ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ավտոմեքենա է այրվել Հանրապետության հրապարակի մոտակայքում։
Քիչ առաջ Ford մակնիշի ավտոմեքենան հանկարծակի արգելակեց Նալբանդյան փողոցի հետիոտնային անցումի մոտ։ Մի քանի վայրկյան անց հնչեց երկու ուժեղ պայթյուն, և մեքենայի կապոտի տակից կրակի լեզվակներ երևացին։ Վարորդն անմիջապես փորձեց բացել կապոտը, սակայն չկարողացավ մարել կրակը և արագորեն փակեց գազի փականը։
Միջադեպի վայրում հավաքված վարորդներն ու անցորդները փորձեցին մարել կրակը ձեռքի տակ հայտնված իրերով։
Նրանց օգնության հասան մոտակայքում գործող բանկի անվտանգության աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն սկսեցին մարել կրակը կրակմարիչների միջոցով։ Մի քանի րոպե անց կրակը հաջողվեց մարել։ Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։–0–
Լուսանկարները և տեսանյութերը` «Նովոստի–Արմենիա» գործակալության