485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՔԿ–ն վարույթ է ընդունել Air Armenia–ի տնօրենին ծեծի ենթարկելու մասին գործի նյութերը
20:08
18 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին գործի նյութերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Air Armenia ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ  նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով երեքշաբթի  հետաքննության մարմնից  ուղարկվել են դատախազություն։ Նույն օրը նախապատրաստված նյութերը, համապատասխան հանձնարարությամբ  ուղարկվել են նախաքննական մարմնին՝ ՀՀ քննչական կոմիտե՝  քր. դատ. օր.-ի  180-րդ,  181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

ՀՀ  քր. դատ. օր.-ի  180-րդ հոդվածը նախատեսում է հանցագործությունների մասին տեղեկությունների ուսումնասիրման կարգ, իսկ 181–րդ հոդվածը կարգավորում է այդ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում ընդունված որոշումներին վերաբերող հարցերը։ Մասնավորապես, ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` հարուցել քրեական գործ, մերժել քրեական գործ հարուցելու հարցում, հանցագործության մասին տեղեկությունը փոխանցել ենթակա գերատեսչությանը։

«Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։  Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝  պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը  և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար», – նշել են Քննչական կոմիտեից։
 
Նախօրեին Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ նրան ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով։

Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի «Հերացի» համալսարանական կլինիկա` գլխուղեղի ցնցումով, քթի ոսկրերի կոտրվածքով և բազմաթիվ մարմնական վնասվածքներով։

Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության թղթակցի հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ շաբաթ օրը հանդիպել է Հայրապետյանի հետ Ֆուտբոլի ակադեմիայում, որը գտնվում է ՀՖՖ–ի նախագահի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում։

«Ռուբեն Հայրապետյանը քաշեց իմ ձեռքը, ես փորձեցի ազատվել, սակայն բոլոր կողմերից իմ վրա սկսեցին հարվածել», – նշել է Air Armenia–ի տնօրենը։

Նրա խոսքով` նա վայր է ընկել և չի տեսել, թե ով է հարվածում։ Այնուհետև նրան տարել են ուրիշ վայր, որտեղ Հայրապետյանը շարունակել է զրույցը, սակայն այստեղ արդեն նա չի փորձել հարվածել։

Հաշվեհարդարի պատճառների մասին Ավետիսյանը խոստացել է պատմել առաջիկա օրերին։

Սակայն դեռ շաբաթ օրը Air Armenia–ի տնօրենի կինը` Իզաբելլա Մելքումյանը մեղադրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ամուսնուն առևանգելու և նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Նրա խոսքով` Air Armenia–ն պարտքեր ունի «Տարոն–ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանի առաջ, որը դիմել է ՀՖՖ–ի նախագահին` պարտքը վերադարձնելու հարցում օգնելու խնդրանքով։

Մելքումյանը Yerevannews.am–ին հայտնել է, որ ՀՖՖ նախագահը նախօրեի երեկոյան իր ամուսնուն հրավիրել է Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանից ոչ հեռու գտնվող սրճարաններից մեկը։ Ավելի ուշ, ըստ նրա, Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի թիկնապահները ծեծի են ենթարկել Ավետիսյանին և տարել նրան ֆուտբոլային ակադեմիայից ոչ հեռու գտնվող շենք։

Այնուհետև տեղեկություն ստացվեց այն մասին, որ Air Armenia–ի ղեկավարը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» համալսարանական կլինիկա։

Ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Սա առաջին դեպքը չէ, որի հետ կապում են ՀՖՖ–ի հետ կապ ունեցող մարդկանց անունները։

2012 թվականի հունիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հաստատության անվտանգության աշխատողները դաժան ծեծի էին ենթարկել երեք զինվորական բժիշկների։ Նրանցից մեկը` բժշկական ծառայության 33–ամյա մայոր, երկու երեխաների հայր Վահե Ավետյանը, մահացել էր 12 օր անց` գիտակցության չգալով։

Միաժամանակ ուրբաթ տեղեկատվություն էր ստացվել, որ Air Armenia ավիաընկերության հաշվեկշռին ընկերության բաժնետեր, «East Prospect Fund»  ներդրումային հիմնադրամից ստացվել են 68.6 մլն դոլարի պարտատոմսեր։ Իրականացված ներդրումներն «Էյր Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն են, որոնք կարող է տնօրինել` ելնելով անհրաժեշտությունից և դրված նպատակներից։

2014 թվականի հոկտեմբերին Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը որոշեց վերակազմավորել ֆինանսները և թռիչքների ժամանակացույցը` դադարեցնելով ավիաչվերթերը։ Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին, որ ԶԼՄ–ներում ընկերության խնդիրների մասին տարածած տեղեկությունը հանգեցրել է վաճառքների կրճատմանը 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը հասել է կրիտիկական նվազագույնի։

Իսկ 2014 թվականի դեկտեմբերին Air Armenia–ի բաժնետոմսերի 49 տոկոսին տիրապետող «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը պարտավորվել է 30 մլն դոլար ներդնել ընկերությունում և նոր ինքնաթիռներ բերել` ավիապարկի ընդհանուր թիվը հասցնելով 5 ինքնաթիռի։

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության` 2013 թվականի ապրիլի 1–ին հայտարարած սնանկության մասին ընթացակարգից հետո Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցավ ուղևորափոխադրումների իրականացմանը։ 

«East Prospect Fund»–ն արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցված է Բրիտանիայի Վիրգինյան կղզիներում և իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումային գործընկերություն։ Հիմնադրամի ակտիվների ծավալը դրա ներկայացուցիչները գնահատում են 2.5 մլրդ դոլար։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:23
11 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կասյան փողոցի էստակադայի վրա. երկու մարդ հոսպիտալացվել է
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:25
11 Դեկտեմբերի 2017
Ողբերգական վրաերթ Իջևանում. 21–ամյա զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51–ամյա մի կնոջ.
Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում:

13:58
10 Դեկտեմբերի 2017
Վրաերթ Շիրակում. 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Շիրակում տեղի է ունեցել վրաերթ, 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։
19:09
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում. Opel-ը հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
17:46
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Հայաստանի 34–ամյա քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։
13:44
08 Դեկտեմբերի 2017
Երևանում ՃՈ Toyota-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:32
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր հրդեհ Կոտայքում. կրակը տարածվում էր մոտ երկու ժամ (ՖՈՏՈ)
Նախօրեի երեկոյան հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
15:38
07 Դեկտեմբերի 2017
Սյունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ՖՈՏՈ)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:16
07 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։