ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր Շիրակամուտ գյուղում 3 մանկահասակ երեխա է թունավորվել։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 17-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորումը ստացել են հունվարի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել նաև Տաշիր քաղաքում։
Մասնավորապես, հունվարի 16-ին ժամը 22.30-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչներ, 2003 թ. ծնված Հայկ Թ.-ն, 2007 թ. ծնված Արսեն Թ.-ն, 2014 թ. ծնված Նորա Թ.-ն և 1980 թ. ծնված Ամալյա Ք.-ն:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում գտնվող գազի կաթսան օգտագործելուց՝ շմոլ գազի արտահոսքից», –նշվում է հաղորդագրության մեջ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:–0–