ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): ՀՀ քաղաքացի Գ.Վ-ն ձերբակալվել է:–0–