ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։
Նախօրեի ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց Ձորի Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։
Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել, նշված վայր է մեկնել
2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով և 3 մարտական հաշվարկ:
Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնել են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։
ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ:
Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։
Ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:
Загружается новость ... "Лево"
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայրում են եղել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:
Ուրբաթ առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:
Ժամը 10:25-ի դրությամբ այրվում է 14 էլ. սյուն, ինչի հետևանքով հոսանքազրվել է Արտավան գյուղը:
Այրվում է մոտ 220 հա բուսականություն։ -0-