ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
Փաուերը հիշեցրել է «Հայոց ցեղասպանության ժխտման» մասին։
Այս ամենը The Washington Post–ին առիթ է տվել հարցադրում անելու այն մասին, իսկ, հնարավո՞ր է, արդյոք, Օբամայի վարչակազմը գաղտնի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Այս չորս բառերը (Genocide denial against the Armenians) կարող են կատաղեցնել Թուրքիային, որը շատ կոշտ է արձագանքում ցեղասպանության մասին որևէ հիշատակմանը, և որի ռազմավարական դերը, որպես ԱՄՆ–ի գլխավոր գործընկեր և աշխարհի անկայուն գոտում ՆԱՏՕ–ի դաշնակից, ստիպում է ամերիկացի պաշտոնյաներին չափազանց մեծ զգոնություն դրսևորել մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդի մասին խոսելիս», – նշվում է The Washington Post–ի հոդվածում։
Փաուերի հայտարարությունն անսպասելի է նաև, եթե հաշվի առնենք, որ նա ԱՄՆ–ի երկրորդ աստիճանի դիվանագետի կարգավիճակ ունի, և այդ հայտարարության մեջ հնչել է քողարկված քննադատություն Օբամայի հասցեին։
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ առաջին ընտրարշավի ժամանակ Օբաման խոստացել էր ընտրվելու դեպքում հայերի ջարդերն անվանել «Ցեղասպանություն»։ Սակայն խոստումը չպահեց։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը նշվում է ապրիլին, Օբաման այդ սպանություններն անվանեց 20–րդ դարի առաջին զանգվածային չարագործություն և ողբերգություն, որը չպետք է կրկնվի։
Միաժամանակ, Փաուերը մինչև պետական պաշտոն ստանձնելը, լինելով լրագրող և Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, շատ էր գրում ցեղասպանությունների նկատմամբ ԱՄՆ–ի արձագանքի մասին։
«Պաշտոնատար անձինք պատմում են, որ նա կուլուարներում ակտիվորեն զբաղվել է Օբամայի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցերով», – նշվում է հոդվածում։
Փաուերի մամուլի քարտուղար Քերթիս Քուփերը հայտարարել է, որ ցեղասպանության մասին խոսվել է Հոլոքոստը վերապրած, նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին մեծարելու համատեքստում և պետք է «համոզեր մյուսներին դեմ հանդես գալ, այլ ոչ թե անմասն մնալ սիստեմատիկ անարդարության, զանգվածային վայրագությունների և ցեղասպանության նկատմամբ, որոնցից մեկը Վիզելը ստիպված էր վերապրել»։ Նա նշել է, որ Փաուերի խոսքերը չեն արտացոլում վարչակազմի քաղաքականության փոփոխությունները։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ–ի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Նախագահն ու վարչակազմի այլ պաշտոնատար ներկայացուցիչները բազմաթիվ անգամ սգացել և ճանաչել են Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանության պատմական փաստը, ինչպես նաև հայտարարել են, որ փաստերի ամբողջական, ազնիվ և արդար ճանաչումը բխում է մեր շահերից», – նշել է Թոները։
Հոդվածում նաև նշվում է, որ նախընտրական արշավի ընթացքում, ութ տարի առաջ, Փաուերը հրապարակել է տեսանյութ, որտեղ կոչ է արվում ամերիկահայերին քվեարկել Օբամայի օգտին` նշելով, որ նա կկատարի իր խոստումը և ազնիվ կխոսի տեղի ունեցածի մասին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում