ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
Նախաձեռնողները Yes California շարժման անդամներն են։
Ինչպես հաղորդում է
lenta.ru–ն, հղում անելով The Los Angeles Times–ին, ակտիվիստները խնդրել են քննարկել «Calexit. 2019 թ.–ի հանրաքվե` Կալիֆոռնիայի անկախության մասին» անվանումով փաստաթուղթը։
Հայտը ձևակերպելուց հետո նրանք կարող են սկսել ստորագրահավաքը։ Նրանց խոսքերով, նրանք արդեն ունեն 13 հազար կամավորներ ստորագրահավաքը կազմակերպելու համար։
Շարժման փոխնախագահ և համահիմնադիր Մարկուս Ռուիս Էվանսը պարզաբանել է, որ հանրաքվեի անցկացման հարցի մասին նախատեսվում էր բարձրաձայնել հաջորդ տարվա սկզբին, սակայն ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ստիպել է ակտիվիստներին արագացնել իրենց գործողությունները։
«Այս ամենն իրական է։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս ամենին», – ավելացրել է Էվանսը։
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները հույս ունեն, որ հանրաքվեն հնարավոր կլինի կազմակերպել 2019 թ.–ի մարտի 13–ին։ Նահանգի բնակիչներին առաջարկել են պատասխանել «Կարծու՞մ են նրանք, արդյոք, որ Կալիֆոռնիան պետք է դառնա ազատ, ինքնավար և անկախ պետություն» հարցին։
Ակտիվիստների որոշմամբ, հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչվեն, եթե քվեարկությանը մասնակցի նահանգի բնակիչների ավելի քան 50 տոկոսը և ավելի քան 55 տոկոսը դրական պատասխան տա։
Նոյեմբերի 9–ին Կալիֆոռնիայի բնակիչները արշավ են սկսել ԱՄՆ–ի կազմից նահանգի դուրս գալու մասին։ Twitter–ում սկսել է արագորեն տարածվել #Calexit (California exit) հեշթեգը։ Կալիֆոռնիայի բնակիչները կողմ են սեփական պետությունը ստեղծելու հարցում։
Կալիֆոռնիան ԱՄՆ–ի ամենաբնակեցված նահանգն է (շուրջ 40 մլն մարդ)։ Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին։ Կալիֆոռնիան ՀՆԱ–ի ծավալով զբաղեցնում է առաջին տեղը ԱՄՆ–ի բոլոր նահանգների թվում։–0–