ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի տեղեկանում ենք shamshyan.com կայքից, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարների հետևանքով կան վիրավորներ, պարզվում է նրանց ինքնությունը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ճանապարհը եղել է անցանելի, վթարների նախնական պատճառը վարորդների անուշադրությունն է։ -0-