ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը Opel-ի վարորդի մայր է, ում անունը Քնար է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ամբողջական տվյալները:
Բախման հետևանքով առաջացել է նաև դիզվառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնը, այնուհետև կատարել դիզվառելիքի տեղափոխման աշխատանքներ, սահմանազատել են տարածքը և Opel-ի միջից դուրս են բերել մահացածի դին, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:–0–