ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի Արմենիա/. Կատարվում է քննություն` պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղորդման համաձայն, նախօրեին «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարում, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Загружается новость ... "Лево"
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
«Դեպքի վայրի զննությամբ բնակարանում գետնին հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն վնասվածքներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են տատին ու թոռնիկը։
Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Բժիշկների փոխանցմամբ` փոքրիկի կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: -0-