ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց:
Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ:
Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում