ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Շինարարական կազմակերպությունը վթարել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարանցիկ խողովակաշարը:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այսօր գիշերը ժամը մոտ 3-ին Վեոլիա ջրում ահազանգ էր ստացվել, որ Արաբկիրի Բաբայան փողոցում վթարվել է 500 մմ տրամագծով տարանցիկ խողովակաշարը, որը սնուցում է Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների մի շարք թաղամասեր:
Ահազանգի հետքերով անմիջապես գնացել էր Վեոլիա Ջրի «Արաբկիր» տեղամասի պետը՝ անձամբ վթարը զննելու ու հրատապ միջոցներ ձեռնարկելու համար: Իսկ առավոտ կանուխ արդեն տեղում էր վթարայինի բրիգադը՝ տեխնիկայով հանդերձ:
Անգամ ոչ մասնագետի հայացքը կարող էր անմիջապես նկատել, որ վթարի պատճառը ջրատարից ընդամենը մեկ-երկու մետր այն կողմ ընթացող շինարարական աշխատանքներն են:
Շինարարների անփութության արդյունքում ջրատարը զրկվել էր իրեն պահող հողային հիմքից և կախվել օդում: Ջրագծով հոսող ջրի ծանրությունն էլ պատճառ էր դարձել, որ այն ճկվի և վթարվի:
Ներկայումս վթարի վայրում ընթանում են ինտենսիվ աշխատանքներ:-0-