ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի երեկոյան պիկ ժամին միաշարժիչ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի Մուրփարք քաղաքի մայրուղիներից մեկի վրա, հաղորդում է KTLA5-ը։
Դաշնային ավիացիոն վարչության խոսնակ Յան Գրեգորի խոսքով` տեղի ունեցածը «հարկադիր վայրէջք էր»։
«Շարժիչի հետ կապված խնդիր առաջացավ, և մենք ստիպված էինք վայրէջք կատարել», – նշել է հայազգի օդաչու Սևակ Սարգսյանը, ով աշխատում է որպես հրահանգիչ։
Ինքնաթիռում եղել է նաև ուսանող–օդաչու։
Սարգսյանի խոսքով` հիմնական խնդիրը ներքևում գտնվողների անվտանգությունն էր։
«Ես վայրէջքի համար հարմար վայր էի փնտրում», – նշել է Սարգսյանը։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, տուժածներ և վիրավորներ չկան։–0–