ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Արարատի մարզում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, 2016թ.-ի սեպտեմբերի 26-ին ժամը 09:30-ի սահմանում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող խանութներից մեկը և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել սեփականատիրոջ նկատմամբ: Մասնավորապես, օղու շշով հարվածել է վերջինիս գլխին, ով սկսել է բղավել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ նախօրեին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Ավազակություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: Նույն օրը խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդ։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում