ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:10-ի սահմանում, դիմակավորված անձը՝ ինքնաձիգով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 7/385 հասցեում գտնվող մթերային խանութ, որտեղ գործում է նաև տարադրամի փոխանակման կետ, և վերջինիս աշխատակցուհու կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից>>
Վախեցնելու նպատակով զինված տղամարդն արձակել է 4 կրակոց, սակայն խանութի մյուս աշխատակիցների կողմից բարձրացված աղմուկի, ինչպես նաև ձայնաազդանշանային համակարգի միանալու արդյունքում դիմել է փախուստի՝ ոչինչ չհափշտակելով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։ -0-