ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է Նարեկ Գուրունյանի հայտարարությունը, որը գտնվում է հետախուզման մեջ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում գրանցված սպանության գործով։
«Ես` Գուրունյան Նարեկը, ծնվել եմ 1997 թ.–ի մարտի 30–ին, առաջին հերթին իմ ցավակցություններն են հայտնում զոհվածի հարազատներին։ Իմ հերթին ուզում եմ նշել, որ ես ոչ մեկին չեմ սպանել։ Այդ չարաբաստիկ օրը ես մասնակցել եմ «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ մեկին չեմ սպանել», – հայտարարել է Գուրունյանը։
Նա նաև նշել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում է նրանց տրամադրել անվտանգություն ու իրականացնել թափանցիկ քննություն։
«Պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի։ Ես մարդասպան չեմ», – նշել է Գուրունյանը։
Կարագանդայի ռեստորանում տեղի ունեցած ողբերգությունը և մի քանի օր անց կազմակերպված հանրահավաքները դարձել են քննարկման առարկա Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ–ների և ուժային գերատեսչությունների մակարդակով։ Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերը։
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ անցկացվելու է արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:
Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ Tengrinews.kz պորտալի հաղորդմամբ, ձերբակալվել է 7 կասկածյալ (նրանցից հինգը կալանավորվել է), մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Աղբյուրի տվյալներով, Կարագանդայի մարզի ոստիկանությունում սկսվել է նախաքննություն «Սոցիալական, ազգային, տոհմական, ռասայական, հասարակարգային կամ կրոնական թշնամության հրահրում» հոդվածով։
Zakon.kz կայքն ավելի վաղ հաղորդել էր, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու` Մալխասյան Թորգոմ, Մալխասյան Սոխակ, Նադիրբեկով Կաիր։ Նրանք կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, Կարագանդայի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Կարագանդայի ոստիկանների կողմից հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ։– 0–