ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
BBC–ի հաղորդմամբ, արտաշիրիմումը տեղի է ունեցել հայրությունը հաստատելու համար, որին հավակնում է Մարիա Պիլար Աբել Մարտինեսը, ով հայտարարում է, որ Դալին իր հայրն է։
Օպերացիան, որի ընթացքում վերցվել են նկարչի ատամների, ոսկորների և եղունգների նմուշները, տևել է 4 ժամ։ Այժմ փորձագետները համեմատում են Դալիի ԴՆԹ–ն նրա ինքնակոչ դստեր ԴՆԹ–ի հետ։
Նկարչի մարմնին հասնելու համար ստիպված են եղել բարձրացնել 1.5 տոննա քաշով սալաքարը, որը ծածկում էր նրա գերեզմանը։ Սյուրռեալիստ–գեղանկարչի գերեզմանը, ով մահացել է 1989 թ–ին` 85 տարեկան հասակում, գտնվում է Կատալոնիայում` նրա կյանքին և արվեստին նվիրված Դիգորասե թանգարանում։
Գործընթացն իր հունով է ընթանում` չնայած տեղի իշխանությունների և Սալվադոր Դալիի հիմնադրամի առարկություններին, որոնք կարծում են, որ արտաշիրիմման համար հիմքերը բավարար չեն։
Մարիա Պիլար Աբել Մարտինեսը, ով զբաղվում է տարո խաղաթղթերով գուշակությամբ, ծնվել է 1956 թ–ին։ Նա պնդում է, որ իր մայրը` Անտոնիան, 1955 թ–ին գաղտնի սիրավեպ է ունեցել նկարչի հետ` Աբելի լույս աշխարհ գալուց մեկ տարի առաջ։ Անտոնիան աշխատել է ընտանիքում, որն այն ժամանակ նկարչի տանից ոչ հետու գտնվող Կադակոսում ժամանակ էր անցկացնում։
Загружается новость ...
"Право"
Անցած ամիս Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել էր արտաշիրիմել նկարչին` հարցին լուծում տալու համար։ Արտաշիրիմմանը դեմ էր Սալվադոր Դալիի հիմնադրամը, որը տնօրինում է նկարչի ժառանգությունը։ Համարվում է, որ Դալին երեխաներ չի ունեցել։
Տիկին Մարտինեսը վստահեցնում է, որ իր մայրը և հորական տատը պատմել են, որ իր հայրը Դալին է։ Նա El Mundo թերթին բառ առ բառ ներկայացրել է տատու խոսքերը. «Ես քեզ շատ եմ սիրում, բայց ես գիտեմ, որ դու իմ որդու երեխան չես, ավելին, ես նույնիսկ գիտեմ, թե ով է քո հայրը`դա Սալվադոր Դալին է»։
Տիկին Մարտինեսը գործում է հակառակ պետության շահի, որին Դալին կտակել է իր ունեցվածքը։ Եթե հայրությունը հաստատվի, ապա նա կարող է հավակնել Դալիի ազգանվանը և ժառանգության մի մասին։
Դալիի սիրավեպն ինքնին շատերին է զարմացրել ոչ այնքան այն պատճառով, որ Դալին 1955 թ–ին ամուսնացել էր, որքան նրա բարդ սեռական նախապատվությունների պատճառով։ Շատերի համար հենց դրանով է բացատրվում նրանից կնոջ հղիանալու անհնարինությունը։
Դալիի կենսագիր Յան Գիբսոնի խոսքով, ինքը` գաղափարը, որ նկարիչը երբևէ մերձեցում է ունեցել կնոջ հետ, «բացարձակապես անհնարին է», չնայած 50 տարվա ամուսնական կյանք է ունեցել Գալա անունով հայտնի ռուս կնոջ` Ելենա Իվանովնա–Դիակոնովայի հետ։
«Դալին միշտ հպարտանում էր, որ իմպոտենտ է և, որ անհրաժեշտ է իմպոտենտ լինել` հանճարեղ նկարիչ լինելու համար»,– պատմել է կենսագիրը։-0-