481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի և Կուբայի միջպետական հարաբերությունները
13:52
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ–ն կարգավորում է Կուբայի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ կընդլայնվի առևտուրը, կվերականգնվեն քաղաքական կապերն ու դիվանագիտական հարաբերությունները։

Ստորև ՌԻԱ Նովոստին տեղեկություն է ներկայացնում ԱՄՆ–ի և Կուբայի միջպետական հարաբերությունների մասին։

1959թ.–ին Կուբայում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ Կուբայի ողջ տնտեսությունը սերտորեն կապված էր ԱՄՆ–ի տնտեսության հետ։

Ամերիկյան ընկերությունները վերահսկում էին կղզու տնտեսության ավելի քան երկու երրորդը, այդ թվում նաև` լեռնահանքային արդյունաբերության 90 տոկոսը, էլեկտրաէներգիայի ոլորտի և հեռախոսային ընկերությունների 90 տոկոսը, կոմունալ ձեռնարկությունների 80 տոկոսը, վառելիքի սպառման 80 տոկոսը, շաքարեղեգի ցանքատարածքների կեսը։

Նախահեղափոխական յոթ տարիների ընթացքում ամերիկյան ընկերությունները երկրից հանել են 800 մլն դոլարի շահույթ։ Զոհելով շաքարի արտադրությունը` ԱՄՆ–ի շուկա տեղափոխվեցին տնտեսության այլ ոլորտներ։ Արդյունքում` Կուբան վերածվեց երկրի համար կարևորագույն պարենային, սպառողական և հումքային ապրանքների ներկրողի։

Կուբան ԱՄՆ–ի հետ կապված էր ռազմաքաղաքական համագործակցության սերտ կապերով։ Կուբայի տարածքում գտնվող Գուանտանամո ծովախորշում 1903 թ.–ից գործում է ԱՄՆ–ի ռազմածովային բազան։

Ամերիկյան ազդեցությունն աննախադեպ չափերի հասավ ԶԼՄ–ների, կրթության, գաղափարախոսության և մշակույթի ոլորտներում։

Կուբայի և ԱՄՆ–ի հարաբերությունները սկսեցին վատանալ, երբ իշխանության եկավ Ֆիդել Կաստրոյի կառավարությունը։ Կուբայում հեղափոխական փոխակերպումները սկսվեցին 1959 թ.–ի մայիսին, օտարվեցին մասնավոր հողատիրությունները, ազգայնացվեցին շաքարի գործարանները, հեռախոսային և էլեկտրաէներգիայի ընկերությունները, որոնք պատկանում էին ամերիկացիներին։ 1960 թ.–ի սեպտեմբերին կուբացիներն ազգայնացրեցին հյուսիսամերիկյան բանկերի մասնաճյուղերը։ Հեղափոխական իշխանությունները մերժում էին ունեցվածքային հարաբերությունների կարգավորման մասին ԱՄՆ–ի բոլոր առաջարկները։ Դրան ի պատասխան` ԱՄՆ–ն դադարեցրեց նավթի մատակարարումն ու հրաժարվեց կուբական շաքար գնելուց։

1961թ.–ի հունվարի 2–ին ԱՄՆ–ն խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ։

1961թ.–ի ապրիլին Միացյալ Նահանգներն աջակցեցին Կոչինոս ծոցում 1500 զինված կուբացի ընդդիմադիրներից բաղկացած ջոկատի ափհանմանը։ Ակցիան ձախողվեց, իսկ ջոկատը ջախջախվեց։

1962թ.–ի հունվարին Վաշինգտոնի պնդմամբ Կուբան հանվեց Ամերիկյան պետությունների կազմակերպությունից։ Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բացի Մեքսիկայից, ԱՄՆ–ի պնդմամբ, խզեցին դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Կուբայի հետ։ ԱՄՆ–ում քննարկվում էր կղզի ամերիկյան զինված ուժերի ուղիղ ներթափանցման հնարավորությունը։

Ամերիկայի և Կուբայի հարաբերությունների լարվածության բարձրակետը դարձավ Կարիբյան հրթիռային ճգնաժամը, երբ Կուբայում տեղակայվեցին խորհրդային հրթիռները` միջուկային մարտագլխիկներով, որոնք ուղղված էին դեպի ԱՄՆ։

