ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կանոնավոր կերպով զեկուցում են Երևանում պայթյունից հետո ստեղծված իրավիճակի մասին, ասաց պետության ղեկավարի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
«Նախագահին կանոնավոր զեկուցվում է աշխատանքների ընթացքի մասին: Նախագահ Սարգսյանը հանձնարարել է ոստիկանությանն ուժեղացնել պարեկային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում բուժօգնություն ցուցաբերելու համար»,- ասաց Հակոբյանը:
Նախագահի մամուլի քարտուղարը կոչ արեց զերծ մնալ չստուգված տեղեկության տարածումից:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի ավտոբուսում: Ճշտված տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, յոթը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այդ թվում` անչափահասներ և հղի կին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում