ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) և անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:
«Նովոստի–Արմենիա» գործակալության տվյալներով, ՀՀ պաշտպանության նախարարը չի տուժել։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ժամը 11։40-ի սահմանում «Lexus» մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձում է կապ հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով դեռևս անհասանելի է:–0–