1963թ.–ի փետրվարին ԱՄՆ–ում ընդունվեց Cuban Assets Control Regulations հատուկ օրենքը։  Արգելիչ միջոցառումները դարձան Կուբայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հիմնական լծակները։ 1966 թ.–ին ԱՄՆ–ի քաղաքացիներին արգելվեց այցելել Կուբա։

1960 և 1970թթ.–ին արտաքին քաղաքականության ոլորտում Ֆիդել Կաստրոյի կառավարության գործունեությունն ուղղված էր դիմակայությանը ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին։

1970–ականների վերջում թուլացվեցին Կուբա ամերիկացիների այցելության և կուբացիների ԱՄՆ այցելության սահմանափակումները, իսկ կուբացի էմիգրանտներին թույլատրվեց այցելել հայրենիք։

1977թ.–ի մայիսի 30–ին ԱՄՆ–ն և Կուբան համաձայնության եկան սեպտեմբերի 1–ից դիվանագիտական ներկայացուցիչներով փոխանակվելու հարցում` երկու երկրների շահերի բաժինների մակարդակի վրա։

1990–ականներին աշխարհում տեղի ունեցած գործընթացները որոշակի խթան դարձան նաև Կուբայի և ԱՄՆ–ի հարաբերությունների զարգացման համար։ Ամերիկացի օրենսդիրներն ու հասարակական գործիչները սկսեցին ակտիվորեն այցելել Կուբա։ 2002 թ.–ի սկզբին Ֆիդել Կաստրոն ընդունեց ամերիկացի օրենսդիրներին և գործարարներին, ովքեր հանդիպման արդյունքում հայտարարեցին, որ պատրաստ են պաշտպանել էմբարգոյի չեղյալ հայտարարմանն ուղղված օրինագծերը։ Այս ամենը նպաստեց երկրների միջև հարաբերությունների որոշակի «ջերմացմանը»։

Կուբայի կառավարությունը դատապարտեց 2001 թ.–ի սեպտեմբերի 11–ին Նյու Յորքում և Վաշինգտոնում կազմակերպված ահաբեկչությունները։

2002թ.–ի մայիսին Կուբա այցելեց ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարթերը, ով երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար առաջարկեց չորս կետերից բաղկացած ծրագիր` Կուբա այցելությունների սահմանափակման չեղյալ հայտարարում, էմբարգոյի հանում, ունեցվածքային վեճերի լուծում, որոնք առաջացել են 1959 թ.–ի հեղափոխությունից հետո ամերիկյան ունեցվածքի ազգայնացման հետևանքով, ԱՄՆ–ում կուբական սփյուռքի օգտագործում` որպես կամուրջ երկու երկրների մերձեցման համար։

Ջորջ Բուժ կրտսերի նախագահության տարիներին, չնայած պահպանվող էմբարգոյին և ֆերմերական լոբբիին, ԱՄՆ–ի Կոնգրեսը թույլ տվեց գյուղատնտեսական ապրանքներ մատակարարել Կուբա։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս խոսել է Կուբայի հետ հարաբերություններում նոր մոտեցման և կղզու նկատմամբ ներդրված պատժամիջոցների վերանայման հնարավորության մասին։

2013թ.–ի դեկտեմբերի 10–ին Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն ՀԱՀ–ում Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ անձամբ հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով սեղմեց Կաստրոյի ձեռքը։ 1959 թ.–ին տեղի ունեցած կուբական հեղափոխությունից հետո սա դարձավ առաջին դեպքը, երբ երկու երկրների առաջնորդները հանդիպեցին։

2014թ.–ի հունիսին, ինչպես հաղորդում էր Busqueda ուրուգվայական հրատարակությունը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին էր փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը։ Կաստրոն Վաշինգտոնի հետ մերձեցման պատրաստակամություն էր հայտնել, սակայն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ–ն չպարտադրի իր կարծիքը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:44
12 Օգոստոսի 2014
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը։ Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
19:27
05 Դեկտեմբերի 2007
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
20:09
04 Դեկտեմբերի 2007
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
13:10
05 Նոյեմբերի 2007
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