ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel և Mercedes ML 550 ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աղբյուրի հաղորդմամբ` ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձել են մոլորեցնել, թե իրենք չեն վարել ավտոմեքենան։
Opel-ի վարորդը տեղում ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ վիճակում է։ Իսկ Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը հրաժարվել են բժշկական փորձաքննությունից և փաստաթղթեր ներկայացնելուց։
Ոստիկանությունը պարզում է, թե երիտասարդներից ով է եղել Mercedes-ի վարորդը, սակայն ականատեսների պնդմամբ` մեքենան վարել է Խ. Հովհաննիսյանի տղան՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։
Ավելի ուշ երիտասարդը խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է վարել և ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ գտնվել է անսթափ վիճակում։
Ալկոհոլի քանակն արյան մեջ գերազանցել է 1,2 տոկոսը։-0-