ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլիկ./Նովոստի–Արմենիա/. Երևանում պայթած ավտոբուսի նստատեղերից մեկի տակ, հնարավոր է, պայթուցիկ սարք է եղել, հաղորդում է «Արմենիա» հեռուստաընկերությունը` հղում անելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։
Նրա խոսքով` հնարավոր է` այն գտնվել է ավտոբուսի աջակողմյան հատվածի երկրորդ նստատեղի տակ:
Նա ավելացրել է, որ պայթյունն ալիքաձև է եղել։
Պայթյունի պահը ֆիքսել են երթևեկության տեսախցիկները։ Ոստիկանությունից նշել են, որ բոլոր վարկածները նախնական են։
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի ավտոբուսում: Ճշտված տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, յոթը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այդ թվում` անչափահասներ և հղի կին: -0-