ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է։ ԶԼՄ–ների տվյալներով, բնակիչների մի մասը պահանջում է գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, գյուղում կրակոցներ են հնչել։
ՀՀ ոստիկանության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։
Գերատեսչության տվյալներով, միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, իրավիճակն, իսկապես, պայթյունավտանգ է, գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։ Պատճառը գյուղապետի հետ է կապված, քանի որ գյուղը բաժանվել է 2 մասի. մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, մի մասը սատարում է գյուղապետին։ Գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն, Զարթոնք է ժամանել նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Ազատությունը», հղում անելով ՀՀ ՔԿ–ին, հայտնում է, որ գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:–0–