ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 11։40-ի սահմանում «Lexus» մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է
shamshyan.com կայքը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Կայքի տեղեկություններով, մահացածներն են Արմեն Մուսիկյանը և Ալեքսան Սիմոնյանը, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։
Դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու քննիչները։
Կայքի հաղորդմամբ, ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված։
Ինչպես հաղորդում է
yerkir.am
կայքը, այդ ավտոմեքենան ՀՀ պաշտպանության նախարարի ծառայողական մեքենան է, ով այդ պահին մեքենայում չի եղել:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձում է կապ հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով դեռևս անհասանելի է:–0–