ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:20-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փոքր Վեդի գյուղի Մակարյան փողոցի բնակիչ, 13-ամյա Սարգիս Տեր-Օհանյանն է:
Հիվանդանոցում երեխայի հայրը՝ 47-ամյա Արայիկ Տեր-Օհանյանը, ոստիկաններին հայտնել է, որ որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ մետաղյա ցանկապատի լարը ձեռքին դիպչելու հետևանքով:
Կայքի տեղեկություններով, հաջորդ օրը Արարատի ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ երեխայի հայրը ստում է։ Իրականում երեխան վնասվածքը ստացել է համագյուղացի, 43-ամյա Գևորգ Մուրադյանի կողմից ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով:
Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, իսկ փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Կայքի տեղեկություններով, վիրավոր երեխան սովորում է գյուղի դպրոցի 7-րդ դասարանում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում