ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 7–ի կեսգիշերին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 217 տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Տունը, սակայն, ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, տանտիկինը` Անահիտ Մարգարյանը, ասել է, որ տունը կրակի է մատնել իր նախկին ամուսինը, ով 20 տարուց ավելի ընտանիքով չի հետաքրքրվել:
Կնոջ խոսքով, տղամարդը հայտնվել է գիշերը, իրեն պատկանող հագուստներն ու իրերը տանից հանել, տարել է քրոջ տուն, որից հետո տունը կրակի է մատնել:
Загружается новость ... "Лево"
Տան անդամները հրաշքով են փրկվել։ Դիմել են Էրեբունի թաղապետարան, սակայն, կնոջ խոսքով, թաղապետը չի ընդունել նրանց։
Ըստ աղբյուրի, կինը խնդրում է բարի մարդկանց օգնել իրենց, քանի որ «ընտանիքի մայրը և տղան հաշմանդամ են, ունեն առողջական խնդիրներ, գիշերում են բաց երկնքի տակ ու հիմա չգիտեն, ինչպես դուրս գան այդ քաոսից»։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանները որոնում են տունն ամբողջովին կրակի մատնած տղամարդուն։ -0-