ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29–ի գիշերը քրեական դրամա է տեղի ունեցել։ Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով` դիմակավորված անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են ավտոսերվիսին և կրակ բացել յոթ մարդու ուղղությամբ։ Բոլոր տուժածներն ազգությամբ հայեր են։
Տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Սալավատի կենտրոնական հիվանդանոց, որտեղից հայտնել են, որ տուժածներից երեքը վնասվածքներ են ստացել որովայնի շրջանում, մյուս երեքը` մարմնի այլ մասերում և ևս մեկը` գլխի շրջանում։ Բոլոր տուժածների վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է lifenews.ru–ն։
«Միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են։ Լուծվում է «Մահափորձ երկու և ավելի անձանց նկատմամբ» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը», – ավելացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։–0–