ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ամբողջ տարածքում գազամատակարարման խնդիրներ են նկատվում, ինչը բացառապես կապված է անվտանգությունն ապահովող էլեկտրոնային սարքավորումների խափանումների հետ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Հարությունյանը:
Չորեքշաբթի ցերեկը Երևանի ողջ տարածքում և որոշ մարզերում գրանցվել են էլեկտրաէներգիայի խափանումներ: Մասնավորպես, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում արձանագրվում են լարման տատանումներ, խափանված է նաև ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները: Դադարեցվել է Երևանի մետրոյի աշխատանքը: Համացանցում տեղեկություններ են հայտնվել բնական գազի մատակարարման ընդհատումների մասին:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնակչությանը գազ է մատակարարում սովորական ռեժիմով: Որոշ բաժանորդների մոտ խնդիրներ են առաջացել անվտանգության ավտոմատացված սարքերի խափանման հետևանքով, որոնք անսարքության պատճառով արգելափակում են գազամատակարարումը», - ասաց Հարությունյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Երևանում և Գեղարքունիքի մարզում չորեքշաբթի օրվա համար նախատեսված են եղել պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնց մասին բաժանորդները նախօրոք իրազեկվել են, սակայն մատակարարման հետ կապված իրավիճակը կապված չէ դրա հետ:
Ավեի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է վթարի մասին էներգետիկ համակարգում` նշելով,որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են: Ըստ նրա, հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։–0–