ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում գործող վարկային կազմակերպությունից զենքի կամ որպես զենք հանդիսացող առարկայի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ դիմակավորված անհայտ անձը, նույն վարչական շրջանի տարածքում գործող վարկային կազմակերպության գրասենյակից ավազակությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել նշված գրասենյակ և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ընկերության աշխատակցից պահանջել և ստացել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հունվարի 21–ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (ավազակությունը) հարուցվել է քրեական գործը:
Загружается новость ... "Лево"
«Իրականացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին: 2019թ. հունվարի 22-ին վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննվելիս նա տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն:
Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացած դանակը և դեպքի պահին առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները:
2019թ. հունվարի 24-ին 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:–0–