ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները, հաղորդում է
«Mirror» պարբերականը:
Պարբերականի հաղորդմամբ, արդեն իսկ 1 միլիոնից ավել մարդ է բաժանորդագրված վիրաբույժի ալիքին: Վերջինս վիրահատության ժամանակ քայլ առ քայլ ներկայացնում է, թե ինչ է անում և ինչպես` միաժամանակ տեղեկացնելով և կրթելով իր պոտենցիալ հաճախորդներին:
Պարբերականը նշում է, որ բժիշկը այն եզակի վիրաբույժներից է, ով օգտագործում է նոր թվային մեդիան նման ձևով: Հարկ է նշել, որ ոչ բոլոր հիվանդներն են ցանկանում, որ իրենց նկարահանեն, սակայն մեծ մասը հաճույքով համաձայնվում է:
Պարբերականին տված հարցազրույցում Շուլմանը նշել է, որ նկարահանման գործընթացը նրան չի շեղում. նա հաճույք է ստանում կրթելու գործընթացից և պլաստիկ վիրահատությունը իրական կողմից ցույց տալուց, իսկ Snapchat-ի միջոցով հնարավորություն է ստեղծվում նաև հեռարձակումն իրականացնել առանց ցենզուրայի և տեխնիկական շտկումների: -0-