ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 21-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Շահումյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչներ` 1984 թ. ծնված Թ. Ս.-ը և 1982 թ. ծնված Գ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Քարվաճառի N զորամասի բուժկետ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–