթակիր 1998 թ.-ին: Դուք գիտե՞ք ՈՒՀԱ-ում հաղթելու բաղադրատոմսը:
- Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է հաղթանակի բաղադրատոմսը: Մեր թիմի համար առավել կարևոր է ոգին և այն, թե ինչպես ենք դա փոխանցում բեմից: Փորձերի ժամանակ մեզ ասում էին, որ ընդհանրապես չենք փոխվել: Իսկ երբ հագանք մեր կոստյումները, բոլորի մոտ այն տպավորությունն էր, թե մենք նորից 2000 թվականում ենք:
- Նման փայլուն հաջողությունից հետո ՈՒՀԱ-ի հետ կապված ծրագրեր չե՞ն առաջացել:
- Ոչ, իհարկե: ՈՒՀԱ-ն երիտասարդական խաղ է, այն մեր նման «ծերերի» համար չէ: «Ուրախների և հնարամիտների ակումբի» համար պետք է լինել 20-25 տարեկան, որպեսզի դա համապատասխանի խաղի ոգուն: Մենք չենք պատրաստվում ՈՒՀԱ-ում խաղալ:
- Արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և ինչպե՞ս է խաղը փոխել ձեր կյանքը:
- ՈՒՀԱ-ն որոշել է մեր կյանքի ողջ հետագա գործունեությունը: Սակայն ամենակարևորն այն է, որ ՈՒՀԱ-ն տվել է մեզ մեր ընկերությունը: Մենք ամեն տարի հավաքվում ենք մեր թիմով, մեկնում ենք հանգստանալու:
- Շատերը ասում են, որ ՈՒՀԱ-ն այլևս այն չէ: Իսկ ի՞նչ եք կարծում դուք` որպես այս շարժման վետերան:
- Համամիտ չեմ նման կարծիքի հետ: Կարծում եմ, որ եթե նման քննադատությամբ հանդես են գալիս հայերը, ապա դա կապված է այն երևույթի հետ, որ ՈՒՀԱ-ում մեր թիմը չունենք, այդ իսկ պատճառով էլ նրանք խաղը այլևս չեն դիտում: Բացի այդ, մենք արդեն հաճախ չենք հասկանում, թե հիմա ինչի մասին են կատակում թիմերը:
- Ինչպե՞ս է ստացվել, որ «Նոր հայերի» այդքան մեծ հաջողությունից հետո մենք չունենք արժանի թիմ ՈւՀԱ–ում։
- Կարծում եմ` դա, նախևառաջ, կապված է ռուսերենի ոչ բավարար իմացության հետ։
- Իսկ դուք, որպես ՈՒՀԱ–ի շարժման վետերաններ, չե՞ք պատրաստվում վարպետության դասեր տալ:
- Մեծ սիրով, եթե լինեն թիմեր, որոնք դրա կարիքն ունեն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում