ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 10։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 տանը փլուզում է տեղի ունեցել, և կա տեղեկություն, որ ներսում քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է shmashyan.com կայքը, օպերատիվորեն ժամանել են Մուսալեռի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը։
Կայքի հաղորդմամբ, փրկարարները նշված տան մեջ՝ փլատակներից, դուրս են բերել նշված տան բնակչուհի, 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։
Փրկարարներն այդ աշխատանքները կատարել են ձեռքով, քանի որ բահով կվնասեին դին։ Ներսում նաև նոր փլուզման լուրջ վտանգ կար, ինչը կվնասեր նաև փրկարարներին։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները, ում որոշմամբ ստեղծվեց քննչական խումբ:
Ընդ որում, կայքի հաղորդմամբ, Վաղարշապատի ոստիկանության ծառայողները տարածքում հսկողություն են իրականացնում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում