ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։
Ժամանել է թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած դին` ոտքերը, աջ ձեռքի մի հատվածը և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։
Պարզվել է մահացածի ինքնությունը, ով նույն հասցեի բնակիչ 77-ամյա Իզիդա Աբգարյանն է, ով բնակվում էր միայնակ։ Համայնքային ոստիկաննրը օպերատիվորեն ճշտել են նաև մահացածի տղայի բնակության վայրը, ում նույնպես տեղեկացրել են ողբերգական դեպքի մասին։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակն առաջացել է դրանից, և դեպքի վայրում հավաքվածներն էլ նշել են, որ առաջինը նկատել է շենքը սպասարկող էլեկտրիկը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները, սակայն նշված բնակարանը գազի խնդիր չի ունեցել։-0-