ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 05։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկնության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, հաղորդում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեյզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։
Կայքի տեղեկություններով, վիրավորներն են Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Միաժամանակ , «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, ով Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։
Կայքի հաղորդմամբ, նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում