ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարտուն Վարդանյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է հանցագործների վնասազերծել։
Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեորգի Պերելադովին և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Տիգրանյանին։
Պարզվել է, որ Մ. Վարդանյանը Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է Գ. Պերելադովին և Կ. Տիգրանյանին գողություն կատարելիս։
Վերջիններս էլ, տեսնելով, որ Մ. Վարդանյանը մոտենում է նրանց, նրանցից մեկն իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մ. Վարդանյանի դեմքին ու դիմել փախուստի։
Կայքի տեղեկացմամբ, կասկածյալ բնակարանագողերի փախուստը կանխվել է 25-ամյա Էդգար Կուրղինյանի կողմից, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և ՀՁՊ գնդի 3-րդ գումարտակում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գ. Պերելադովն ու Կ. Տիգրանյանը ձերբակալվել են։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ, ըստ մասնագետների հայտարարության, մի փոքր հապաղելու դեպքում վիրավորը, հնարավոր է, տեսողության հետ լուրջ խնդիներ ունենար։
Կայքի ունեցած տեղեկություններով, Մ. Վարդանյանը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում