ԵՐԵՎԱՆ, մայիսի 18, /Նովոստի-Արմենիա/. Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ, ամերիկացի հայտնի ալտ և հարդ–ռոքի աստղ Քրիս Քորնելը:
Ինչպես հաղորդում է
Telegraph-ը, երգչի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հաղորդել է, որ Քորնելի մահն անսպասելի էր, նրա կինն ու ընտանիքը շոկի մեջ են:
Մահվան պատճառը չի հաղորդվում:
Ավելի վաղ Քորնելն Twitter-ի իր էջում հաղորդել էր, որ սաունդտրեկից ստացած ողջ հասույթը կուղղվի Փրկության միջազգային կոմիտե, որը հումանիտար ճգնաժամերից տուժած մարդկանց օգնում է ողջ մնալ և վերականգնվել:
Քրիս Քորնելն ամերիկացի ամենահաջողակ երաժիշտներից մեկն է, ով հանդես է եկել որպես կիթառահար, կոմպոզիտոր և երգիչ: Նա նաևհայտնի «Soundgarden» խմբի մեներգիչն է, բազմաթիվ ալբոմների հեղինակ, որոնցից մի քանիսը դարձել են պլատինե:
«Խոստումը» ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2017 թ-ի ապրիլի 21-ին:
Ֆիլմի ռեժիսորն է Թերրի Ջորջը («Օսկարի» է առաջադրվել ««Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի համար), սցենարիստը` Ռոբին Սվայկորդը: Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Ժան Ռենոն, Օսկար Այզեկը, Շարլոտ լե Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Դանիել Կաչոն, Շոհրե Ագդաշլուն, Անժելա Սարաֆյանը, Մարվին Քենզարին:
Ֆիլմի հիմքում Մայքլ անունով բժիշկ-ուսանողի, գեղեցկուհի Աննայի և Փարիզից ժամանած ամերիկացի լրագրողի միջև սիրային եռանկյունին է: Հայոց ցեղասպանության թեման շոշափող պատմական դրամայի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Հոլիվուդյան «Խոստումը» պատմական ֆիլմի ֆինանսավորումը ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծն է: Նա մահացել է 2015-ի հունիսի 16-ին Լոս Անջելեսում: -0-